×


Կյանքի կոչելով Չիկոյի երազանքը․ Երեւանում տեղի է ունեցել «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքի շնորհանդեսը

«Այսօր ինձ համար շատ հատուկ ու անմոռանալի օր է, քանի որ իրականանում է հորս կյանքի ամենամեծ երազանքներից մեկը. հայկական ջազի 85-ամյա հարուստ պատմության մասին նրա հեղինակած գիրքն այսուհետ հասանելի է ջազի մայրենի լեզվով՝ անգլերենով»,- «Jazz in Armenia» գրքի շնորհանդեսին նշել է անվանի ջազմեն, թմբկահար Արմեն Չիկո Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը:

Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման ու զարգացման պատմությունը ներկայացնող ձեռնարկը Չիկոն գրել է ռուսերեն (լույս է տեսել 2014 թ.-ին), իսկ 2018 թվականին՝ նրա մահից հետո, որդու նախաձեռնությամբ գիրքը թարգմանվել եւ լույս է տեսել նաեւ հայերեն։ Այժմ արդեն «Ջազը Հայաստանում» գիրքը նորովի հրատարակվել է անգլերեն թարգմանությամբ։

Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկը, եւ թոռնուհին


Գրքում ներառված են 50-ից ավելի հայ նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները եւ շուրջ 80 երաժիշտ-կատարողի ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հեղինակն ուշադրություն է դարձրել նաեւ հայկական ծագումով նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը: Հայկ Թութունջյանն ասում է, որ անգլերեն հրապարակման մեջ կատարվել են նաեւ որոշակի լրացումներ՝ նոր իրադարձությունների հետ կապված։

«Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ է գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկար, ինչպես նաեւ շուրջ 70 հատուկ QR կոդ, որոնց միջոցով ընթերցողը կարող է ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները:


Գիրքը հրատարակել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր եւ ղեկավար Էռնա Ռեւազովան տեղեկացրել է՝ թարգմանության հեղինակը բրիտանացի Ռութ Ադիսոնն է, որը գիրքը թարգմանել է բնագրից՝ ռուսերենից․ «Մեր նպատակն էր, որ թարգմանությունն ամենաբարձր որակով արվի: Ռութը հայտնի ու պահանջված թարգմանիչ է եւ հրաշալի տիրապետում է թե՛ անգլերենին, թե՛ ռուսերենին։ Այժմ ուրախությամբ կարող ենք ասել, որ գիրքը լիովին փոխանցում է Չիկոյի տրամադրությունն ու գրելաոճը, եւ մեր կազմակերպությունն աշխարհին ներկայացնում է հայկական մշակույթի երանգներից ամենավառը՝ երաժշտությունը»։

Էռնա Ռեւազովան


Ռութ Ադդիսոնը տեսակապի միջոցով ողջունել է շնորհանդեսի հյուրերին եւ խոստովանել է՝ ուրախ ու հպարտ է այս նախագծի մաս դառնալ. «Մշակութային մեծ նախաձեռնություն է եւ շատ կարեւոր կրթական փորձ։ Այս գիրքը երաժշտության, ժանրի եւ Հայաստանի նկատմամբ սիրո մասին է։ Ես իսկապես մեծ հաճույք ստացա նախագծի շուրջ աշխատանքից։ Լիահույս եմ, որ դուք էլ հաճույքով կկարդաք այն»։


Գիրքն անգլերեն թարգմանելու նպատակներից մեկն էլ այն է եղել, որ հայկական ջազի պատմությունը տարածվի ու հասնի նաեւ այլ երկրներ՝ անգլախոս լսարանին։ Հայկ Թութունջյանի խոսքով՝ շուտով «Jazz in Armenia» գիրքը կներկայացվի եւ հասանելի կլինի ամերիկյան քաղաքներում, որից հետո ճանապարհը կշարունակի այլ երկրներում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW