7 տարվա դադարից հետո Արամոն եւ Էմմա Պետրոսյանը նորից հանդիպեցին իրենց երկրպագուների հետ ու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նրանց անմոռանալի երեկո պարգեւեցին՝ կատարելով վաղուց սիրված ու նոր երգեր:
Երկար ընդմիջումից հետո սիրելի երգիչներին լսելու էր եկել նրանց հավատարիմ ու նվիրված հանդիսատեսը, գործընկերները, հարազատները եւ ուսանողները, որոնցից մի քանիսը նաեւ բեմում հանդես եկան:
Երեկոյի բացումն արեց Արամոն՝ ողջունելով ներկաներին, «շատ բարի երեկո» մաղթելով ու դահլիճն իր էներգիայով լցնելով. «Վերջին մեր համերգը 2018 թ.-ին էր, ու գիտեք՝ ինչու էր այս մեծ լռությունը: Այսօր իրար հետ կիսվելու ենք ու վայելելու երեկոն: «Դու արեւ ես, իմ սիրուն» կատարումը նվիրում եմ մեր սիրելի կանանց ու աղջիկներին»:
Ապա Էմմա Պետրոսյանի հետ կատարեցին նրա հեղինակային ստեղծագործությունը՝ «Ես ու դու»-ն: Երգչուհին հայտնվեց բեմում սպիտակ շատ էլեգանտ կոստյումով՝ միանգամից իր վրա սեւեռելով ներկաների հայացքները:
«Վաղուց չէինք հանդիպել, ու անչափ կարոտել էի ձեզ, ուզում էի պատերը համբուրել այս շենքի։ Ձեզ եմ նվիրում «Իմ ուղին» երգը»,- հայտնեց նա, իսկ ելույթից հետո ստացավ բազմաթիվ ծաղկեփնջեր, որոնցից մեկն էլ իր ուսանողուհուց՝ Մարուսյայից էր: Նա եկել էր որդու հետ, որին Պետրոսյանն իր թոռնիկն անվանեց ու ներկայացրեց հաջորդ երգի պատմությունը. «Բեմում, դահլիճում, կյանքում, իմ օրերում երջանկության մեջ խեղդված եմ։ Հաջորդ երգը՝ «Հուշերիս մեջ»-ը, գրել ու նվիրել եմ Մարուսյային: Հաջորդ անգամ դու կերգես, խոստանո՞ւմ ես»։
Իսկ հետո բեմ հրավիրեց իր ուսանողներից Հրաչյա Խաչատրյանին, անկեղծացավ, որ իր բոլոր սաներն են հրաշալի, դրա համար էլ ընտրություն կատարելը բարդ է եղել: Միասին նրանք համերգասրահը լցրին երկար տարիների պատմություն ունեցող «Կտավս» երգի հնչյուններով:
Ամուսինները բեմում փոխնիփոխ էին հայտնվում, մեկ երգում միասին, մեկ փոխլրացնում իրար, միմյանց նայում հիացած ու ոգեշնչված հայացքներով: Էմմա Պետրոսյանը հանդարտ էր ու մեղմ, Արամոն՝ ռիթմիկ ու ավելի դինամիկ: Նա կատարումներից մեկի ժամանակ բեմ հրավիրեց երաժիշտ ընկերներին ու առաջին անգամ կատարեց «ծերացող ընկերների» ու նրանց «դատարկվող հասցեների» մասին երգը:
Արամոն 40 տարի հետ գնաց ու հիշեց, թե ինչպես է 16 տարեկանում միացել Կոնստանտին Օրբելյանի գլխավորած ջազ նվագախմբին եւ հանդես եկել այս նույն համերգասրահում:
«Դահլիճում նստած էին անվանի ու հայտնի մարդիկ, որոնց հեռուստացույցով էի տեսել, նրանց համար նվագեցի, երգեցի, ամեն ինչ արեցի, հուզված էի: Ընդմիջմանը մաեստրոն ասաց, որ ընդունվել եմ նվագախումբ, եւ մեկնելու ենք հյուրախաղերի. երազանքս կատարվել էր: Ուզում եմ բեմ հրավիրել մի աղջնակի, ով 16 տարեկան է ու սովորում է Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, նա արդեն միջազգային փառատոնների դափնեկիր է»,- երկարավարս ու գեղեցիկ Նարե Էլիզբարյանին այսպես ներկայացրեց Արամոն ու միասին ջազային երգ կատարեցին:
Երգիչը գովեց երիտասարդ սերնդի երգիչներին ու հույս հայտնեց, որ ապագայում նրանք ելույթ են ունենալու ամենատարբեր դահլիճներում: Նա նաեւ առանձին ներկայացրեց ու շնորհակալություն հայտնեց դահլիճում իրենց համերգին ներկա ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին, որին ներկաները ողջունեցին բուռն ծափերով:
Իսկ հետո բեմը նորից հայտնվեց Էմմա Պետրոսյանի տրամադրության ներքո, որը կատարեց մայրիկին նվիրված Արամոյի երգը, համերգի երկրորդ հատվածում էլ երգեց իր հեղինակային ստեղծագործությունը մայրիկի մասին. «Սովորաբար, միշտ երկուսիս մայրիկներն էլ դահլիճում են լինում եւ իրենց ներկայությամբ օրհնում մեզ, սակայն այս երեկո տանն են ու սպասում են մեզ»:
Համերգային երկրորդ հատվածը սկսվեց ջազի դինամիկ ռիթմերով, Արամոն հարվածային գործիքների մոտ էր, իսկ բեմում նրան նվագակցեցին Լեւոն Մալխասյանն ու Նիկողայոս Վարդանյանը:
«Բեմ եմ հրավիրում իմ ավագ ընկեր, Երեւանի պատվավոր քաղաքացի, լեգենդար Մալխասին ու իմ շատ սիրելի ընկեր, հիանալի կոնտրաբասահար Նիկոյին: 17 տարի նույն ակումբում, նույն ժամին ամեն օր միասին ենք եղել»,- հայտնեց նա, ինչից հետո ջազ տրիոն աննկարագրելի տրամադրություն հաղորդեց ու ներկաներին ստիպեց շարժվել իրենց գեղեցիկ հնչյունների ներքո:
Ընդմիջմանն Էմմա Պետրոսյանը զգեստափոխվել էր ու սեւ հագուստով նույնքան գրավիչ էր: Նա «Երեւան» լարային քառյակի նվագակցությամբ կատարեց իր գրած ռոմանսը՝ «Սաբեթին». «Ինձ հետ բեմում են մեր որդու սերնդի երիտասարդ ներկայացուցիչները եւ հարազատ ընկերները, նրանք մեզ նոր գույն, ձայն ու տեսակ են բերում։ Սաբեթը եւս դահլիճում է, ու երգը եւս մեկ անգամ կատարում եմ նրա համար»:
Արամոն էլ տարբերվող մի քանի երգ հնչեցրեց՝ մեկը ռուսերեն էր, ապա համատեղեց ֆրանսերեն ու հայերեն գործերը՝ Միշել Լեգրանի ու գուսան Իգիթի «Պառավ յար»-ը, իջավ հանդիսատեսի մոտ, ձեռքով արեց մարդկանց, համբուրեց նրանցից մեկին, իր հետ պարեցրեց բոլորին: Նա ծրագրում ընդգրկել էր նաեւ 2000 թվականից ի վեր իր բոլոր համերգներին հնչող «Երանի այն օրը, որ տեսա ես քեզ» երգը:
«Կան երգեր, որ միշտ ինձ հետ են, իմ համերգային ձագերն են, ոմանք ծրագրից դուրս են մնացել. թող հանգստանան, բեմում շատ են եղել: Բայց այս ձագը 2000 թվականից միշտ հետս է, քանի որ տեքստը ֆանտաստիկ է, սիրով նվիրում եմ մեր սիրելի կանանց»,- ասաց նա:
Երեկոյի ավարտն ամուսինները միասին ազդարարեցին՝ կատարելով իրենց սիրված ու երկար տարիների պատմություն ունեցող գործերը, որոնցից էին «Սեւ-սպիտակը» եւ «Որտեղ գտնեմ քեզ»-ը: Դահլիճը շունչը պահած վայելում էր ամեն պահն ու երգում սիրելի ստեղծագործությունները:
Համերգից հետո Արամոն BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ կարոտել էին հանդիսատեսին, քանի որ վերջին անգամ 2018 թվականին էին համերգ ունեցել՝ իր ծննդյան 50-ամյակին:
«Դրանից հետո 7 տարի դադար եղավ՝ կորոնավիրուս էր, հետո արցախյան չարաբաստիկ պատերազմը սկսվեց, որը մեր մեջ ամեն ինչ ջարդեց, էլ ի՞նչ երգելու, խոսելու կամ մտածելու մասին էր խոսքը: Ուղղակի դատարկված էինք, բայց կյանքը շարունակվում է, եւ պետք է ստեղծագործել: Իմ եւ Էմմայի կողմից նոր երգեր ծնվեցին, եւ եկավ մեր սիրելի հանդիսատեսի հետ հանդիպելու պահը»,- ընդգծեց նա:
Էմմա Պետրոսյանն էլ անչափ հուզված էր, հանդերձասենյակում նրանց շնորհավորում էին, ջերմ խոսքեր ասում ու հետները լուսանկարվում բազմաթիվ մարդիկ. «Կարոտից հազիվ էի հավաքում ինձ բեմի վրա, անընդհատ ամենուր էի եւ դժվարությամբ էի ինձ հետ բերում: Շնորհակալ եմ մեր հանդիսատեսին, բոլոր դադարներն էլ մեզ համար են, եւ ամեն մեկն ունի ժամանակի խտության եւ երկարության չափման իր միավորը: Թվում էր՝ երեկ էի բեմում»:
Երգչուհուն ստեղծագործելու ոգեշնչում տալիս են մարդն ու բնությունը, ցանկանում է առաջին հերթին հասկանալ, թե ո՞վ է մարդը, ի՞նչ ցավ եւ մտահոգություններ ունի եւ ինչպե՞ս կարող են օգնել իրար:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ TM Production-ի (Վարո Ռաֆայելյան)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: