×


«Կտոր մը երկինք»-ում կարող էի Անժելային մարմնավորել, բայց ամուսնուս խանդը խանգարեց. Անահիտ Քոչարյան

Դերասանուհի Անահիտ Քոչարյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում անկեղծ խոսել է թատրոնում հայտնվելու երջանիկ պատահականության, հրաշքով ողջ մնալու, «Ուրախ ավտոբուս»-ում մարմնավորած կերպարի, ընտանիքի եւ դուստրերից հեռու լինելու, կորուստների եւ կյանքը գնահատելու, տարիքի հետ հաշտ ապրելու մասին։

«Չկարողացա այլեւս ազատվել այդ կախարդանքից»

Շատ ամաչկոտ եմ եղել, բայց միշտ ձգտել եմ թատրոնում լինել։ Ծնողներս հաճախ ինձ իրենց հետ տանում էին խնջույքների, որ արտասանեի (ժպտում է,- հեղ․)։ Մի անգամ դասարանով գնացել էինք «Գիքոր» ներկայացումը նայելու, շատ հուզվեցի. հեկեկոցով լացում էի վերջում։ Ուսմասվարը ձեռքիցս բռնեց ու տարավ կուլիսներ, որպեսզի տեսնեմ՝ Գիքորը չի մահացել։ Եվ այդ կախարդական աշխարհը, որ ես ընկա, մի աներեւակայելի բան էր ինձ համար։ Միանգամից գրավեց ինձ, եւ ես չկարողացա այլեւս ազատվել այդ կախարդանքից։ 1973 թ.-ից մինչեւ այսօր ես Գյումրիի դրամատիկական թատրոնում եմ։ Դե, պատահականությունն էլ ճակատագրի օղակներից մեկն է՝ կարծում եմ։

Շատ առիթներ եղան, որ կարող էի նկարահանվել ֆիլմերում, օրինակ՝ «Կտոր մը երկինք»-ում կարող էի Անժելայի դերը մարմնավորել, բայց ամուսնուս խանդը խանգարեց, եւ բավական մեծ ընդմիջում եղավ:

«Մեր կյանքը բեկվեց»

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավար Խորեն Աբրահամյանը ժողով էր հրավիրել։ Երկրաշարժի պահին, սակայն, այդ ցնցումը, որ զգացինք, այդ աղմուկը, որ կար թատրոնում... Բոլորի մտքին իրենց երեխաներն էին... Այդ պահին քեզ մոռանում ես, հարազատներիդ ես հիշում։ Երբ դուրս եկա շենքից, տեսա՝ ամուսինս վազում է. մեր տունը մոտ է թատրոնին: Մղձավանջի մեջ էինք, ես չկարողացա վազել. ծնկներս ծալվում էին։ Թատրոնի շենքն անվնաս մնաց, նույնիսկ այն աստիճանի, որ հետո, երբ արդեն եկել էին ստուգելու՝ ինչքանով է վնասվել, կեսկատակ հարցնում էին՝ «Երկրաշարժից հետո՞ է կառուցվել»։ Նրանք, ովքեր չէին եկել այդ ժողովին՝ մեր երկու դերասանուհիները, մեր դաշնակահարուհին, մեր գրական մասի վարիչը, իրենց շենքերում մնացին փլատակների տակ... Եվ մեր կյանքը բեկվեց՝ երկրաշարժից առաջ ու երկրաշարժից հետո:

«Ուրախ ավտոբուսը»

Կերպարս ինձ արդեն ծանոթ էր, շատ հոգեհարազատ, որովհետեւ մենք մեր ցավի մասին էինք խոսում, մեր տեսածի ու զգացածի։ Իմ հարեւանուհուն պիտի հիշեմ, որից շատ բան «գողացա» ընկեր Սաթենիկի կերպարի համար։ Նա երկու երեխային կորցրեց, մորը, հղի քրոջը, եւ ինքն էլ ծանր հիվանդություն տարավ այդ ընթացքում։ Բայց ինձ ամեն անգամ ապշեցնում էր նրա ոգու ամրությունը։ Այդքան ուժեղ մարդու երբեւէ չեմ հանդիպել։ Երբեք անցյալով չխոսեց իր երեխաների մասին ու չչարացավ։ Մեկ տարի անց նրանց աշխատավայրում ժողով արեցին՝ որոշելու տոնածառ դնել թե ոչ, շատերն ասացին՝ «Ի՞նչ տոնածառ, այսքան զոհեր ունեցանք», իսկ հարեւանուհիս կանգնեց ու ասաց՝ «Տոնածառ պետք է դնել։ Այն երեխաները, որ այսօր ապրում են, ինչո՞վ են մեղավոր, որ չպիտի տոնածառ տեսնեն, Ձմեռ պապիկից նվեր չպիտի ստանան»։ Անժելան՝ հարեւանուհիս, ինձ անընդհատ նյութ էր տալիս այդ կերպարի համար, սնում էր իր պատմություններով։

Ֆիլմը ցուցադրվեց Ֆրանսիայում, եւ հանդիսատեսը ոչ թե ֆրանսահայերն էին, այլ հենց ֆրանսիացիները։ Մեծ հաջողություն ունեցավ: Իսկ խորհուրդը հասկանալի է՝ այն, ինչ բաժանեց մարդկանց, հենց դա էլ պիտի միացնի, կյանքը պիտի շարունակվի, նոր ընտանիքներ պիտի ստեղծվեն, նոր երեխաներ ծնվեն։

«20 տարի է՝ ապրում եմ մամայիս հետ»

Երկու դուստր ունեմ եւ մեկ որդի։ Մեծ թոռս արդեն 26 տարեկան է։ Գլխավոր կորուստս, երեւի, այն է, որ չկարողացա ընտանիքս պահել... Ինձ համար ամենամեծ երջանկությունն է, երբ մարդիկ միասին են ծերանում, բայց հիմա մեղավորներ չփնտրենք։ Արդեն 20 տարի է՝ ապրում եմ մամայիս հետ։ Այնպես ստացվեց, որ աղջիկներս ամուսնացան երկու եղբոր հետ՝ Նյու Յորքում ծնված, մեծացած հայ ընտանիքից։ Շա՜տ մաքուր, լավ հայեր են, այդքանով հանգիստ եմ, որ սիրելի մարդկանց հետ են ապրում։ Հայաստան վերադառնալու ձգտումը շատ մեծ է նույնիսկ փեսաներիս կողմից։ Հստակ որոշում չկա, բայց շատ են ուզում այստեղ ապրել։ Վիրտուալ թոռնիկներ  ունեմ՝ այսպես կարող եմ ասել, որովհետեւ մեր շփումն անմիջական չէ, տարին մի անգամ կարող է հանդիպենք լավագույն դեպքում։ Շատ տխուր է, իհարկե, որովհետեւ զրկվում ես ամեն վայրկյան իրենց վայելելու հաճույքից։

Տղաս չի ամուսնացել դեռ, ահա իմ ցավը դա է (ժպտում է,- հեղ): Ավարտել է կինոռեժիսուրայի բաժինը, նվագում է «Բամբիռ» խմբում (բաս կիթառահար Արման Քոչարյանը,- հեղ․)։

«Ինձ երջանիկ ծնող եմ համարում»

Մայրս 95 տարեկան է։ Իհարկե, մի քիչ դժվար է համատեղել մամայի խնամքն ու իմ աշխատանքը, բայց փորձում եմ ավելի շատ մամայի կողքին լինել, բոլոր բացերը լրացնել։ Հրաշալի է, երբ մանկության հետ կապող մարդ ունես, եւ դու դեռ երեխա ես։ Իմ այս տարիքում դեռ մամային պիտի հարցնեմ՝ ինչ կամ ինչպես անել, մաման պիտի ինչ-որ բան թողնի կամ չթողնի (ժպտում է,- հեղ․)։ Ցանկանում եմ, որ բոլոր ծնողները երկար ապրեն, սիրված լինեն, որ անուշադրության չմատնվեն իրենց զավակների կողմից, որովհետեւ շատ խոցելի են։ Ինձ երջանիկ ծնող եմ համարում, որովհետեւ լավ զավակներ ունեմ եւ նրանց կողմից սիրո, ուշադրության պակաս չեմ ունեցել։

«Անցյալի ոչ մի բանի համար չպետք է զղջալ»

Ժամանակի հետ շատ հաշտ եմ։ Գիտեմ, որ երկար ապրելու միակ գրավականը ծերանալն է։ Ուրիշ կերպ հնարավոր չէ երկար ապրել։ Հիմա կարծում եմ, որ անցյալի ոչ մի բանի համար չպետք է զղջալ։ Պետք է ուղղակի գնահատել ու հետեւություններ անել։ Նաեւ ուզում եմ, որ մարդիկ իրար շատ սիրեն։ Սիրո մեջ աստվածային նշույլ կա, Աստված ինքը սեր է։ Եվ եթե սերն ու բարությունը շատ լինեն մեր մեջ, կյանքն իսկական դրախտ կդառնա։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW