×


Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍՆ

Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակը կնշվի հոբելյանական համերգով

Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակի առթիվ հոբելյանական համերգ տեղի կունենա: Ժողովրդական արտիստին նվիրված երեկոն կանցկացվի հունվարի 23-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի եւ նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի «Նաբուկո» օպերայից հատված, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը եւ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ.-ի դեկտեմբերի 23-ին՝ Կոստանդնուպոլսում։ 1934-1941թթ.-ին սովորել է Մխիթարյան վարժարանում, 1947թ.-ին ավարտել է Սեն Միշել ֆրանսիական քոլեջը, 1944թ.-ին՝ ընդունվել Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ։ 1951-1953 թթ.-ին Չեքիջյանը եղել է Փարիզի École Normale de Musique կոնսերվատորիայի ուսանող եւ միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ։ 1958-1961թթ.-ին անցել է հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում։


1961 թ.-ին Չեքիջյանը տեղափոխվել է Հայաստան եւ մինչ այսօր ղեկավարում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երգչախմբին 2012-ին շնորհվել է «Ազգային» կոչումը: Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում եւ բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հայաստանից դուրս մաեստրոն ունեցել է 873 համերգ։

Որպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանը անգնահատելի ներդրում ունի հայ երաժշտական ժառանգության մեջ իր վոկալ-սիմֆոնիկ բանաստեղծություններով և խմբերգային մշակումներով։ Այսպես էր գնահատում մաեստրոյին ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը. «... Դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի եւ քո արվեստը դարձնել համամարդկային»։

Կարդալ ավելին

Quality Sign BW