×


«Երեքն էլ ես եմ՝ իմ հոգեվիճակներով». Հասմիկ Կարապետյանը պրեմիերայի է պատրաստվում

Հասմիկ Կարապետյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի: «Սեր, ասա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը տեղծվել է երգչուհու եւ BRAVO.am-ի երկար տարիների լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի երկրորդ համագործակցության արդյունքում: Նրանք մեզ հետ զրույցում պատմել են միմյանց առանց բառերի հասկանալու, իրար հետ հեշտությամբ ստեղծագործելու ու նոր հորիզոններ բացահայտելու մասին:



«Սեր, ասա»-ն Կարապետյանը գրել է 2024-ի ամռանը: Երգը համարում է իր երկխոսությունը կյանքի հետ ու փորձում անպատասխան շատ հարցերի լուծումները գտնել:

«Իմ լավ ընկեր, համերգներիս ժամանակ իմ բենդի դաշնակահար Էդգար Խաչատրյանը հետաքրքիր լուծումներով արեց գործիքավորումը՝ դասականը խառնելով ավելի «հասմիկական» ռոք երաժշտությանը, ինչի համար շնորհակալ եմ: Երաժշտական պրոդյուսերը ԴերՀովան է՝ արդեն 25 տարվա իմ լավ ընկերը: Երգին ծանոթանալուց հետո Էմինը շատ լավ գիտեր, թե որպես ռեժիսոր ինչ է անելու. նախապես մտածել էր սցենարն ու որոշել նկարահանման վայրերը: Նա շատ արհեստավարժ մոտեցում դրսեւորեց երգին ու տեսահոլովակին»,- պատմել է երգչուհին:

Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ Արիստակեսյանի հետ վաղուց են համագործակցում. «Էմինն ինձ համար սովորական ներաշխարհով մարդ չէ, եւ միշտ գերագույն հաճույք եմ ստանում իր հետ աշխատելիս: Արդեն 4 տարի է՝ իմ բոլոր համերգները հենց ինքն է լուսանկարում: Ստեղծագործական նույն մտածելակերպն ունենք, հենց դրա համար  էլ ցանկացա, որ նախորդ՝ «Աղոթք» տեսահոլովակս էլ հենց Էմինը նկարահանի: Արցախի կորստից ու մեր ունեցած ծանր ապրումներից հետո մեղեդին միանգամից էր ծնվել, եւ քանի որ ոչ մի բառ չսազեց ու միայն փչացնում էր երաժշտությունը, որոշեցի այդպես էլ թողնել: Չէի ցանկանում այն YouTube-ում պարզապես մեկ նկարով հրապարակել, եւ նրան առաջարկեցի տեսահոլովակ նկարել»:  



Արիստակեսյանը սկզբում ընդդիմացել է, քանի որ իրեն ռեժիսոր չի համարում ու նման փորձ էլ նախկինում չի ունեցել, բայց ի վերջո տեղի է տվել Կարապետյանի խնդրանքին ու համաձայնել: Երգչուհին նշում է՝ անգամ կասկած չի ունեցել, որ ամեն ինչ կստացվի. «Շատերի համար երգն անհասկանալի էր, քանի որ խոսքեր չունի, տեսահոլովակի կադրերը հիմնված էին հույզերի, միմիկաների, հայացքների ու ներսում կուտակված ապրումներն արտահայտելու վրա: Դա իսկապես իմ հոգու ու սրտի աղոթքն էր, իսկ Էմինի համար էքսպերիմենտ դարձավ»:

Չի կասկածում, որ հետագայում էլ միասին շարունակելու են ստեղծագործել ու նոր տեսահոլովակներ ստեղծել, քանի որ նկարահանման հրապարակում նույնիսկ առանց խոսելու են իրար միայն հայացքից հասկանում:

«Սեր, ասա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


«Էմինը հասցրել է ինձ շատ լավ ճանաչել, ինչն էլ հեշտացնում է մեր աշխատանքը: Այնքան ուրախ եմ, որ տեսահոլովակներն իրարից կտրուկ տարբերվում են, չնայած՝ անփոփոխ է էներգետիկաս, որը կա իմ բոլոր գործերում: «Սեր, ասա»-ում Էմինը կարողացավ 3 տարբեր Հասմիկների ստանալ, բայց 3-ն էլ ես եմ՝ իմ հոգեվիճակներով: Մեկում անկեղծ ու շատ առօրյա եմ, ինչպիսին կյանքում եմ, մյուսում՝ խենթուկ ու տարբերվել սիրող տեսակով, իսկ վերջինում ավելի ուժեղ ու կայացած Հասմիկն է՝ որպես ճանապարհ անցած կին, որը շատ առումներով գերազանցել է ինքն իրեն, ինչը նույնիսկ ինքը չէր սպասում»,- ընդգծել է Կարապետյանը:

BRAVO.am-ի լուսանկարիչն էլ անկեղծացել է, որ թեեւ շարունակում է Կարապետյանին ասել, որ լուսանկարիչ է, միեւնույն է՝ երգչուհին համառորեն հենց իրեն է տեսնում ռեժիսորի դերում: Հասկացել է, որ դրա դեմ պայքարելն անհույս է ու սիրով արդեն երկրորդ անգամ է նկարահանել տեսահոլովակը:

«Սեր, ասա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


«Երգը լսելուց հետո հստակ պատկերներ եւ պատմություն տեսա, որն էլ առավելագույնս փորձել եմ փոխանցել: Ես նաեւ տեսահոլովակի օպերատորն եմ ու մոնտաժն եմ արել: Նախապատրաստվել ենք 2024-ի ավարտին, իսկ նկարահանել այս տարի՝ ընդամենը մեկ ամբողջական օրվա ընթացքում: Հուսով եմ՝ տեսահոլովակը կհավանեն, քանի որ այն ցույց է տալիս իսկական Հասմիկին՝ նրա ներաշխարհը. չկա դերասանական խաղ ու թատերականացված որեւէ վիճակ: Անկեղծ ու իսկական մարդկային հույզեր ենք ցույց տվել»,- պատմել է Արիստակեսյանը:

Ռեժիսուրան անչափ հետաքրքրիր է համարում: Անկեղծանում է, որ փոքր տարիքից սկսած՝ փողոցում ականջակալներով երգեր լսելիս իր սիրելի կատարումներին մտովի տեսահոլովակներ էր ավելացնում, ինչը մինչ օրս էլ շարունակում է անել: Իսկ Հասմիկ Կարապետյանի շնորհիվ այդ ամենն իրականություն է դարձրել. «Խորհրդանշական է եւ օգնում է նոր հորիզոններ բացահայտել ինձ համար: Իմ սեփական վիդեոնախագիծը՝ «Մոնոլոգն» ունեմ, բայց այնտեղ լրիվ իմ աշխարհն է, իսկ սա բոլորովին այլ է»:

«Սեր, ասա» տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հունվարի 20-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW