Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանուհի, հաղորդավար Դիանա Մալենկոն այսօր նշում է տարեդարձը: Այդ առիթով էլ հենց նա է դարձել BRAVO.am-ի բացահայտումների շարքի զրուցակիցն ու իր մասին հետաքրքիր մանրամասներ պատմել:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Քաղաքի մարդ չեմ. ինձ լավ եմ զգում քաղաքից դուրս՝ դանդաղ ռիթմի մեջ: Հավաքագրածս 2388 երգի մեծ մասն անգիր կարող եմ երգել: Եթե գործ չունեմ, կարող եմ օրերով տնից դուրս չգալ. այդ ընթացքում շատ երջանիկ մարդ եմ լինում (ծիծաղում է,-հեղ.):
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Կնշեմ վերջին տարում բացահայտած երեք գործ՝ Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը, Օլգա Տոկարչուկի «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպը՝ Զավեն Բոյաջյանի հրաշալի թարգմանությամբ: Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի գրաֆիկական շարքը՝ սեւ, սպիտակ գուաշով եւ սեւ թանաքով:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Ինքս ինձ հետ մտքում կատակներ եմ անում ու բարձրաձայն ծիծաղում դրանց վրա: Վերջերս եմ ուշադրություն դարձրել դրան:
- Գիտեի՞ք, որ Դին Մալենկո անունով պրոֆեսիոնալ ըմբիշ կա:
- Այո՜, գիտեմ:
- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:
- Մարդու եւ արվեստի:
- 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:
- Պատմությունների վայր եւ համընդհանուր զարգացման հնարավորության վայր է, իսկ հենց Դրամատիկականի դեպքում՝ սիրելի մարդկանց հավաքատեղի:
- Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:
- Ավելի լավ չեմ կարող ասել, քան Շեքսպիրը. «Դերասաններն առաքելություն ունեն հայելի պահել բնության առաջ, ցույց տալ առաքինությանն իր դեմքը, մոլորությանն` իր պատկերը եւ ժամանակներին՝ իր տեսքն ու տիպը»: Տեքստը մեր «Համլետ» ներկայացումից է եւ բնագրից փոքր-ինչ տարբերվում է: Իսկ իմն ու մեր ժամանակում եւ մեր երկրում ապրող մյուս դերասաններինն էլ՝ երեւի, հայ թատրոնի շարունակությունն ապահովելն է՝ չնայած թատերական ոլորտի ծանր վիճակին: Ու մի բան էլ մտքիս եկավ՝ իմ դեպքում՝ թատրոնը հանրայնացնելն իմ աշխատանքային այլ լծակների շնորհիվ:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Տեսնել երազներ կերպարիդ մասին:
- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարահանեն, ո՞ր դերասանուհին կկարողանա լավագույնս մարմնավորել։
- Ռոմի Շնայդերի դիմագծերով ու զգացմունքներով (իմ սիրելի դերասանուհիներից մեկն է ), բայց Զենդեյայի խառնվածքով (նույն ժամանակաշրջանի երիտասարդներ ենք) որեւէ դերասանուհի: Հստակ մեկին չեմ կարողանում գտնել:
- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:
- «Իմ ու քո»-ի չլինելը:
- Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:
- Մտածելու շնորհիվ: Մտածում ես ուսումնասիրվող կերպարների բնավորության, մտքերի, արարքների, պատճառահետեւանքային կապերի ու այլնի մասին: Հետեւություններ եւ համեմատություններ ես անում: Քեզ փորձում ես տեղավորել կերպարիդ, իսկ կերպարդ` քո մեջ, ինչի հետեւանքով էլ ինքնավերլուծության ես ենթարկում քեզ: Օրինակ՝ «Մեդեա»-ն ուսումնասիրելու ընթացքում բացահայտեցի որպես կին մեծանալս: Թեմաներն ու զգացողություններն ավելի մոտ էին ինձ, քան առաջին անգամ այդ գործը ուսումնասիրելու ժամանակ, երբ ավելի երիտասարդ էի: Սա հոգեվերլուծության մասին, բայց կա նաեւ տեխնիկական կողմը: Օրինակ՝ մինչեւ «Գանգսթեր Մաքը» ներկայացումը վստահ էի, որ մարմինս ի վիճակի չէ ֆիզիկական հնարքների, պարզվեց՝ այդպես չէ: Կամ Օֆելյայի մահվան հաջորդ տեսարանի համար շնչառության եւ թուքը կուլ տալու սեփական տեխնիկա մշակեցի, որ մարմինս հնարավորինս քիչ շարժվի եւ մահացած մարդու պատկերը հավաստի լինի: Դրա իրականացումը եւս բացահայտում էր ինձ համար:
- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:
- Միայնության հերքումը:
- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:
- Դե, իհարկե, Դրամատիկականն՝ իմ վարպետի՝ Գրիգոր Խաչատրյանի գլխավորությամբ: Մալյանի անվան թատրոնը՝ Նարինե Մալյանի հետաքրքիր աչքով եւ հոգով: Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը՝ իր լինելով (ծիծաղում է,-հեղ.):
- Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:
- Փորձ, փորձ, փորձ: Ինչքան շատ ես փորձում եւ փորձերին բացահայտումներ անում, այդքան լավ է ստացվում խաղդ:
- Իսկ ժամանակակից թրենդների բերած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:
- Շոուի տարրերն են ավելացել ե՛ւ ներկայացումներում, ե՛ւ դրանց փաթեթավորման մեջ, որոնք բավարարվածության խաբկանք են ստեղծում՝ անգամ հենց հանդիսատեսի մեջ (ծիծաղում է,-հեղ.):
- Սիրելի դերասան, որի հետ կուզեք նույն բեմում հայտնվել կամ ֆիլմում նկարահանվել:
- Դենիել Դեյ-Լյուիս եւ Թիլդա Սուինթոն:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Ընկերներիս խնդրեցի՝ մեկ բառով պատասխանեն: Ահա պատասխանները`«Օօօօ՜յ», «Ծիածան», «Ի՞նչ ասեմ՝ խայտառակություն», «Աստվածուհիս է», «Այլանդակ», «Եղբայր», «Հոգատար, զգայուն, սրտացավ, նուրբ, արտիստիկ»:
- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:
- Աստված կա:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Միագույն հագուկապ՝ ավելի բարձրահասակ է ցույց տալիս (ծիծաղում է,-հեղ.): Մեկ առանձնացող դետալ:
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Երեսկալով գլխարկներ (կեպկա) չեմ սիրում, հատկապես, երբ դրանք դնում են կանայք, բարձր ներբանով կոշիկները եւս իմ մասին չեն:
- Երեւանում ամենասիրելի անկյունները:
- Իմ տունը, ծնողներիս տունը եւ Դրամատիկին կից Գեւորգ Քոչարի անվան փոքր փողոցը՝ իր աստիճանաձեւ այգով: Էլի կան, իհարկե, բայց առաջնահերթ սրանք են:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Գուցե տարօրինակ հնչի, բայց նկուղի խոնավության բույրը: Դիլիջանի մեր տան առաջին հարկում մեծ նկուղ կա, որը մանկության տարիներին լի էր պահածոներով, թթվի մեծ տակառով եւ պապիկիս անվերջանալի հետաքրքիր գործիքներով, որոնք ամեն անգամ ուսումնասիրում էի նույն խանդավառությամբ: Մինչեւ հիմա այդ նկուղ մտնելիս կամ այլ վայրում նման բույր զգալիս տեղափոխվում եմ մանկություն:
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Երեւի, Հրանտ Մաթեւոսյանի: Որպես զրույցի թեմա կառաջարկեի հայ մարդու բնորոշման վերլուծությունը:
- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Իմ ուրախանալու ֆիլմն «Ընկերները» սիթքոմն է: Բացի այն, որ լիաթոք ու բարձրաձայն ծիծաղելու դրվագներ կան, 6 հերոսն ամբողջ կյանքի համար դառնում են մտերիմ ընկերներդ: Իսկ տխրելու ֆիլմը Լարս ֆոն Թրիերի «Խավարում պարողն» է: Խորապես տխրություն զգացել եմ այս ֆիլմը առաջին անգամ դիտելիս:
- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:
- Կյանքի բեռը որպես հոգու աճի ճանապարհ դիտարկելը: Օգնում է ապրել ու առաջ շարժվել:
- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն դերասաններին:
- Ուշադիր լինել մարդուն:
- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում, եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:
- Իրական դեմոկրատիայի բացակայությունը:
- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:
- Տարիներ շարունակ քրտնաջան աշխատելու, զարգանալու ցանկությունը վառ պահելու, «ես»-իս գերադասումը վերահսկելու փորձերիս համար:
- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:
- Սուրճ, երաժշտություն, ֆիլմեր, ծաղիկներ, խոսակցություններ:
- Ինչպիսի՞ն է կյանքը 30 տարեկանում եւ ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ:
- 30-ում կյանքն ավելի վստահ ու ազատ է ինքդ քեզ հետ հարաբերությունների առումով: Ինքս ինձ կմաղթեմ մայրանալ:
- Անմոռանալի տարեդարձ, որ երբեւէ ունեցել եք:
- Չեմ սիրում նշել տարեդարձս: Եթե չեմ սխալվում, մի երկու անգամ է պատահել, բայց անմոռանալի դրանք չեմ կարող կոչել:
- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:
- Երեւի, երկու ֆիլմով կփորձեմ պատասխանել այս հարցին: Երկուսն էլ իմ սիրելի ռեժիսոր Վիմ Վենդերսի գործերն են՝ «Ցանկության թեւեր»-ն («Երկինքը բեռլինի վրա») ու «Կատարյալ օրեր»-ը: Վենդերսը կյանքի պարզ ու փոքրիկ ուրախությունները հիշեցնելու վարպետ է: Նա կյանքի հանդեպ «քչակեր» լինելու թեմային հաճախ է անդրադառնում եւ առաջարկում իր ապրելու արվեստը, ինչն էլ շատ հոգեհարազատ է ինձ:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դիանա Մալենկոյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: