×


«Սրտի թրթիռն արդեն կա, հուզմունքն ակնհայտ է». Արամոն եւ Էմմա Պետրոսյանը հինունոր երգերով համերգ կտան

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը տեւական դադարից հետո վերադառնում են բեմ: Արտիստների վերջին մեծ համերգային երեկոն տեղի է ունեցել 2018 թվականին։

Նրանք փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ եւ անակնկալներով։ Ինչպես նշված է մամուլի հաղորդագրությունում, երեկոյին կհնչեն հեղինակային երգեր, հայտնի կոմպոզիտորների սիրված գործեր՝ նոր շնչով, նոր մեկնաբանությամբ:

«Ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար։ Լռությունը հենց այդ մասին էր, որովհետեւ ապրում էինք Արցախի ցավով։ Փառք ու պատիվ մեր տղաներին, կյանքը շարունակվում է, ապրել, ստեղծագործել է հարկավոր, ուստի տարիներ անց հասունացավ համերգի ժամանակը»,- նշել է Արամոն։


Արամոն եւ Էմմա Պետրոսյանն ավելի քան երեսուն տարի միասին են։ Ապրում են, արարում են, սակայն ամեն անգամ բեմ բարձրանալիս նրանց սիրտը թրթռում է։ «Այժմ համերգի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, եւ այդ սրտի թրթիռն արդեն կա, հուզմունքն ակնհայտ է, ինչը բնական է։ Եթե դա չլինի, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Պետք է ժպիտ, սեր, ջերմություն, դրական էներգիա փոխանցել հանդիսատեսին, որը եկել է վայելելու երաժշտությունը։ Կյանքում եւս պետք է սեր փոխանցել։ Տալիս ես այդ սերն ու ստանում ես այն, բացասականն ես տալիս, դա ես ստանում։ Պետք է առաջնորդվել սիրով, Աստծո լույսով»,- հավաստիացնում է արտիստը։

Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի հետ հանդես են գալու հեղինակավոր երաժիշտներ, սկսնակ երգիչներ։ Բեմում նրանց կընկերակցի դաշնակահար, ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը, որի հետ Արամոն շուրջ 17 տարի աշխատում է։ Նրանք նվագում են ջազային տրիոյում՝ Նիկողայոս Վարդանյանի հետ։ Հանդես կգան նաեւ «Գարիկ Սարիբեկյան» տրիոն, «Երեւան» լարային քառյակը, Gorgeouz Beats-ը, որը, ըստ Արամոյի, հիանալի երիտասարդ է եւ կարողանում է հրաշալի մեկնաբանել հայտնի կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ երիտասարդ երգիչներ Հրաչյա Խաչատրյանն ու Նարե Էլիզբարյանը։

Համերգին հանդես կգան նաեւ դաշնակահար Մադաթ Ավանեսովը, սոլո կիթառահար Արամ Վարդանյանը, բաս կիթառահար Էդգար Ավետիսյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, զուռնա, բլուլ` Ավագ Մարգարյան, հարվածայիններ` Գեւորգ Հարությունյան:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW