×


Գարիկ Պապոյանը՝ առաջ եւ հիմա

Հիշո՞ւմ եք՝ ինչպիսին էր հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը 10 կամ 15 տարի առաջ: BRAVO.am-ը բացել է իր հսկայական արխիվը եւ առանձնացրել հետաքրքիր կադրերն ու դրվագները: Շատ լուսանկարներ ու մեջբերումներ հուշեր կարթնացնեն ու նաեւ կտեսնեք՝ ինչպես են փոխվել արտիստները վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում:

2009 թվական

«Ճաշակով տղեքը»

Գարիկ Պապոյանը երաժշտական փորձարկումներ անում է անհիշելի ժամանակներից: 16 տարի առաջ՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ին, նա եւ Միշոն «Մեգալոտ» ստուդիայում ձայնագրում էին «Inquam» ալբոմի վերջին թրեքը, իսկ BRAVO.am-ին վստահել էին բացառիկ անդրադարձը: Ռոքի, ռեփի եւ բլյուզի համադրությամբ ալբոմի երգերի գործիքավորումը Գարիկինն էր:


«Միշոյի ու «Հայ թիմ»-ի մյուս անդամների հետ ծանոթացել եմ, երբ առաջին անգամ նրանց հրավիրեցինք «32 ատամ»: Տղեքը ռեփեր են, բայց ընդհանուր ճաշակով տղեք են՝ ռոք են լսում: Մենք բենդ չենք, սա ուղղակի նախագիծ է: Հետագայում սոլո-ալբոմ եմ ուզում, մենակ ես կերգեմ, ռեփի մասը չի լինի: Դա այն է, ինչ սիրում եմ»,- մեզ հետ զրույցում խոստովանել էր 25-ամյա Գարիկը:


Նա պատմել էր, որ 8-րդ դասարանից է սկսել «բզբզալ» կիթառով: Ռոք-երաժշտություն լսելով է մեծացել ու կրում է ռոք-խմբերի ազդեցությունը. «Ինձ լավ կիթառահար չեմ համարում: Շատ եմ չարչարվել սրա վրա, մատերս ցավացրել, նոտա չգիտեմ»:

2010 թվական

«Մի՛ փնտրեք վատ բաներ»

15 տարի առաջ հունիսին BRAVO.am-ը հրապարակեց «Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը» հոդվածը՝ ընթերցողներին տեղեկացնելով, որ «32 Production»-ում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: «32 ատամցիներն» առանց Կարեն Բաբաջանյանի ու Վահագն Գրիգորյանի ասուլիս տվեցին եւ հայտարարեցին՝ խումբը նոր ղեկավարներ ու նոր անուն կունենա: (Օգոստոսին արդեն եթերում էին «Վիտամին ակումբ» անվամբ,-խմբ.)


Արդեն նոր պրոդյուսեր Գարիկ Պապոյանը փորձեց պարզաբանել, որ «վատ բաներ» չեն եղել. «Մենք շարունակում ենք ընկերություն անել, խումբը չի ցրվել, հեսա՝ այստեղ նստած ենք: Գեղարվեստական նոր ղեկավարը Ռոբերտ Մարտիրոսյանն է: Խմբի անդամներից բացակա են նախկին պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը, ովքեր մեր ընկերներն են»:


Ասուլիսի ժամանակ խմբի անդամները կեսկատակ խորհուրդ տվեցին. «Մի փնտրեք վատ բաներ, եթե փնտրեք, կգտնեք»:


Պապոյանը շարունակում էր նաեւ ստեղծագործել ալտերնատիվ ռոքի ժանրում, կրկին հայտնվել էր BRAVO.am-ի ֆոտոօբյեկտիվում: Նրանից հետաքրքրվել էինք՝ կա՞ մի երգ, որի հեղինակը կուզեր հենց ինքը լինել. «Մի քանի տարի առաջ, երբ լսեցի Muse խմբի Bliss-ը, հասկացա, որ ես պետք ա գրած լինեի այն: Այդպիսի երգեր շատ կան, որ լսում եմ ու ասում՝ ինչի՞ ես չեմ գրել»:


2010 թվականին «El Style» ամսագիրն անցկացրեց «30 ամենացանկալի հայերը» մրցանակաբաշխությունը: Գարիկը տիտղոսին հոմորով արձագանքեց. «Ինձ համար տարբեր համակարգիչներից քվեարկել են իմ տնեցիները: Ոլորտը, որտեղ ես հանդես եմ գալիս ու ճանաչում ունեմ, ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, չգիտեմ՝ ինչի համար են իմ օգտին քվեարկել, բայց շատ հաճելի է»:


2013 թվական

Առաջին սաունդթրեքը եւ ապագա փոքրիկի լուրը

12 տարի առաջ Ռուսաստանում մեծ էկրան բարձրացավ «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմը, որում հնչող մի շարք երգեր հեղինակել էր Գարիկ Պապոյանը: BRAVO.am-ն այս լուսանկարը ֆիքսել է կինոկատակերգության հիմնական սաունդթրեքի՝ Proposal of 6 Years Old («Վեց տարեկանի ամուսնության առաջարկ») երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Նա նշել էր՝ առաջին անգամ է երաժշտություն գրել ֆիլմի համար:


2013 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանն ու Մարիաննա Վարդանյանն առաջնեկին են սպասում: Ապագա մայրիկին լուսանկարել էինք Վաչե Թովմասյանի հարսանիքի ժամանակ:


2014 թվական

Ամելին

11 տարի առաջ Գարիկը սկսեց նկարահանվել ֆիլմերում: «Սուպեր մամա»-ն առաջին կինոկատակերգությունն է, որում Պապոյանը դերակատարում ունի: Հոկտեմբերին տեղի ունեցած պրեմիերային նրան լուսանկարել ենք ֆիլմի անձնակազմի հետ:


2014 թվականին հումորիստ-երաժշտի կյանքում շատ ավելի կարեւոր իրադարձություն էլ է տեղի ունեցել. փետրվարի 27-ին լույս աշխարհ եկավ նրա դուստրը՝ Ամելին:

Լուսանկարը՝ Անձնական արխիվ


2016 թվականը՝ կասկածելի

9 տարի առաջ մարտին «Շանթ»-ի եթերում մեկնարկեց «Վիտամին» փրոդաքշնի հեղինակած «Կասկածելի երեկո» թոք-շոուն: BRAVO.am-ը մասնակցել էր ժամանցային հաղորդման առաջին նկարահանումներին, զրուցել հաղորդավարներ Գարիկ Պապոյանի եւ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ, ֆիքսել այս կադրը եւ հետաքրքիր այլ դրվագներ:


2018 թվականը՝ լուսնային

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 7 տարի առաջ մարտի 31-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ամփոփեց երաժշտական տարին եւ հայտնեց լավագույնների անունները:


«Տարվա հիթ» անվանակարգում հաղթեցին Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը` Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգի կատարման համար: Նրանք իրենց մրցանակը հանձնեցին Էդգարի մորը` Աննա Էլբակյանին:


2019 թվական

Հմայակը

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը 6 տարի առաջ նոյեմբերին թողարկեցին «Համայակ» երգի քավեր տարբերակը: BRAVO.am-ը ներկա էր տեսահոլովակի շնորհանդեսին, եւ կրկին հետաքրքիր լուսանկարներ ունենք: Արտիստները շարունակում են գուսանական եւ ժողովրդական երգերը ներկայացնել նորովի մշակմամբ եւ ժամանակակից գործիքավորմամբ:



2021 թվական

Դիմակներ ու կեցվածքներ

Առաջին ալիքի եթերում հոկտեմբերին մեկնարկեց երաժշտական-ժամանցային նոր նախագիծ՝ միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդեսը»։ Ժյուրիի կազմին լուսանկարելու համար գնացել էինք կուլիսներ: Գարիկն, իհարկե, տաղանդավոր է նաեւ կեցվածքներ ընդունելու հարցում:):



2023 թվական

2 տարի առաջ արված այս լուսանկարում Գարիկ Պապոյանը եւ Իվետա Մուկուչյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում են: «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխությունից, որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում, երաժիշտը դատարկաձեռն չի հեռացել:


2025 թվական

Այս տարեմուտին, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի թեթեւ ձեռքով, 40-ամյա Գարիկ Պապոյանը օգտվեց ժամանակի մեքենայից, վերապրեց նախորդ ու ավելի երիտասարդ տասնամյակը, մի քիչ էլ չարաշահեց ընձեռված հնարավորությունը:):

Լուսանկարը՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW