«Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը»՝ այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 156-ամյակն է, եւ այս օրը տարիներ շարունակ նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Տարեցտարի մարդիկ ավելի հետաքրքրված են մասնակցելու տոնին, ինչը նպաստում է, որ այս օրերին քաղաքն ավելի ջերմ դառնա, իսկ գրկագրքախառնությունները շատանան։
Քաղաքը կրկին «կարդում է»՝ փողոցներում, գրախանութներում, գրադարաններում, տարբեր փառատոնների ու միջոցառումների ժամանակ։
Փետրվարի 15-ին մեկնարկեցին «ԿարդաLove» եւ «Գիրք ու հոգի» փառատոնները, որոնք տեւեցին 2 օր, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ Newmag-ի Գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնը:
Փառատոնների շրջանակում կազմակերպվեցին գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ եւ հանդիպումներ արդեն հայտնի եւ սկսնակ գրողների հետ, որոնց մասնակցեցին ընթերցասերները։
Հատկանշական եւ խրախուսելի է, որ այս օրերին շատ ծնողներ երեխաների հետ են գալիս ընտրելու իրենց գուցե առաջին կամ հերթական գիրքը։
Քաղաքի մեծ ու փոքր բնակիչները շտապում են ընտրել այն գիրքը, որը կերջանկացնի եւ հիշարժան նվեր կդառնա իրենց սիրելի մարդկանց համար։
Գիրք նվիրելու օրը դառնում է ընթերցանության շուրջ միաբանվելու տոն, ինչի արդյունքում էլ գրականությունը դուրս է գալիս գրապահարաններից եւ դառնում է կենդանի, շնչող ու իր ընթերցողին տաք ու ձիգ գրկող։
Տեքստը եւ լուսանկարները՝ Հռիփսիմե Ավչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: