Այսօր Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարուսույց, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան 15-րդ տարելիցն է։
Պարի լեգենդի բեղուն կարիերան սկիզբ է դրվել դեռ 1940-ականներին՝ անմիջապես Երեւանի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո։ Առաջին գլխավոր դերը եղել է «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ, ապա հաջորդել են բազմաթիվ նոր դերեր ու ելույթներ։
Հենց Խանամիրյանը դարձավ հայկական բեմի առաջին Սպարտակը, երբ 1961 թվականին բալետը բեմադրվեց Հայաստանում։
Երեւանում Խանամիրյանի ելույթին ներկա լինելուց հետո Արամ Խաչատրյանը խոստովանեց. «Իմ բալետը ստեղծելիս հենց այսպիսին էի պատկերացնում Սպարտակին։ Ցնցված էի Վանուշի էներգետիկայով: Նա բեմում ոչ թե պարզապես պարում էր, այլ ապրում ու կռվում»:
Սպարտակի դերը գերմարդկային ուժ ու տոկունություն էր պահանջում: Խանամիրյանն իր հուշերում պատմել է, որ ներկայացումից հետո այնքան էր հյուծվում, որ մի քանի կիլոգրամ քաշ էր կորցնում. «Չնայած դրան՝ Խաչատրյանի հզոր երաժշտությունն ինձ ուժ էր տալիս»։
Երբ 1953 թվականին Երվանդ Քոչարն աշխատում էր Սասունցի Դավթի արձանի վրա, Օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրվում էր «Խանդութ» բալետը։ Ներկայացման մեջ Սասունցի Դավթի դերը փայլուն կերպով մարմնավորում էր երիտասարդ Վանուշ Խանամիրյանը։ Տեսնելով նրա կրքոտ խաղը, հզոր կերպարն ու դիմագծերը՝ Քոչարը որոշեց էպոսի հերոսի դեմքը կերտել հենց Վանուշ Խանամիրյանի պատկերով։
Հետագայում Խանամիրյանը, ով պարողներից առաջինն էր ժողովրդական արտիստի կոչում ստացել, Թաթուլ Ալթունյանի հրավերով աշխատանքի անցավ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում, իսկ 1968 թվականին ստանձնեց կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր բալետմեյստերի պաշտոնը:
Ասում են, որ այդ ժամանակ Արամ Խաչատրյանն անձամբ է ոգեշնչել Խանամիրյանին՝ բալետում կուտակած փորձն ի նպաստ հայկական ժողովրդական պարի կիրառելու։ Այդ տարիներին Խանամիրյանը բեմադրեց Խաչատրյանի հանճարեղ ստեղծագործությունների պարային տարբերակները՝ հայկական ժողովրդական պարի արտահայտչական հնարավորությունները միավորելով դասական բալետի բեմական լեզվի հետ։
Դասական բալետից անցումը հայկական պարարվեստին Խանամիրյանին հեշտորեն տրվեց, քանի որ նա խորապես ուսումնասիրում եւ ծանոթանում էր դրա առանձնահատկություններին։ Դրանում նրան օգնում էր Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը եւ թատերական ներկայացումները» ուսումնասիրությունների գիրքը: Իր աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ նա հայկական պարարվեստը կատարելագործեց ու նոր բարձրության հասցրեց, իսկ «Բերդ» ու «Սարդարապատ» պարերը նրա շնորհիվ ներկայացան բոլորովին այլ շնչով։
«Ցանկացած պար բեմադրելիս պետք է հիմնվել արմատների եւ ժողովրդական ակունքների վրա, սակայն դրան զուգահեռ հարկավոր են նաեւ ժամանակակից տարրեր ու լուծումներ։ Ժողովրդականությունը արտահայտելու համար պարտադիր չէ անպայմանորեն տարազներ հագնել»,- նշում էր նա։
Խանամիրյանը երկար տարիներ բալետում ելույթ ունենալուց հետո ժողովրդական պար բերեց մարմնի, տարածության, կոմպոզիցիայի եւ բեմական արտահայտչականության բարձր մշակույթ, բայց փորձեց չկորցնել հայկական շարժման բնույթը։
Նա ողջ կյանքում սիրեց իր աշխատանքը, պարեց երիտասարդական ավյունով եւ իրեն հատուկ ժպիտով։ Հարուստ ստեղծագործական կյանքի ու ձեռքբերումների մասին Խանամիրյանը պատմել է տարբեր հարցազրույցների ժամանակ։
«Ինքս էլ մինչեւ հիմա հաստատ չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ «Սասունցի Դավիթ» ու «Սպարտակ» պարեցի։ Բոլորը զարմանում էին, բայց ավելի շատ ես էի զարմանում, թե ինչպես եմ կարողանում: Ախր, շատ ցածրահասակ էի:
Երկար ճանապարհ եմ անցել, ու այդքան տարիների ընթացքում թիկունքիս այդպես էլ ոչ ոք չունեցա: Ամեն ինչ ինքնուրույն արեցի: Ու դրանով այսօր հպարտանում եմ եւ հենց դա էլ համարում իմ հաջողության գաղտնիքը:
Երբեք ոչ մեկին չեմ խանգարել ու չեմ էլ ցանկացել խանգարել: Երբեք չեմ էլ ասել, թե ես ամենալավն եմ: Ամենեւին էլ ամենալավը չեմ: Ինչի հասել եմ, եղել է ինձ ատողների շնորհիվ:
Ինձ ատողներից շատերն այն մարդիկ են, որոնց համար ես ճանապարհ եմ հարթել: Բոլորն էլ երիտասարդ են: Այդ մարդկանց երբեք չեմ հասկացել, ինչպես նաեւ չեմ հասկացել այն մարդուն, որը կարողանում է դիմացինին ատել: Ուրախանալու փոխարեն նախանձում են: Հաջողության հասնելու ճանապարհին հաճախ ամեն ինչ ի հեճուկս նրանց եմ արել։ Ինձ ատողները հիմա էլ շատ են: Միշտ զարմանում եմ՝ այս հասակիս ինչո՞ւ են ինձ ատում:
Հայկական ժողովրդական պարն ամենահինն է մեր տարածաշրջանում, եւ նրանից են սկիզբ առել կովկասյան մյուս ժողովուրդների պարերը: Այս լեռնաշխարհում մենք ամենահին ժողովուրդն ենք ու ամենահին մշակութային ազգը: Տես, թատրոնը, երաժշտությունը, գրականությունն առաջինը մենք ենք ստեղծել: Պարն էլ ենք մենք ստեղծել ու մշակել մեր ձեւերը: Հետո մեզնից վերցրել են, հարմարեցրել իրենց բնավորությանը եւ տեսակներին: Ուրախանում եմ, որ շատերին ենք սնել ու հարստացրել:
Մենք էլ որոշ բաներ ուրիշներից ենք վերցրել եւ դարձրել մերը: Դա գողություն չէ, փոխազդեցություն է, որովհետեւ աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ համարյա միանման են արտահայտում իրենց ուրախություններն ու տխրությունները, իսկ պարն առաջին հերթին այդ ամենի արտահայտությունն է:
Սկզբում ինչ-որ հովերով էի տարվել եւ ցանկանում էի հիմնականում բեմադրել այնպիսի պարեր, որոնք մոտ կլինեին բալետին եւ բեմադրական պարերին: Բայց հետո հասկացա, որ պիտի վերադառնամ դեպի իսկական ազգայինը: Մի քանի բեմադրությունից բացի, մյուս բոլոր պարերում օգտագործեցի մեր ֆոլկլորը, մեր ավանդական պարերի ձեւերը եւ կամաց-կամաց գնացի դեպի ակունքները:
Ժամերով զրուցում էի մեր տարբեր շրջանների ծեր մարդկանց հետ, նրանց մեկ-մեկ ստիպում էի ինձ պարային շարժումներ ցույց տալ ու նրանցից սովորում էի:
Այս մասին առաջին անգամ եմ պատմում: Ոչ ոք չգիտեր, թե ուր էի գնում եւ ինչու էի հայտնվում մեր ամենահեռավոր շրջաններում: 27 տարի պարել էի բալետում, ու հայկական պարը մի քիչ օտար էր ինձ, բայց անսամբլը ղեկավարելու տարիներին հասկացա, որ մեզ համար առաջնայինն ազգային պարը պիտի լինի:
Բալետն աստվածային արվեստ է, բայց բալետում ազգային բնավորություն գրեթե չկա, իսկ ազգային պարը մեր բնավորությունն ու պատմությունն է: Աշխարհը կարող ենք գրավել մեր հայկական պարով ու տարազներով, եթե ամենաճշգրիտ ձեւով ու ճիշտ երաժշտության ներքո պարենք։
Իմ առավելությունն այն էր, որ լավ գիտեի մեր պարի պատմությունն ու համարյա անգիր գիտեի Սրբուհի Լիսիցյանի գրած գիրքը, հետո էլ սկսեցի սովորել մեր պարզ ու հասարակ մարդկանցից: Պարի առումով մենք աշխարհի ամենահարուստ ազգերից մեկն ենք, որովհետեւ մեր ամեն մի գավառ իր պարերն ու պարի մասին իր պատկերացումներն է ունեցել:
Ջահել տարիներիս Առնո Բաբաջանյանի ու կինոռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի հետ մի քանի անգամ «Կինոմոսկվա»-ի պատուհանից ներս ենք մտել, նստարանների հետեւում առանց տոմս կուչ եկել ու Չապլինի ֆիլմերը նայել։ Նյու Յորքում էլ առանց տոմս «Մետրոպոլիտեն» օպերան եմ մտել։
Իմ բոլոր ընկերները գնացին, ու դա իմ ամենամեծ կորուստն է: Բոլորն էլ հսկաներ էին՝ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը։ Երբ քայլում էինք Երեւանով, ամեն ինչ միանգամից մաքուր էր սկսում թվալ: Նրանց հետ կարծես ուրիշ քաղաքում էինք հայտնվում: Նրանք գնացին, իսկ ես մենակ մնացի։
1937-ին հայրիկիս գնդակահարեցին, ու չհասցրի նրա համար որեւէ բարի գործ անել, ափսոս... Հետո մայրիկս էլ գնաց, բայց բոլոր կորուստներիցս հետո կնոջս գտա:
Նոյեմբերին կդառնամ 84 տարեկան, բայց չեմ զգում, որ ծերացել եմ: Հոգիս ջահել է, ու նոր 30 տարեկան եմ դառնում: Տարիքս անցնում է, ու հենց դա էլ ինձ մեծացնում է: Բայց ներքուստ ես հին Վանուշն եմ, որ պարում էր կրակոտ Սպարտակի պարը: Ինչքան պարում եմ, այնքան ինձ ավելի ջահել եմ զգում: Չեմ պատկերացնում, որ մի օր էներգիաս կվերջանա, կամ կզգամ՝ արդեն ծերացել եմ: Այդպիսի բան լինել չի կարող, ուղղակի չի կարող…»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Հարցազրույցներից մեջբերումները՝ Արմենպրեսի, «Հայերն այսօր»-ի, Նյու Մեգի


×
154





