×


Վիեննական ամանորյա շքեղությունը՝ Երեւանի սրտում

Մայրաքաղաք Երեւանում տարեմուտի տոնական միջոցառումների պակաս չկար. բոլորը կարող էին ընտրել իրենց նախասիրությանը եւ ճաշակին համապատասխանող համերգ, բալետային, թատերական ներկայացում... Այս բազմազանության մեջ մեր ուշադրությունը գրավեց «Վիեննա-Գալա» խորագրով արտասովոր համերգը, որը կայացավ դեկտեմբերի 30-ին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, տուրք տալով հանդիսատեսի հիացական արձագանքներին, կկրկնի համերգը հունվարի 16-ին:

Այս համերգով ցանկացել են երեւանյան ունկնդրին հնարավորություն տալ վայելելու Վիեննայում երկար տարիներ ավանդույթ դարձած Վիեննայի ֆիլհարմոնիկի լեգենդար «Ամանորյա համերգ»-ի մթնոլորտը: 


«Վիեննայի ֆիլհարմոնիկի տոնական համերգներն այսօր միջազգային մեծ համբավ են վայելում 90 երկրում հեռուստատեսային ուղիղ հեռարձակման շնորհիվ: Մենք հաճախ ենք բարձրաձայնում, որ եվրոպական մշակույթի կրող ենք, եւ այս համերգը հրաշալի հնարավորություն է Երեւանի սրտում մեր Ազգային ֆիլհարմոնիկի հետ նշելու տոներն այնպես, ինչպես նշում են Վիեննայի սրտում: Ջանք չենք խնայել բոլոր մտահղացումները պատշաճ կերպով կյանքի կոչելու՝ սկսած հանդիսատեսի ընդունելությունից, մինչեւ համերգային ծրագիրը, որը թեթեւ է թվում՝ հրավառության պես վառ ու սրընթաց անցնող, բայց իրականում բոլոր ստեղծագործությունները լուրջ եւ կատարողական մեծ վարպետություն պահանջող գործեր են, որոնք բարձր մակարդակով ներկայացվեցին նվագախմբի կողմից»,- ասել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:

ՀԱՖՆ տնօրենը նշել է, որ ծրագրում են «Վիեննա-Գալա»-ն դարձնել ավանդական ամանորյա երեկո եւ ամեն տարի ավելի հետաքրքիր ու հիշարժան կերպով իրականացնել:


Տարեմուտի համերգի ծրագիրն, իհարկե, ավանդական էր. հնչեցին վաղուց արդեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Շտրաուսների ընտանիքի գլուխգործոցները՝ վալսերը, պոլկաները, քայլերգերը, օպերետային նախերգանքները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆանտաստիկ մեկնաբանությամբ:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը


Դիրիժորական վահանակի մոտ էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով իր փորձառու, բայց պատանեկան ավյունով լի ղեկավարությամբ բոցավառեց թե՛ նվագախմբի երաժիշտներին, թե՛ հանդիսատեսին: Բայց սկսենք սկզբից, մեզ համար անսովոր էր այն, որ համերգասրահի դռները բացվեցին համերգից մեկ ժամ առաջ: «Արամ Խաչատրյան» համերգասրահը լցվեց երեկոյան շքեղ հագուստներով, հարդարանքով եւ անգամ դիմակահանդեսային աքսեսուարներ կրող հանդիսականներով: Տոնական զարդարված ճեմասրահում նրանց սպասում էր անուշաբույր հայկական գինու հյուրասիրություն: Մինչ հանդիսատեսն անշտապ վայելում էր գինին եւ էսթետիկ միջավայրը, վալսի հնչյունների ներքո փերիների նազանքով հայտնվեցին «Բարեկամություն» պետական անսամբլի հեզաճկուն աղջիկները՝ կավալերների ուղեկցությամբ: Ճեմասրահում տիրում էր պարահանդեսային մթնոլորտ, որը սահուն կերպով շարունակվեց դահլիճում. համերգի ժամանակ զույգերը հանդես եկան եւս երկու պարային համարով:


Իսկ նվագախումբը վալսի հնչյունների ներքո ունկնդիրներին տեղափոխեց բարձրաշխարհիկ Վիեննա: Համերգի եզրափակիչ ակորդն, իհարկե, հայտնի «Ռադեցկու քայլերգն» էր, որի կատարմանը Թոփչյանի ղեկավարությամբ «մասնակցեց» նաեւ հանդիսատեսը՝ ռիթմիկ եւ առույգ ծափերով:

Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW