Հրաշալի երգերի հեղինակ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է այսօր: 103-րդ հոբելյանի առթիվ հավաքել ենք անվանի կոմպոզիտորի մասին հետաքրքիր ու ոչ այնքան հայտնի փաստեր:
Չարենցն ու Խաչատրյանը
Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին՝ ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արծվիկի ու մաթեմատիկայի ուսուցիչ, Առաջին համաշխարհայինի մասնակից Հարությունի ընտանիքում: Տանը բոլորը երաժշտություն էին սիրում ու հաճախ լսում Կոմիտաս ու հայկական այլ գործեր: Իր առաջին ստեղծագործությունը Բաբաջանյանը գրել է դեռ մանուկ տարիքում ու այն անվանել «Պիոներական երթ»:
Մի անգամ ընտանիքին հյուր է գնացել Եղիշե Չարենցն, ու ծնողները Առնոյին խնդրել են նրա համար նվագել: Բաբաջանյանը նվագել է նաեւ իր «Պիոներական երթը», ոգեւորված Չարենցը հետաքրքրվել է՝ արդյոք ունի այս ստեղծագործության նոտաները: Երբ տղան դրանք բերել է, պոետը գրել է. «Թողարկել 1000 օրինակով»: Այդպես էլ 1932-ին «Պիոներական երթը» տպագրվել է:
Բաբաջանյանի տաղանդը նկատել է նաեւ երիտասարդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, երբ մի անգամ քաղաքի կենտրոնի մանկապարտեզներից մեկն է գնացել: Լսելով փոքրիկ Առնոյի ելույթն՝ ասել է. «Այս երեխան պետք է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվի երաժշտությամբ»:
«Գիշերազգեստով Նիկիտա Խրուշչովը»
1950-60-ականներին Բաբաջանյանը դաշնամուրի դասեր էր տալիս Կոնսերվատորիայում, նաեւ համագործակցում էր իր ընկեր Կոնստանտին Օրբելյանի գլխավորած նվագախմբի հետ: Մի անգամ նվագախմբի փորձերից հետո Երեւանում սկսեցին լուրեր շրջանառվել, թե դահլիճում ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը, այն էլ՝ գիշերազգեստով:
Իրականում նման լուրերի տարածման հարցում «մեղավոր» էր կոմպոզիտորի հայրը, որն արտաքուստ նման էր Խրուշչովին: Մի օր այնպես է ստացվել, որ Բաբաջանյանին չնախատեսված փորձի են կանչել, ու նրա հետ մեքենայում է եղել հայրը, որը տնից արագ դուրս գալու պատճառով չէր հասցրել հագուստը փոխել: Նա հորը խնդրել է իրեն մեքենայում սպասել, մինչեւ նվագախմբին հրահանգներ կտա ու կվերադառնա: Բայց մաեստրոն այնքան է տարվել փորձով, որ հոր մասին մոռացել է, իսկ վերջինս հոգնել է սպասել ու գիշերազգեստով հայտնվել է դահլիճում: Բայց երբեմն Բաբաջանյանը հատուկ էր օգտագործում հոր եւ Խրուշչովի նմանությունը, որպեսզի ընկերների գլխին «օյիններ» խաղա:
Կատակասերը
Բաբաջանյանն առանց կատակների ապրել չէր կարող, եւ դրանցից մեկը կարող էր վատ ավարտ ունենալ: Մի անգամ նա եւ ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը որոշել են կատակել երիտասարդ երաժշտի հետ, որին Հայաստանի ղեկավարությունը վստահել էր երկրի գանձ համարվող հազվագյուտ ջութակ։ Բաբաջանյանն ու Հովհաննիսյանը գնել են էժան ջութակ ու այն փոխարինել բնօրինակի հետ: Բաբաջանյանը երաժշտի աչքի առաջ կոտրել է ջութակն, ինչից հետո վերջինս ուշաթափվել է: Բայց քիչ էր մնացել նույն դրության մեջ հայտնվեր նաեւ կոմպոզիտորը, քանի որ այդ պահին Հովհաննիսյանը հայտնել է, որ չէր հասցրել փոխել ջութակները: Նա որոշել էր հետ չմնալ Բաբաջանյանից ու իր հերթին էր կատակել:
Հայկական քիթը
Երաժշտությունից բացի, կոմպոզիտորն այլ նախասիրություններ էլ ուներ: Շատ էր սիրում ու գնահատում նկարչությունը եւ նկարների հավաքածու ուներ: Մի անգամ նրան հյուր էր գնացել արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որը Բաբաջանյանի դիմանկարը երկար ուսումնասիրել եւ հասկացել է՝ ինչ-որ բան այն չէ: Չդիմանալով՝ միանգամից հարցրել է, թե ինչն է նկարում փոխել: Բաբաջանյանը մեղավոր աշակերտի պես գլուխն իջեցրել է ու խոստովանել, որ իր մեծ հայկական քթի մի մասն է փակել:
Իր քիթը մայրիկից է ժառանգել, իսկ ժամանակի հետ այն կոմպոզիտորի այցեքարտն է դարձել: Միայն մեծ տարիքում է հասկացել, թե քիթն իրեն որքան յուրահատուկ է դարձնում: Քթի մասին կատակներ անել թույլատրվում էր միայն ընկերներին ու հարազատներին:
Ճանաչումը Ճապոնիայում
Բաբաջանյանին շատ էին սիրում եւ լսում նրա երաժշտությունը Ճապոնիայում, ուր էլ 1973-ին նա հյուրախաղերի էր մեկնել ու մասնակցել երգի միջազգային մրցույթի: Բաբաջանյանն ելույթ է ունեցել «Սատանայի անիվ» ստեղծագործությամբ, որը Խորհրդային Միությունում արդեն շատ հայտնի էր, եւ «Լավագույն կոմպոզիտոր» տիտղոսին արժանացել: Հավակնորդներից մեկը ֆրանսիացի օսկարակիր կոմպոզիտոր Ֆրենսիս Լեն էր, որը երաժշտություն է գրել հայտնի «Կինը եւ տղամարդը», «Սիրո պատմություն» ֆիլմերի համար, բայց Բաբաջանյանն առաջատար է դարձել:
Որդուն հասցված ապտակը
Մաեստրոն անչափ սիրում էր հայրենիքը։ Պահում էր հայկական ավանդույթներն ու որդուց՝ Արայիկից, պահանջում խոսել հայերեն: Չնայած իր կենսուրախ բնավորությանը եւ հումորի մեծ զգացմանը՝ դաստիարակության հարցերում շատ խիստ էր: Հորը չլսելու համար որդին կարող էր ապտակ ստանալ:
Երբ մի օր 4-ամյա Արայիկին հարցրին իր ազգային պատկանելության մասին, պատասխանեց, որ հրեա է: Պարզապես տանը, որտեղ նա բնակվում էր, հրեաները մեծ թիվ էին կազմում, դրա համար էլ այդպես էր տպավորվել: Բաբաջանյանին այդ պատասխանը շատ էր զայրացրել ու նա ապտակել էր որդուն, իսկ հանգստանալուց հետո նրան ամեն ինչ մանրամասն բացատրել իր արմատների մասին:
Չստացված կողոպուտը
Այս մասին պատմել է կոմպոզիտորի որդին: Բաբաջանյանի ծնողներն ապրել են Մատենադարանի մոտակայքում, իսկ իր բնակարանը գտնվել է Բաղրամյան փողոցում: Մի անգամ բավական ուշ ժամի ծնողների տնից վերադառնալիս Բաբաջանյանին անսպասելի շրջապատել են մի խումբ երիտասարդ տղաներ՝ պահանջելով իրենց տալ գումարն ու ժամացույցը:
«Դիմադրելն անիմաստ էր, ու հայրիկն ամեն ինչ տվել է: Խմբից մեկը մոտեցել է նրան, սկսել ուշադիր ուսումնասիրել ու ասել է. «Վերադարձրեք ամեն ինչ»: Իրերը վերադարձնելուց հետո հեռանալիս նրանք սկսել են երգել «Երեւանի սիրուն աղջիկ» երգը: Այդ ժամանակ հայրս հասկացել է, որ իրեն ճանաչել են»,- հիշել է Արայիկ Բաբաջանյանը:
Սերենադ՝ Մարգարյան ծննդատան դիմաց
90-ականներին այդ երգի հետ կապված մի այսպիսի զվարճալի դեպք է տեղի ունեցել: Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Մարգարյան ծննդատան դիմաց մի օր ռետրո մեքենա է կանգնել, որից 4 տղամարդ է դուրս եկել: Պարզվել է՝ երաժիշտներ են, ու մի քանի րոպե անց քաղաքի կենտրոնում սկսել է հնչել «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, որը Բաբաջանյանը գրել է «Առաջին սիրո երգ» ֆիլմի համար:
Հիվանդանոցից դուրս է եկել գլխավոր բժիշկն ու պահանջել անմիջապես դադարեցնել անկարգությունը, ինչին երգիչն այսպես է պատասխանել. «Բժիշկ ջան, որտե՞ղ եք անկարգություն տեսնում: Չէ՞ որ դա մեր Առնոյի երգն է: 6 աղջիկ ունեմ եւ վերջապես տղա է ծնվել: Էլ ո՞վ, եթե ոչ ես պետք է երգեմ: Իսկ ի՞նչ երգ պետք է կատարեմ ինձ տղա պարգեւած կնոջս, արտասահմանյան սերենա՞դ: Ոչ, ոչ ու եւս մեկ անգամ՝ ոչ, միմիայն «Երեւանի սիրուն աղջիկը»»:
Բաբաջանյանը խելագարի պես սիրում էր հայրենի քաղաքն ու այն համարում լավագույն տեղն աշխարհում: Եվ Երեւանն ու երեւանցիները նրան նույն կերպ սիրով էին պատասխանում:
Մի անգամ խորհրդային տարիներին հետաքրքիր փորձարկում են արել. լրագրողները փողոցում մոտեցել են մարդկանց ու խնդրել կատարել «Երեւանի սիրուն աղջիկը», բոլորն իմացել են բառերն ու երգել այն:
Ֆուտբոլասերը
Առնո Բաբաջանյանը ֆուտբոլի մոլի երկրպագու էր ու հաճախ էր ներկա լինում «Արարատ»-ի հանդիպումներին: 1973 թվականին նա «Լուժնիկի» մարզադաշտում ռեժիսոր Էդմոն Քեոսայանի հետ հետեւել է ԽՍՀՄ գավաթի «Արարատ» - «Դինամո» խաղին, որում հայկական ակումբն առաջին անգամ տիրացել է բաղձալի մրցանակին:
«Երկրորդ կեսում բաց թողած գոլից հետո լրիվ հալումաշ եղա: Բայց լրացուցիչ ժամանակում տեսանք իսկական արարատյան խաղը:
Դժվար է բառերով նկարագրել, թե որքան ուրախ ու ցնցված էի այդ հաղթանակով»,- եզրափակչի մասին հետո հիշել է նա:
Բաբաջանյանը նաեւ սիրում էր գրքեր կարդալ, խաչբառեր ու շախմատային խնդիրներ լուծել: «Մի անգամ նույնիսկ մրցանակի եմ արժանացել. այդ բարդ խնդիրներից մեկն իմ ընկեր Տիգրան Պետրոսյանը չի կարողացել լուծել, իսկ ինձ հաջողվել է»:
Ի դեպ, նա մտերիմ էր շախմատի Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ ու միասին սիրում էին նարդի խաղալ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանակրները՝ Արայիկ Բաբաջանյանի արխիվից, Մոսկվայի հայկական թանգարանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: