×


Դավիթ Սահակյանց. «Մեզ տարածքից զրկելու կառավարության որոշումն անսպասելի չէր, բայց դրան պատրաստ չէինք»

«Սահակյանց» անիմացիոն ստուդիան այսօր հայտնել է, որ Հայաստանի կառավարության որոշմամբ, ստիպված են դադարեցնել գործունեությունը Վարդանանց 30 հասցեում:

«Ստուդիային զրկում են տարածքից, որն անհատույց տրամադրվել էր 2014 թ.-ին կնքված պայմանագրով եւ դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին եւ ուսանողներին կրթելու, անիմացիոն նոր ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակին»,- նշված է հաղորդագրությունում:

BRAVO.am-ի հետ զրույցում Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասել է, որ որոշումն իրենց համար անսպասելի չի եղել, նույնիսկ զարմացել են այդքան ուշացնելու համար:

«Մեզ օրեր առաջ են տեղեկացրել, որ կառավարության որոշմամբ՝ այդ տարածն այլ կազմակերպության է հատկացվելու, եւ պետք է այն լքենք: Այստեղ կարող ենք մնալ մինչեւ մարտ, բայց հեռանալու վերջնական պայմանների մասին կիմանանք առաջիկայում, քանի որ մինչեւ հունվարի վերջ պարտավոր եմ ստորագրել փաստաթուղթը»,- նշել է նա:

Սահակյանցի փոխանցմամբ՝ 19 թ.-ին պետական ֆինանսավորումից զրկվել էր «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը. «4 տարի ֆինանսավորում էինք ստացել, իսկ վերջին տարում հրաժարվեցին, ու ստիպված ինքներս հոգացինք մնացած ծախսերը՝ ֆիլմն ավարտելու համար: Թեեւ այս որոշումն էլ սպասված էր, բայց ընդհանրապես դրան պատրաստ չէինք: Արդեն սկսել ենք զբաղվել նոր տարածքի եւ առաջիկա տեղափոխության հարցերով: Բայց Երեւանի անշարժ գույքի շուկայում այնպիսի տարածք գտնելը, որը կհամապատասխանի մեր գործունեությանն ու հնարավոր կլինի այնտեղ սեփական ստուդիան ու թանգարանը տեղափոխել, այնքան էլ հեշտ չէ»:

«Սահակյանց» անիմացիոն ստուդիայի՝ երեխաների ու մեծահասակների համար նախատեսված դասընթացները, որոնք պետք է վերսկսվեին փետրվարին, անորոշ ժամկետով հետաձգվել են: Ստուդիան նաեւ սեփական թանգարանն ունի, որտեղ պահվում է մեծանուն մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թողած ժառանգությունը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW