Արվեստի վաստակավոր գործիչ, անվանի ջազմեն, թմբկահար, ջազի պատմաբան, «Չիկոն եւ ընկերները» ջազ խմբի հիմնադիր եւ ղեկավար, «Ջազի ժամ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող լուսահոգի Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքն արդեն հասանելի է նաեւ անգլերեն տարբերակով:
Այն 2014 թվականին ռուսերեն էր հրատարակվել, իսկ 2018-ին՝ հեղինակի մահից հետո, թարգմանվել եւ հրատարակվել էր հայերեն: «Ջազը Հայաստանում» գիրքը մանրամասն ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությունը:
Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել նաեւ հայկական ծագում ունեցող նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:
Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ է գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկար, ինչպես նաեւ շուրջ 70 հատուկ QR կոդ, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել եւ ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները: «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության հրատարակած գիրքը Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռեւս միակ նմանօրինակ աշխատությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: