Այս տարի Գրքի տոնը մեծ ոգեւորություն առաջացրեց՝ միավորելով գրքասերներին։ Մարդիկ, որոնք գնահատում են բովանդակության արժեքը, հավաքվեցին, մասնակցեցին տարբեր միջոցառումների եւ նվիրեցին միմյանց շա՜տ գրքեր։
Տոնը, ցավոք, ավարտվեց, սակայն այժմ կարելի է այցելել Գրականության եւ արվեստի թանգարան, որտեղ գործում է «Ընծայագիր․ գիրք նվիրելու արվեստ» ժամանակավոր ցուցադրությունը:
Թանգարանն իր շուրջ 2 միլիոն ցուցանմուշից առանձնացրել է գրքեր, որոնք ժամանակին ընծայագրել են հայ եւ օտարազգի գրողները, մտավորականները։
Ընծայագրերը խոսուն վկայություններն են այն գրքերի, որոնք ժամանակի մեծերը նվիրել են միմյանց։ Դրանք ոչ միայն պարզապես բառերի վկայություններ են, այլեւ ջերմ բարեմաղթանքներ, որոնցից բացահայտվում է շատ մտերմիկ, ընկերական, սիրառատ հարաբերություններ։
«Սրանք ճանապարհներ, արահետներ են, որոնք մեզ տանում են դեպի մեր անցյալ, մեր ինքնություն։ Տանում են այն ժամանակները, երբ գրքի, գրի արժեւորումը պարզապես արմատավորված էր մարդկանց գիտակցության մեջ»,- ասել է Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
Նա հավելել է, որ, բարեբախտաբար, այսօր նկատում է գիրք նվիրելու մշակույթի զարգացման աննախադեպ աճ։ Ըստ տնօրենի՝ այս նախաձեռնությունը կարող է հրաշալի առիթ դառնալ, որ ընծայագրերի մշակույթը վերատարածվի։
Ցուցահանդեսի բացմանն այցելուները հնարավորություն ունեին ընտրելու եւ վերցնելու գրքեր, սկավառակներ, որոնք թանգարանը Գիրք նվիրելու օրվա առթիվ առանձնացրել էր նրանց համար։
Թանգարանը հաճախ է կազմակերպելու ժամանակավոր ցուցադրություններ, իսկ ընծայագրերի ցուցադրությունը կտեւի մինչեւ մարտի 7-ը։
Տեքստը եւ լուսանկարները՝ Հռիփսիմե Ավչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: