Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իրականացվել է յուրօրինակ համերգ, ուր բոլոր երգերը նվիրված էին Աստվածամորը։ «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն հարգանքի տուրք էր մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին։ Համերգի այսպիսի ձեւաչափը երեւակայել եւ կյանքի էր կոչել օպերային երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոն։
Աղետալի երկրաշարժը զրկեց Ադամին ծնողներից, սակայն ի զորու չէր դիպել իր տաղանդին եւ անկոտրում բնավորությանը, ինչի շնորհիվ նա դարձավ Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողն եւ վոկալիստների հանրապետական «Բելկանտո» մրցույթում գրավեց առաջի տեղը։ Հանձնաժողովի նախագահն ինքը` Գոհար Գասպարյանն էր, որը ձեռնամուխ եղավ տաղանդաշատ երիտասարդին Փարիզ ուղարկելու՝ հետագա ուսման համար։
«Մենք Ձեր հիշատակը միշտ պետք է վառ պահենք», խոստացավ Ադամն իր նամակում այն ժամանակ Գոհար Գասպարյանին։ Ու կատարեց խոստումն՝ այս անգամ «Հայաստանի սոխակին» ձոնելով «Ave Maria» իր երգաշարը։
«Ավե Մարիա»-ն գրել են շատերը՝ թե՛ 32-ամյա Մոցարտը, թե՛ 45-ամյա Սեն-Սանսը, թե՛ 76-ամյա Վերդին ու 77-ամյա Ազնավուրը՝ Վերդիից 106 տարի անց։ Եվ երեւանյան համերգին հնչեցին «Ավե Մարիա»-ները, որ հեղինակել են Բախը, Գաետանո Դոնիցետտին, Սեզար Ֆրանկը, Բիզեն, Լեոնկովալլոն, Շուբերտը եւ ուրիշներ։
Համերգը վարել է Կոնսերվատորիայի դասախոս Օլգա Նուրիջանյանը՝ Գոհար Գասպարյանի կյանքից հետաքրքիր դրվագներ պատմելով։ Ելույթ են ունեցել սոպրանոներ Ալինա Փահլեւանյանը, Իրինա Զաքյանը, Ռոզա Հովսեփյանը, մեցցո-սոպրանոներ Քրիստինե Սահակյանն ու Գրետա Բագիյանը, բարիտոն Ալեքսանդր Թամազովը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը: Բոլորին նվագակցել է Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ, Օպերային թատրոնի կոնցերտմայստեր Զարուհի Թոփչյանը:
Իսկ Շարլ Ազնավուրի «Ave Maria»-ն հրաշալի հնչեց «Ադամ Բարրո եւ ընկերներ» նորաստեղծ խմբի կատարմամբ:
Լիա Ավետիսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: