Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում նախատեսվում է հիմնել Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Թանգարանը կբացվի արվեստագետի 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Հուշարձան-շենքում կցուցադրվի Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների հավաքածուն: «Նախատեսվում է նաեւ նրա կյանքին եւ գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների եւ միջոցառումների կազմակերպում»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
«Նախարար Ժաննա Անդրեասյանի եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնքած համագործակցության հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, եւ սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:


×
1,350





