×


Արուսիկ Գրիգորյան. «Հրաժարվել եմ ներքին անհանգստություններից եւ որոշ մարդկանցից»

BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական եւ «Բեմել» թատրոնների, կինոյի դերասանուհի Արուսիկ Գրիգորյանի հետ: Նա հետաքրքիր տեղեկություններ է հայտնել իր մասին:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Բացարձակ չեմ դիտում սերիալներ, նույնիսկ՝ լավագույնները, եւ նախընտրում եմ ժամանակս ծախսել նոր ֆիլմերի պատմությունները բացահայտելու վրա: Կյանքում այնքան եմ ժպտում, որ քույրս ասում է՝ նույնիսկ քնած ժամանակ ժպիտը դեմքիցս չի անհետանում: Անգամ լացելիս եմ ժպտում: Եվ երրորդն ինձ տիպիկ է բնութագրում՝ անգամ ամենածայրահեղ ու լուրջ իրավիճակներում գտնում եմ մի բան, որն ինձ ծիծաղելի է թվում, ու մտովի այդ երեւույթի հետ կապված հումոր եմ անում (ծիծաղում է,-հեղ): Ինչ-որ մի բան ինձ միշտ կարող է ծիծաղելի թվալ:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Քանի որ մեծ տպավորություններով եմ վերադարձել Իտալիայից, կառանձնացնեմ Կարավաջոյի նկարները: Մյուսն Ինգմար Բերգմանի ֆիլմերն ու նրա էսթետիկան են: Եվ ամենասիրելի երաժշտությունը Բախի «Կրքեր ըստ Մաթեոսի» ստեղծագործությունն է:

Արուսիկ Գրիգորյանը


- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Ինձ ճանաչողները գիտեն, որ անկախ հագուստի տեսակից՝ միշտ փորձում եմ կանացիություն պահպանել: Նախընտրում եմ պարզություն, բայց պարտադիր ընդգծված որեւէ առանձնահատուկ դետալ է լինում:

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Ոչինչ չեմ բացառի, բայց միանշանակ երբեք չեմ կրի գռեհկություն պարունակող հագուստ:

- Ձեզ բնութագրող ամենաճիշտ գույնը:

- Քանի որ ծայրահեղական եմ՝ սեւ ու սպիտակ (ծիծաղում է,-հեղ):

- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

- Հիմա էլ ասում եմ ու ծիծաղս գալիս է, բայց իմ անկողինն է ամենալավ տեղը (ծիծաղում ենք,-հեղ):

Արուսիկ Գրիգորյանը


- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Կա անմիջական շփում հանդիսատեսի հետ եւ տեղի է ունենում էներգիաների փոխանակում: Թատրոնն այն վայրն է, որտեղ մոռանում եմ բոլոր խնդիրներն ու ամեն ինչի մասին: Եվ այնտեղ խառնվում են իմ բոլոր հույզերը, բայց նաեւ զուգահեռաբար հանդարտվում եմ:

- Դրամատիկական թատրոնում խաղալու 3 առանձնահատկություն:

- Առաջինն անձնակազմն է, ապա խաղացանկն ու դրամատիկական թատրոնին բնորոշ էսթետիկան:

- Իսկ «Բեմել»-ո՞ւմ:

- Այլընտրանքային միջավայրը, բնության հետ միաձուլվելու հնարավորությունը եւ կրկին հրաշալի անձնակազմը:

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ։

- Փողոցի մեջտեղում էլ լինի, եթե պիեսն ընկել է, պետք է վրան նստել ու նոր վերցնել, ավանդույթ է (ծիծաղում ենք,-հեղ): Այս աշխարհում նման իրավիճակում միայն դերասանը կարող է հայտնվել, ինձ հետ էլ, մյուսների հետ էլ նման բան տեղի է ունեցել: Բոլորս էլ հավատում ենք այդ սին երեւույթին, որ եթե պիեսն ընկնի, որեւէ բան կարող է սխալ կերպով ընթանալ, այն կարող է չբեմադրվել կամ անհաջող ընթացք ունենալ: Որպեսզի այդ ամենից խուսափենք, պետք է նստենք, ու իսկապես կապ չունի, թե այդ պահին որտեղ ենք գտնվում ու ովքեր կան մեր շուրջը:


- Սեփական կերպարներից, որ յուրահատուկ կերպով են ազդել Ձեզ վրա:

- Ամենավերջին կերպարս եղել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում. մարմանվորել եմ ծանրորդի: Յուրաքանչյուր մասնագիտություն բնավորություն ունի եւ զուգորդված հետն արտահայտվում է: Զգացել եմ, որ այդ կերպարն ուժեղացրել է ինձ, թեեւ այդ ամենն իմ մեջ կար, բայց այն ավելի շատ ընդգծեց:

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Ամենադժվարն այն է, որ մարդու հետ գործ ունես, եւ շատ դժվար է նրան բացահայտել ու արդարացնել: Բայց ամենահաճելին այն է, որ դա քեզ հաջողվում է, ու արդյունքը լինում է գոնե մի քիչ գոհացնող: Սովորաբար, հանդիսատեսն ավելի շատ է գոհ մնում, քան՝ դու, որովհետեւ ինքնաքննադատությունը միշտ գործում է:  

- Ձեր 3 ամենասիրելի դերերը:

- «Ցանկապատ»-ում Լալան է, «Մեծ լռություն» ներկայացման մեջ՝ Արաքսին, ու առաջին ֆիլմիս կերպար Քրիստինեն, որն իրականում գոյություն ունի, եւ դա ինձ շատ է գերում: Իրական մարդու մարմնավորելը շատ տարբերվող է:  

Արուսիկ Գրիգորյանը


- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Կինոռեժիսորներ Ֆրեդերիկո Ֆելինին եւ Ինգմար Բերգմանը, թատրոնի ռեժիսորներից՝ Ռիմաս Տումինասը:

- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:

- Բրոդվեյը, որտեղ միշտ երազել եմ ներկայացում նայել, ու նաեւ Վախթանգովի թատրոնը, որտեղ արդեն եղել եմ: Մտադրություն ունեմ մի քանի այլ թատրոններում էլ լինել՝ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային թատրոններում: Պլաններից մեկն էլ «Մուլեն Ռուժ» գնալն ու այն իմ աչքով տեսնել է, դրա համար էլ դեռ դժվար է որեւէ թատրոն առանձնացնել:  

- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:

- Մտքովս Մերիլ Սթրիփն անցավ: Նրանից անպայման կհարցնեի, թե ինչպես է կարողանում լինել այդքան տարբեր ու միաժամանակ այդքան հավաստի, որովհետեւ ֆիլմերում դա անելը շատ բարդ է: Առհասարակ դժվար է ծայրահեղ տարբերվող կերպարներ մարմնավորել, իսկ նա այդ առումով իրոք ֆանտաստիկ է:

Արուսիկ Գրիգորյանը


- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Ընտանիքիս անդամները, ինձ թվում է՝ այս հարցին բոլորս նույն պատասխանն ունենք (ծիծաղում է,-հեղ):

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Կուզեի տիրապետել ձմեռային բոլոր սպորտաձեւերին՝ առանց բացառության (ծիծաղում է,-հեղ), եւ կարողանալ պարել բոլոր երկրների ազգային պարերը: Որոշներին արդեն տիրապետում եմ, հիմա էլ հաճախում եմ ֆլամենկոյի ու այն ուսումնասիրելու ուղղությամբ աշխատում: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին էլ անցել ենք շատ երկրների պարեր:

- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի վայրերը:

- Կա մի շատ սիրելի վայր, որը գտնվում է մեր տան մոտակայքում: Այնտեղ  առանձնանում եմ ու մտորում:

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Բարեբախտաբար, վատ սովորություններ չունեմ, բայց շատ հետաքրքրասեր եմ ու անհամբեր, եւ ցանկալի կլիներ ձերբազատվել բնավորությանս այդ գծերից: Կուզեի ավելի համբերատար դառնալ (ծիծաղում է,-հեղ) ու մի քիչ էներգիաս պակասեցնել: Սովորաբար, եթե մարդիկ ուզում են շատ էներգիա հավաքել, իմ դեպքում լրիվ հակառակն է. այնքան շատ է, որ փորձում եմ հանդարտեցնել ու կրճատել:

Արուսիկ Գրիգորյանը


- Ի՞նչ հարց կուզեիք մարդիկ դադարեն իրար տալ:

- Դադարեցնեն բոլոր տեսակի ինչուները, որովհետեւ ժամանակն այսպես թե այնպես տալիս է բոլորի պատասխանները: Պարտադիր չէ, որ անդադար իրար հարցնենք այդ մասին:

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Չեմ կարող որեւէ մեկին առանձնացնել, քանի որ բոլոր այն մարդիկ, ովքեր կան իմ շրջապատում, եւ որոնց հետ շփվում եմ, ինձ համար շատ հետաքրքիր են: Տարիքի հետ սկսել եմ շփվել միայն նրանց հետ, ովքեր ինձ հետաքրքիր են եւ ազատվել եմ մյուսների հետ առնչությունից:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Անհամեստ չլինի, բայց որ դրական եմ ու էներգիայով լի:

- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Հրաժարվել եմ ներքին անհանգստություններից եւ որոշ մարդկանցից:

Արուսիկ Գրիգորյանը


- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- Իմ չպլանավորած ճանապարհորդությունները, որոնք նաեւ միաժամանակ շատ հաճելի էին:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Միշտ ցանկացել եմ հայտնվել Ֆլորենցիայում ու այնտեղի փողոցներում պարել, եւ դա այս տարի իրականություն դարձավ (ծիծաղում է,-հեղ):


- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:

- Վերջին կադրն իմ ֆլամենկոյի դասի ընթացքում է արվել:

Արուսիկ Գրիգորյանը


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Ինձ միշտ պակասում է ժամանակը. երազում եմ, որ օրը լինի ոչ թե 24 ժամ, այլ, օրինակ՝ 100, միշտ քչություն է անում ու շատ բան չեմ հասցնում:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ամեն օրվա ու վայրկյանի համար եմ շնորհակալ, ու որ գոյություն ունեմ:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Վախեցել եմ թողնել ամեն ինչ ու մասնագիտական կրթությունս շարունակել արտասահմանում: Կյանքում երբեք ոչինչ չեմ բացառում. ամեն ինչ էլ դեռ հնարավոր է:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:

- Չվախենալ ոչնչից ու ոչինչ չբացառել կյանքում:

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Հուսամ՝ կասեմ, որ չդավաճանեցի սեփական սկզբունքները:

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Հասցրել եմ ճանապարհորդել եւ պլաններ ունեմ այս տարի նոր վայրերում լինել:  

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Գրիգորյանի անձնական արխիվից, «Բեմել»-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW