Այսօր անվանի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: 23 տարի է՝ ողջ չէ, բայց նրա գրական ու կինոժառանգությունը շարունակում են ապրել ու վառ պահել Մաթեւոսյանի հիշատակը: Գրողի 90-ամյակի առիթով BRAVO.am-ն առանձնացրել է նրա կյանքից ու ստեղծագործություններից հետաքրքիր դրվագներ:
Մաթեւոսյանը՝ ինքն իր մասին
«Հրանտ Իգնատի Մաթեւոսյան՝ հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք, մեր սարերը», «Բեռնաձիեր», «Խումհար», «Տաշքենդ», «Աշնան արեւ» վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն եւ ապա՝ միութենական հանրապետությունների եւ սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով… Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին՝ Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու Թումանյանի շրջան: 52-ից Երեւանում է, աշխատել է տպարաններում եւ թերթերի խմբագրություններում, սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմալեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին՝ Մոսկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական եւ Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին՝ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը՝ կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երեւան, ՀՀ»:
Ինչպես սկսեց գրել
23 տարեկան էր, երբ նոր ընդունված օրենքը գյուղացիներին արգելում էր ձի պահել՝ այն համարելով ավելորդ շքեղություն։ Եվ հայրը ստիպված էր շատ էժան գնով վաճառել իրենց ձիուն, բայց երբ մոտեցավ ձագ ունենալու ժամանակը, նա փախավ տիրոջ մոտ: Մաթեւոսյանի հայրը, որ կոշտ մարդ էր ու զգացմունքներին չէր տրվում, կնոջ ներկայությամբ լաց եղավ:
«Ես կգրեմ, ու թույլ կտան դարձյալ ձի պահել»,- հորն ասել էր Հրանտը:
«Իսկապես, ամենաագրեսիվ ցանկությունս, ամենասրված ցանկությունս, ինչքան որ գրել եմ, էդ է եղել, որ հորս ձին վերադարձնեն: Դա եղավ նշանավոր «Ահնիձոր» ակնարկը, որ իմ գլխին ե՛ւ կրակ դարձավ, ե՛ւ միաժամանակ գրականության, այսպես կոչված, առաջին պլան մղեց»,- տարիներ անց հիշել է նա:
Ակնարկի պատճառով Մաթեւոսյանին հեռացրին ինստիտուտից ու աշխատանքից, իսկ թերթերին հանձնարարվեց նրանից ոչինչ չտպագրել: Բայց իրական տաղանդը ոչինչ ու ոչ ոք չի կարող սպանել, ու Մաթեւոսյանը հայ լավագույն արձակագիրներից մեկը դարձավ:
Գրաշարը
Սովորելուն զուգահեռ Հանրապետության փողոցի վրա գտնվող տպարանում գիշերները գրաշար է աշխատել: «Լավ ժամանակներ էին, այնքան նպատակներ ունեինք, ժամանակը միշտ չէր հերիքում: Փող էլ չկար։ Ուզում էի սպիտակ տաբատ պիջակով, սպիտակ գլխարկով, ձեռքերս գրպանս դրած քայլել Երեւանի փողոցներով, ու որ ծառերը ծաղկած լինեն, երեխաները վազվզեն, մի քիչ անձրեւ գա, անձրեւից հետո օդը ուրիշ բույր ունի, արեւ դուրս գա, իսկ ես քայլեմ»,- այդ տարիներն այդպես է նկարագրել նա:
Գրողների մասին
Բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող Անահիտ Ադամյանի հետ զրույցում տարիներ առաջ Մաթեւոսյանն այսպես է արտահայտվել գրողների ու նրանց դերի մասին. «Ազգերի, ժողովուրդների, ժամանակաշրջանների առաջնորդները գրողների ստեղծած պատկերներն են: Յուրաքանչյուր գրողի պարտքն է ստեղծել իր ազգին առաջնորդող կերպար: Եվ եթե այսօր հայ հասարակությունը գնում է այդ պատկերի ետեւից, իր երգը չի երգում, իր խոսքը չի խոսում, դա հայ գրականության թուլությունն է: Նվազեցված դերով գրականությունը պռատ պատկեր է ստեղծել, եւ ժողովուրդը հիմա գնում է ոչ իր պատկերի ետեւից, գնում է ամերիկացու կռած-կոփածի ետեւից: Իր պաշտածը, իր կուռքը չէ, իր գտածը չէ, իր չափանիշներով չի ստեղծված: Դա մեր գրականության թուլությունն է»:
Գրողների միության նախագահը
1996-ի ապրիլի 30-ին համագումարում բաց քվեարկությամբ Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվելուց հետո Մաթեւոսյանն այսպիսի ելույթ է ունեցել. «Գրողների միության կյանքը վերադարձնելու ենք նորմալ, բնականոն հուն: Ես ձեզ բոլորիդ իբրեւ իմ ամենամերձավորների՝ ցավակցում եմ գրողների համար ստեղծված վիճակի պատճառով: Գրականությունը ծանր գործ է, որ տանում է կամ հերոսացման, կամ խելագարության: Իմ գործը պիտի լինի գրողներին օգնելը: Իմ առաջին քայլը պետք է լինի միջոցներ հայթայթել գրական մամուլի մարած կյանքը վերարծարծելու համար»:
Թումանյանն ու Բագրատ Հովհաննիսյանը
Գրականագետ Հովիկ Չարխչյանի տեղեկություններով, 1969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել գրողի 3 ստեղծագործության հիման վրա կինոալմանախ: Դրանց թվում էր նաեւ «Աղքատի պատիվը» պատմվածը, որը սցենարի վերածեց Հրանտ Մաթեւոսյանը: Սակայն ֆիլմի նկարահանումների շուրջ տարաձայնություններ առաջացան, եւ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Այդ ժամանակ Մաթեւոսյանը նամակ գրեց ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գեւորգ Հայրյանին այսպիսի բովանդակությամբ.
«Հարգելի Գեւորգ Արմենակովիչ,
Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» եւ Բագրատ Հովհաննիսյանի բախտը: Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող եւ Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, եւ կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին: Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:
Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթեւոսյան:
21. 4. 1969 թ.»:
Արդյունքում «Աղքատի պատիվը», որը էկրան բարձրացավ 1971 թվականին, նկարահանեց հենց Հովհաննիսյանը:
«Աշնան արեւը»
Գրողն ու կինոռեժիսորը թեեւ ընկերներ էին, սակայն միեւնույն ժամանակ էլ բավական բարդ հարաբերություններ ունեին, որոնք մասնավորապես սրվեցին «Աշնան արեւը» ֆիլմից հետո: Այդ մասին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որը ֆիլմի նկարահանումներից հետո ամուսնացել է Հովհաննիսյանի հետ.
«Մաթեւոսյանը նկարահանումներին չէր լինում, քանի որ մինչեւ այդ Բագրատի հետ ընդհարվել էին՝ չէր ուզում, որ նկարահանումներն անենք իրենց գյուղում։ Այնտեղ ոչ միայն Հրանտին չէին սիրում, այլեւ՝ նրա մորը, որովհետեւ Արուսը չէր կարող որեւէ մեկի կողքով հենց այնպես անցնել, անպայման պետք է ասեր, թե ինչ է մտածում. սուր լեզու եւ միտք ուներ, ամեն ինչ տեսնում ու հասկանում էր։ Նկարահանմանը հաջորդած 8 տարիները շատ ծանր էին՝ ֆիլմը թույլ չէին տալիս ցուցադրել: Երեւի, ֆիլմը ժամանակից շուտ արվեց, ու ժողովուրդը դեռ պատրաստ չէր դրան։ Բայց հետո հասկացան ֆիլմի իրական արժեքը: Այդ ծանր տարիներին էլ Բագրատն ու Հրանտը բարիշեցին, նա կնոջ հետ հաճախ էր գալիս մեր տուն, ինքներս էլ էինք գնում, որդուն՝ Դավիթին, շատ եմ սիրում: Հրանտը որոշեց հատուկ ինձ համար սցենար գրել, մեզ մոտ ոչ մի դերասանուհի նման պատվի չի արժանացել, որ կերպարը հատուկ իրենց համար ստեղծվի, այն էլ՝ նման հեղինակի կողմից: Այսպես ծնվեց «Տեր» ֆիլմը, որում խաղընկերս Խորեն Աբրահամյանն էր: Հրանտին ու Գալշոյանին շատ էի սիրում, իմ կարծիքով՝ Բակունցից հետո նրանք են եղել մեր լավագույն արձակագիրները»։
Սոֆիկ Սարգսյանի ծանոթությունը գրողի հետ
BRAVO.am-ի մեկ այլ զրույցում էլ Հրանտ Մաթեւոսյանի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, որն անձամբ է ճանաչել գրողին. «Մեր ծանոթությունը շշմելի էր. ինձ ֆոտոփորձերից հետո կանչել էին «Հայֆիլմ»՝ իմ առաջին ֆիլմի համար, որը քիչ չէ Բակունցի չքնաղ «Միրհավ»-ի հիման վրա է, չքնաղ սցենարն էլ Մաթեւոսյանն է գրել, կարդում ու խելագարվում ես։ Պարզվեց՝ Յուրի Երզնկյանի կողքին նստած մարդը Հրանտ Մաթեւոսյանն էր: Այն ժամանակ գրողների կամ ռեժիսորների նկարները չկային, որ ճանաչեինք, թեեւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն արդեն տեսել էինք, ընկեր Մալյանն էլ դասերի ժամանակ Հրանտից եզակի բաներ էր պատմել: Օպերատոր Ռուդիկ Վաթինյանին, ով ինձ լուսանկարել էր, հարցրի. «Իսկ ո՞վ է այն մարդը», ու շատ սովորական ասաց. «Հրանտ Մաթեւոսյանը»։ Ուղեղս թռավ, հանկարծ խելագարվեցի, արցունքներս միանգամից հոսեցին, զգում էի, որ մեծագույն մարդ է ներկա, բոլորը զարմացան, թե հետս ինչ եղավ»:
Ֆիլմից հետո նա Մաթեւոսյանի բոլոր գրքերը կարդացել է ու ռեժիսոր Յուրի Երզնկյանից ճշտել, թե նա որտեղ է ապրում. «Այն աստիճանի խենթություն բռնեց, երբ զգացի իր հանճարի մեծությունը: Երզնկյանը միայն ասել էր, որ Մաթեւոսյանի բնակարանը Պուշկինի վրա է, գնացի ու մտա ճիշտ մուտքը, բարձրացա ու զանգը տվեցի։ Մաթեւոսյանը դուռը բացեց ու հարցրեց. «Ո՞նց գտար»։ Քանի անգամ եղա նրանց տանն, ու միշտ ինձ շատ ջերմ էին ընդունում, դա մի հումորի տուն էր։ Հրանտը կնոջը կասեր. «Վերժին, դու Սոֆիկի հետ բալը մաքրիր, մենք գնանք, մի քիչ ֆռֆռանք». ընտանիքի բարեկամը դարձա։ Մեկ էլ հանկարծ ասում էի. «Վա՜յ, ես գնամ, կներեք, ձեզ խանգարում եմ», «Մենք կասենք՝ երբ գնաս»,- պատասխանում էին»,- կիսվել է Սարգսյանը:
Կինոսցենարները
Հիանալի ու սիրված գրող լինելուց բացի, Մաթեւոսյանը նաեւ ֆիլմերի սցենարներ է գրել: Իսկ այդ գործում հմտացել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացների շնորհիվ։ Նրան են պատկանում մեր ամենասիրելի մի քանի ֆիլմերի սցենարներ՝ «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արեւ», «Տերը» եւ այլն: Նա «Հայֆիլմ» է մտել մեծ դժվարությամբ, քանի որ նրա ձեռագիրը կինոյում ոչ միանշանակ ու միանգամից ընդունվեց:
2020 թվականին Շառլ Ազնավուրի հրապարակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ բացվել է Մաթեւոսյանի հոբելյանական աստղը։
The Guardian-ի անդրադարձը
2022 թվականին Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին, վերլուծել ու ներկայացրել այն: «Աբսուրդիստական հայկական երգիծանքը հեգնում է Խորհրդային Ռուսաստանը» վերնագրով հոդվածը լույս է տեսել «Cine Lumiere» կինոթատրոնում ու «Klassiki» սթրիմինգային ծառայության հարթակում ֆիլմի ցուցադրությունից առաջ:
«Եթե երբեւէ գոյություն ունենար հայկական նոր կամ գուցե աբսուրդիստական ալիք կինոյում, ապա 1969 թվականի այս վառ, դառն ու քաղցր ֆիլմը հայկական կինոյի առաջատարներից կլիներ: Այն սեփական վեպի հիման վրա ֆիլմի համար ադապտացրել է Հրանտ Մաթեւոսյանը, իսկ նկարահանել ռեժիսոր Հենրիկ Մալյանը։ Էլեգանտ ու անորսալի առակ է իշխանության եւ կառավարության մասին»,- նշված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակն առանձնացրել է ֆիլմի խորամանկ ու փիլիսոփայական հումորը, իսկ ոչխարներին համարել երկիմաստ խորհրդանիշ, որոնք կամ իշխանության պահանջած հարմարվողականության նշան են, կամ էլ շարունակում են վայրի, աննկուն ու չհանձնվող մնալ:
Դովլաթովի վրա ազդեցությունը
Գրող Սերգեյ Դովլաթովն ազգությանը ոչ մի նշանակություն չէր տալիս, բայց ամեն ինչ փոխվեց Հրանտ Մաթեւոսյանի հետ ծանոթությունից հետո: Այդ մասին նա պատմել է գրող Վիկտոր Երոֆեեւին տված հարցազրույցում.
«Երբեք չեմ զգացել, որ պատկանում եմ որեւէ ազգի: Հայերեն չեմ խոսում: Առաջ հայերի խնդիրներն ինձ համար նույնն էին, ինչ հնդիկներինն ու չինացիներինը, բայց վերջերս մի գրական խորհրդաժողովում ծանոթացա Հրանտ Մաթեւոսյանի հետ, որն ընդհանրապես ինձ պես չէ, իսկական հայ է, խենթանում է հայրենիքում կատարվող ամեն ինչից: Այնքան ամաչկոտ է, անկեղծ, բարի, ասեք հրեշտակ լինի: Ընկերանալով նրա հետ՝ սկսեցի շատ բաների իր աչքերով նայել: Նրա հանդեպ տածած սերն իմ մեջ առաջացրեց որոշ հայկական զգացմունքներ»:
Երեւանը
Գրողի սիրո խոստովանությունը Երեւանին ու այնտեղ բացվող ծաղիկներին. «Երեւանն իմ քաղաքն է՝ մաշկիս պես ծանոթ, մտերիմ, ցավագին իմը: Երեւանն իմ քաղաքն է. ամենից շատ Երեւանը սիրում եմ, երբ բացվում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները՝ մուգ եղրեւանիները, հետո ծաղկում են բարդիները, մի գիշերում, ու հաջորդ օրը քաղաքը պարուրվում է բարդիների կիսաիրական, կիսաանիրական մշուշով, ամենավերջում ծաղկում են փշատենիները»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի, Ալիս Տեր-Ղեւոնդյանի, Գերման Ավագյանի, Գագիկ Հարությունյանի, Նաիրա Մալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: