×


«Բոլորս մի քիչ կախարդ ենք, մի քիչ էլ՝ քիմիկոս». Արա Երնջակյանը գիրք է թողարկել

Այսօրվանից ընթերցողի սեղանին նոր գիրք կարող է հայտնվել՝ ռեժիսոր, դրամատուրգ, Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի «Հեքիաթ ալքիմիկոսի մասին» հոռետեսական կատակերգությունը:

BRAVO.am-հետ զրույցում հեղինակն ասում է․ «Ինչքան ապրում եմ, միշտ ինչ-որ մի  ցնդաբանություն սիրում եմ անել։ Մտածեցի փորձել»։


Մոտ 40 տարի առաջ Արա Երնջակյանը պիեսի ձեւաչափով գրեց «Ալքիմիկոսը», բայց ինչ-որ պահից այն որպես պիես դադարեց գոյություն ունենալ ու վերածվեց գրքի: Պիեսը գրվել է ռուսերեն։ 2006 թ.-ին դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այն թարգմանել ու տպագրել է «Դրամատուրգիա» ամսագրում։

Խոդիկյանը խոստովանում է՝ կյանքում առաջին անգամ «աներեսություն» է արել. «Նախորդ գրքի շնորհանդեսն էր, երբ Երնջակյանն ասաց, որ Մոսկվայում պատրաստվում է լույս տեսնել «Ալքիմիկոս» գիրքը։ Մոտեցա նրան ու հարցրի՝ «Դեմ չե՞ք լինի, եթե ես թարգմանեմ»։ Դուք պետք է տեսնեիք այդ զարմացած հայացքը, որի համար արժեր թարգմանել»։  


«Ալքիմիկոս»-ն արդեն թարգմանված է, բայց գրքի անվանումը մի փոքր ձեւափոխվել է ու դարձել «Հեքիաթ ալքիմիկոսի մասին»։ Կարինե Խոդիկյանին դուր է գալիս մարդու այն տեսակը, որն արտացոլված է գրքում. «Այնքան տիպիկ է նկարագրել մեր մտածող հասարակության որոշակի շերտերին, որոնք շատ հարցերում ընդունակ են, բայց շատ քիչ բան են կարողանում անել»։

Արա Երնջակյանի դուստրը՝ ռեժիսոր Լուսինե Երջնակյանը, անկեղծանում է՝ թատրոնի անձնակազմը խանդում է, երբ հայրը ժամանակն ավելի շատ տրամադրում է գրականությանը, այլ ոչ՝ թատրոնին։ Սակայն գրականագետ Լիլիթ Արզումանյանը շտապում է ասել, որ Արա Երնջակյանը չի հավակնում գրողի կոչմանը, իսկ այս գրքի լույսընծայումը համարում է ստեղծագործ անհատի հերթական պոռթկում։


«Գիրքը հետաքրքիր է իր անհատական բանաձեւումներով։ Գրքում բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան մեր գոյության մասին, մեզ շրջապատող պայմանականությունների։ Բոլորովին զարմանալի չէ, որ հաճախ հարցերն ուղղվում են բարձրյալին»,- ասում է գրականագետը, որի համար էր էլ պարզ չէ, ի վերջո, ո՞վ է ալքիմիկոսը՝ գիտնական, միայնակ հոգի, թե իր ճանապարհին ինչ-որ բան փնտրող, ինչ-որ բան գտած մեկը։


Գրքի հեղինակն ասում է՝ բոլորս ալքիմիկոս ենք։ «Այս իրականության մեջ չլինել ալքիմիկոս՝ պարզապես հնարավոր չէ ապրել։ Իսկ այս իրականության մեջ ապրելը շատ դժվար է։ Դրա համար բոլորս մի քիչ կախարդ ենք, մի քիչ շառլատան, մի քիչ քիմիկոս, մի քիչ էլ ազնիվ ու սիրառատ մարդիկ ենք»,- նշել է Արա Երնջակյանը։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW