Վալենտինի տոնից օրեր առաջ Իվետա Մուկուչյանը հայտարարեց, որ «Սիրում է» եւ այդ առիթով տեսահոլովակ է նկարահանել, որի աղմկոտ ու տարբերվող պրեմիերան երեկ երեկոյան էր:
Երգչուհին հայտնվեց կարմիր մուշտակով ու ականջօղերով, շուրջը լավ իմաստով խառնաշփոթ առաջացրեց, ծաղիկներ ստացավ, շփվեց տեսահոլովակում նկարահանված բազմազգ մասնակիցների հետ ու փոքրիկ բեմահարթակ բարձրացավ՝ ներկայացնելու իր նոր աշխատանքը:
«Այս տեսահոլովակն առաջին հերթին տարբերվում է արտակարգ թիմային աշխատանքով. երբ ամեն մեկը զբաղվում է իր գործով, ստանում ենք այդքան լավ արդյունք: Միասին մենք ուժ ենք եւ կարող ենք ինչ-որ բան փոխել: Ինձ պակասում է կադրից այն կողմ ներքին ազատությունն ու անկեղծությունը։ Այս աշխարհում ամեն ինչ շատ է փոխվել, եւ մենք ուզում ենք տեսնել ազնվություն, անկեղծություն, սեր, դրական հույզեր ու շփում մարդկանց հետ»,- հայտարարեց նա:
Ապա Մուկուչյանը ներկաներին ծանոթացրեց տեսահոլովակի ռեժիսոր, օպերատոր Ալբերտ Սարգսյանի հետ, որը կարողացել է իր մտքերն ու գաղափարները զարգացնել եւ արտահայտել կինոլեզվով: Նա նաեւ գովեց տեսահոլովակի ստեղծման գործում մասնակցություն ունեցած բոլոր մարդկանց, ովքեր մինչեւ նկարահանումը 2 շաբաթ շփվել են միասին ու ծանոթացել, որպեսզի երեւա նաեւ կադրից այն կողմ ստեղծված քիմիան:
«Անչափ մեծ պատասխանատվություն էի զգում, սիրտս ալեկոծվում էր մինչեւ նկարահանումները, նկարելու ընթացքում, հետո ու նաեւ հիմա: Ինձ սիրով ու հոգատարությամբ էիք շրջապատել, այս նախագծի շնորհիվ ապացուցեցինք, որ արվեստը փողի մասին չէ, որ շոուբիզնեսը կարող է լինել հիանալի ու ստեղծագործական մթնոլորտով լի: Նույնիսկ վերջին տեսարաններում, երբ թաց էր, ցուրտ ու անտանելի, ոչ ոք գեթ մեկ անգամ չբողոքեց պայմաններից, հավելյալ սնունդ ու հարմարավետություն չպահանջեց»,- անկեղծացավ ռեժիսորը:
Ապա Մուկուչյանը բեմ հրավիրեց իր 16 տարվա լավագույն ընկերներից մեկին՝ Սերժոյին, որի հետ երկարատեւ դադարից հետո են համագործակցել ու «Դաշտերով» նախագծից հետո նոր գործ ստեղծել: Երգչուհին համարում է՝ Սերժոն յուրահատուկ երաժշտական հոտառություն եւ անչափ դրական ներաշխարհ ունի:
«Միասին նոր ռետրո նախագիծ ենք սկսում, որի առաջին երգն է սա: Ուզում ենք այն հասանելի լինի բոլորին, այդ թվում՝ գյուղում ապրող Գեղամ ձյաձյային»,- ասաց նա ու Սերժոյի՝ «շատ տեղեկություններ դեռ մի տուր» բացականչությունից հետո առաջարկեց պարզապես միասին դիտել տեսահոլովակը:
«Սիրում եմ»-ը դիտելուց հետո երգչուհին նորից դիմեց ներկաներին. «Հույս ունեմ` հավանեցիք, իրոք, այս ամենը չէր իրականանա, եթե չգտնեինք այս գեղեցիկ մարդկանց, որոնք Հայաստանի գույներն են: Այս ամենի գեղեցիկ պահն ինձ համար այն էր, որ նկարահանման ժամանակ սիրահարվում էին իրար ու զույգեր ձեւավորում»։
Իր ընկերների, երկրպագուների ու հյուրերի հետ շփվելու, դիջեյի հնչեցրած երաժշտությունը վայելելուց ու մի քիչ պարելուց, տեսահոլովակը նորից դիտելուց, շնորհավորանքներ ստանալուց եւ լուսանկարվելուց հետո երգչուհին պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Պատմեց, որ Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգը դեռ տարիներ առաջ են ցանկացել Սերժոյի հետ նոր շնչով մատուցել ու որոշել են համատեղ նախագծում այն առաջինը ներկայացնել:
«Տեսահոլովակի բոլոր հագուստներն իմ զգեստապահարանից են եւ պատմություն ունեն: Մասնակիցները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, որոնք բնակվում են Հայաստանում: Ամեն անգամ տեսահոլովակը նայելիս մեկին ու նոր բան կնկատեք: Ուզում էինք մի քիչ գեթսբիական, բուրլեսկ, 20-ականների ու Իվետայի ոճով, մոդեռն մի բան նկարել, որ տարիներ հետո էլ հետաքրքիր կլինի դիտել»,- ասաց նա:
Երգչուհու խոսքով՝ ամենամեծ դժվարություններից մեկն այդքան մեծ քանակությամբ մարդկանց տեսախցիկի առաջ կառավարելն էր. ոչ բոլորը նկարվելու փորձ ունեն, ու եթե անգամ մեկը նայեր էկրանին, ամեն ինչ կփչանար: Դրա համար նախապես մոտ 2 շաբաթ շփվել են ու ծանոթացել իրար հետ, արտերկրից մասնակիցներ են ունեցել, որոնք սկզբում չեն էլ ճանաչել երգչուհուն, ինչը, կարծում է, նպաստել է անկաշկանդ ու ազատ աշխատելուն. «Շատ օգնեց այն, որ ոչ մեկը քմահաճություն չարեց, մեկ մարդու նման մինչեւ առավոտյան ժամը 9-ն աշխատեցին, իսկ ընդմիջումներին բոլորը երգում, պարում, սիրահարվում էին: Այսպիսի դրական նախագիծ չէի ունեցել»:
Մուկուչյանը խոստովանեց, որ իր բոլոր երազանքները հերթով կատարվել են: Իրեն երջանիկ է համարում, քանի որ կարողացել է նման մարդկանց հավաքել իր շուրջը: Նաեւ ընդգծեց, որ միշտ է սիրում ու, սովորաբար, կյանքում իր արտահայտած բոլոր հույզերն էլ շատ բուռն են ստացվում:
Իսկ նոր նախագծի վրա շարունակում էր աշխատել նույնիսկ պրեմիերայի օրը. նկարահանման հրապարակից էր եկել ու նորից վերադառնալու էր այնտեղ: Ոչինչ չմանրամասնեց, բացառությամբ, որ զուգերգ կներկայացնի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Լիանա Փանոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: