Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 25-ին նշել է հիմնադրման 19-ամյակը։ Հյուրախաղերի, կարեւոր համագործակցությունների եւ սպասվելիք ելույթների մասին BRAVO.am-ը զրուցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
«Դոյչե գրամոֆոն» պիտակը
2024 թվականին 19 տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը գրանցեցինք, եւ այն փոխեց նվագախմբի կյանքը: Խոսքը «Դոյչե գրամոֆոն»-ի հետ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ձայնասկավառակի թողարկումն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դարձել է տարածաշրջանում առաջինը, որն ալբոմ է թողարկել համաշխարհային համբավ ունեցող ձայնագրման ընկերության պիտակով։ Շատ կարեւոր է միջազգային մեր ճանաչելիությունը, իսկ այն նվագախմբերը, որոնք «Դոյչե գրամոֆոն»-ի պիտակով ալբոմներ ունեն, արդեն այլ հարթության մեջ են դիտարկվում։
Հյուրախաղերը
19-րդ համերգաշրջանը, ինչպես նախորդը, լեցուն էր մենահամերգներով. շատ ելույթներ ենք ունեցել հատկապես արտերկրում: Նշեմ նաեւ ձայնագրությունները։ Գեղարվեստական առումով խայտաբղետ էր՝ հագեցած ե՛ւ ժամանակակից, ե՛ւ հայկական երաժշտությամբ։ Առաջին անգամ Հայաստանից դուրս ազգային համերգաշար ներկայացրինք։ Նախորդ տարի նվագախումբը 9 հյուրախաղ է ունեցել. Հանդես ենք եկել ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, որտեղ դեբյուտային համերգ էր՝ Արամ Խաչատրյանի ծրագրով: Ինչպես նաեւ Չինաստանից հրավեր եղավ, եւ տարվա վերջին մեծ կազմով ու շատ խիտ գրաֆիկով ներկայացանք Չինաստանի տարբեր քաղաքներում։ Հիմա այն մեր ոլորտում մեծ պահանջարկ ունեցող երկիր է, եւ համերգները մեզ համար ձեռքբերում էին:
2025-ի մեկնարկը՝ Դուբայում մեծ համերգներով
Դուբայի օպերայի հրավերով՝ տարեսկզբին համերգներով Արաբական Միացյալ Էմիրություններում էինք: Հունվարի 17-19-ին Դուբայի օպերայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ ռոք» նախագիծը՝ «Սիմֆոնիկ Ջեքսոն», «Սիմֆոնիկ Զեփելին» եւ «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգային ծրագրերով: Հայաստանում մեր յուրահատուկ ձեռագրով ստեղծված «Սիմֆոնիկ Ջեքսոնը» մեծ հաջողություն ունեցավ այնտեղ. հանդիսատեսը հատկապես այդ ծրագրի նկատմամբ ցուցաբերեց ոգեւորություն։
Դասականը՝ իմաստուն ձեւաչափով
Սիմֆոնիկ նվագախումբն իր ոչ ստանդարտ ծրագրերով է գրավում հանդիսատեսին. ստեղծարար լինելը մեզ համար ոչ թե ինքնանպատակ է, այլ մենք մտածում ենք, որ կարող ենք ցույց տալ դասական երաժշտության աշխարհն ավելի իմաստուն ձեւաչափով՝ նպաստելով դրա հանրահռչակմանը: Ներգրավում ենք նոր մոտեցումներ, նոր մարդիկ, որոնք իրենց ձեւով են պատմում դասականի մասին։ Ուրախ ենք, որ հաջողվում է հետաքրքրություն առաջացնել նաեւ երիտասարդների շրջանում։ Կարեւոր ենք համարում նաեւ երիտասարդ ու նոր դեմքերի հետ համագործակցությունը եւ ամեն տարի ունենում ենք համերգներ, որոնց շրջանակում նվագախմբի հետ որպես մենակատար ներկայանում են պատանի, երիտասարդ երաժիշտները։
Հայկականը տարածելու առաքելությունը
Մեր նվագախմբի համար մեծ հաջողություններ էր Բեռլինի ֆիլհարմոնիայում կամ Վիեննայի «Մուզիքֆերայն» համերգասրահում, որը մեծ պատմություն ունեցող վայր է, նվագել Ջոն Տեր-Թադեւոսյանի սիմֆոնիան: Հայ կոմպոզիտորներին հանրահռչակելու առաքելության առումով կարեւոր քայլ էր։ Նման համերգներին ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում, քանի որ հայկական երաժշտությունը, որն այլազգի հանդիսատեսը գուցե առաջին անգամ է լսելու, պետք է կատարվի շատ բարձր որակով:
Երաժշտություն, որն ամենասիրելին է
Ինձ համար ամենասիրելին այդ պահին կատարվող երաժշտությունն է, քանի որ այն ապրումներն եւ պատասխանատվությունը, որով դիրիժորը մոտենում է նվագախմբին, շատ ազնիվ պետք է լինեն: Եթե փորձեք կեղծել, ապա, ձեր միջեւ, այսպես կոչված, քիմիան չի լինի։ Այս պահին իմ սիրելի աշխատանքը Սերգեյ Պրոկոֆեւի 7-րդ սիմֆոնիան եւ Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտն են, որոնց վրա աշխատում եմ։
Փետրվարյան փառատոնն ու 20-րդ համերգաշրջանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ փետրվարի 8-ից 24-ը Երեւանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը, որի շրջանակում սպասվում են համաշխարհային պրեմիերաներ. բացման համերգին առաջին անգամ կհնչի Վաչե Սարաֆյանի «Շնորհալի, աղօթական» սիմֆոնիան, որը գրվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով: Առաջին անգամ ենք ներկայացնելու նաեւ Քրիստինա Առաքելյանի դաշնամուրային կոնցերտը:
Մինչեւ հուլիս կամփոփվի նվագախբի 19-րդ համերգաշրջանն ու սեպտեմբերին կսկսվի հոբելյանական 20-րդը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ նվագախմբի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: