Պայքարելու, ոտքի կանգնելու գաղափարը երգում ունենալով եւ շատ էներգիա փոխանցելու խոստումով՝ երգիչ Պարգը (Պարգեւ Վարդանյան) Հայաստանը կներկայացնի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2025»-ում։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթանակից հետո նա կիսվել է իր ապրումներով. հուզված է, խառը զգացումներով եւ շատ ուրախ։
Հեռուստադիտողների ձայները նպաստեցին Պարգի հաղթանակին. միայն ժյուրիի քվեարկությամբ նա երկրորդ հորիզոնականում էր։ Ասում է՝ զգում է հանդիսատեսի սերն ու աջակցությունը, իր այդչափ մեծ էներգիան վերցնում է ծանոթ ու անծանոթ մարդկանցից։
«Նաեւ շատ շնորհակալ եմ իմ թիմին, պրոդյուսերին, ծնողներիս եւ կնոջս, որովհետեւ եթե իրենք չլինեին, ոչինչ չէր ստացվի: Այդ աջակցությունը վերցրի բոլորից ու բեմում ցույց տվեցի։ Հաղթել ու չհաղթելու միտքը բաց էի թողել. պետք է ուղղակի հաճույք ստանայի իմ ելույթից, բայց հիմա շատ երջանիկ եմ։ Աշխատասեր եմ, պատրաստ եմ էլ ավելի զարգացնել ելույթս ու եվրատեսիլյան բեմից կրկնակի էներգիա փոխանցել»,- նշել է երգիչը:
Պարգի «Survivor» երգի հեղինակներն են Ալեքս Վլիկեն, Թոմաս ՋիՍոնը, Արմեն Փոլը, Բենջամին Ալասուն, Եվա Ոսկանյանը, Ջոշուա Քուրանը, Մարտին Մուրադյանը։ ՋիՍոնի «Tattoo», «Euphoria» եւ Ալասուի «The Code» երգերը տարբեր ժամանակներում հաղթանակ են գրանցել այս մրցույթում։ Երգն ունի ոգեշնչման պատմություն, եւ կատարողն ուզում է, որ բոլորին հասնի իր ասելիքը. «Շատ տաղանդավոր թիմ է: Այն մարդիկ, ովքեր աշխատել են երգի վրա, ֆանտաստիկ են, ուզում եմ մտածել, որ մյուս տարի, այո, «Եվրատեսիլը» կարող է անցկացվել Հայաստանում։ Երգիս ուղերձն է ոչ մի դեպքում չհանձնվել. պետք է պայքարես: Բոլորն ունենում են դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ ու այդ լույսը»։
Համերգի ընթացքում Պարգին քաջալերելու եւ աջակցելու էին եկել ընտանիքի անդամները: Նրա մայրիկի խոսքով՝ անսպասելի էր, բայց հպարտություն է, որ իրենց որդին լավ ներկայացավ ու հաղթանակ գրանցեց։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ հեղինակի եւ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: