BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ մեր զրուցակիցը թատրոնի ու կինոյի դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Շատ եմ սիրում ասեղնագործել եւ թել ու ասեղի հետ խաղալ (ծիծաղում է,-հեղ.): Ահավոր նյարդայնանում եմ մարդկանցից, ովքեր ինձ հետ խոսելիս հեռախոսի մեջ են։ Սովորել եմ միաժամանակ 3 գիրք կարդալ, չգիտեմ՝ լավ է, թե ոչ: Չորրորդն էլ ասեմ՝ ինքս ինձ համար միշտ ծաղիկներ եմ գնում (ծիծաղում է,-հեղ.):
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Սուրենյանցի կտավները, Կամյուի «Անկումը» եւ Կուբրիկի ֆիլմերը:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Զվարճալի էր լսել, որ 2 անգամ ամուսնացած եմ եղել եւ ռուս եմ, որովհետեւ ազգանունս «յան»-ով չի վերջանում (ծիծաղում է,-հեղ.):
Ռոզի Ավետիսովան՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային
- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:
- Ժամերով կարող եմ խոսել ֆիլմերից, իսկ մարդկանց քննարկել չեմ սիրում:
- 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:
- Թատրոնում ես ամենաերջանիկն եմ ու ամենաիսկականը: Բոլոր սթրեսները հաղթահարվում են միայն թատրոնում: Թատրոնում ես տանն եմ:
- Նոր ներկայացում ստեղծելու ամենահաճելի ու դժվար պահերը:
- Հաճելի է նոր մարդ ստեղծելու եւ նոր գույներով ինքդ քեզ գտնելու ընթացքը: Բայց եթե ուզում ես լավը լինել, այդ ամբողջը տրվում է մեծ դժվարությամբ:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Ամենազավեշտալին այն է, որ դու կարող ես 18-րդ դարի կուրտիզանուհու հագուստով հայտնվել ֆուդ կորտում եւ դա քեզ համար նորմալ լինի, քանի որ թատրոն տանող ճանապարհին է: Կարծում եմ՝ սա միայն դերասանուհու հետ կարող է լինել (ծիծաղում է,-հեղ.):
- Դերասանների ամենամեծ վախերը:
- Բոլոր դերասանները վախենում եմ մոռացված ու անտեսված լինել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագետների կողմից:
Ռոզի Ավետիսովան՝ Մարգարիտ Գոթյեի կերպարում («Կամելիազարդ տիկինը»)
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:
- Բեմում տարբեր հոգեվիճակներ են լինում, բայց բեմ դուրս գալու վախն ինձ երբեք չի լքում:
- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:
- Կուզեի հանդիպել Գարի Օլդմենին եւ հասկանալ, թե ինչպես կարելի է այդքան տարբեր ու համոզիչ լինել:
- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել, ու ինչպե՞ս են դա արել:
- Իմ առաջին մեծ դերը եղել է Նաստասիա Ֆիլիպովնան՝ «Ապուշը» ներկայացման մեջ, որն էլ մեծ ազդեցություն ունեցավ իմ՝ դերասանուհու տեսակի ձեւավորման գործում:
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:
- Արվեստը մեզ թույլ է տալիս փախչել իրականությունից, ապրել տարբեր էմոցիաների եւ աշխարհների մեջ: Առօրյա եւ կենցաղային հոգսերի մեջ չմոռանալ ծաղիկներ գնելու մասին (ժպտում է,-հեղ.):
- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:
- Սիրում եմ Մալյանի անվան, Համազգային եւ Փոքր թատրոնները: Կառանձնացնեմ Նարինե Գրիգորյանին, Նարինե Մալյանին եւ Վահան Բադալյանին:
«Կամելիազարդ տիկինը»
- Ձեր ուսուցիչները, որոնցից կյանքի մասին ու մասնագիտական կարեւոր խորհուրդներ եք ստացել:
- Իմ՝ դերասանուհի եւ մարդ լինելու գործում մեծ ներդրում ունեն Վահե Շահվերդյանը եւ Գրետա Մեջլումյանը: Առանց այս երկու մեծերին հանդիպելու երբեք չէի լինի այն, ինչ կամ որպես մարդ ու մասնագետ: Այն արժեքները, որոնք այսօր կրում եմ եւ որոնցով առաջնորդվում, մեծամասամբ իրենց շնորհքն է:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Առաջինը կասեն, որ կատուների համար խելագարվում եմ (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:
- Հուսահատության պահեր գրեթե չեմ ունենում, բայց երբ փոքր-ինչ նշմարվում է նման բան, ապա կատուներս շատ արագ ինձ օգնության են հասնում իրենց սիրով, եւ իմ գլխում գծում եմ նոր մոտիվացիաներ ստեղծագործելու եւ ապրելու համար:
- 5 իր, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:
- Առաջինը՝ գիրք, արեւային ակնոց, գրիչ, նոթատետր, ժամացույց:
Ռոզի Ավետիսովան
- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:
- Միայն ինձ եմ հավատում, եւ դա բավարար է:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Կրում եմ միայն այն, ինչն ինձ է սազում. թրենդներն ինձ հետաքրքիր չեն:
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Բնական մորթուց մուշտակ երբեք չի լինի իմ զգեստապահարանում:
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Ամենալավ տեղը միայն իմ տունն է:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Միայն թզի ծառի հոտն է ինձ տանում մանկություն եւ հիշեցնում Թիֆլիսում պապիկիս տունը:
- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Հատուկ վայրեր չկան, բայց առանձնահատուկ սիրում եմ Կասկադի տարածքը:
Ռոզի Ավետիսովան
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Շատ կուզեի մեկ գավաթ սուրճի շուրջ երկար զրուցել Հրաչյա Ներսիսյանի հետ:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Հիմնականում կատուներիս եմ շատ նկարում (ծիծաղում է,-հեղ.):
Ռոզի Ավետիսովայի կատուները
-Վերջին մեկ տարում ամենաշատ տպավորած 3 մարդիկ:
- Ցավոք, չեմ կարող նշել մարդկանց, որոնք վերջին մեկ տարում ինձ հասցրել են տպավորել:
- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Շադեի «King of Sorrow»-ն, Արամ Mp3-ի եւ 3.33 խմբի «Սկսում ենք» երգը:
- Ինչի՞ց եք հրաժարվել 2024-ին կամ պատրաստվում եք հրաժարվել այս տարի:
- Հրաժարվել եմ երեկոյան սուրճից եւ բացասական մարդկանցից (ծիծաղում է,-հեղ.):
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Ինձ միշտ ոգեշնչում են տաղանդավոր մարդիկ, շրջագայությունները եւ ես:
Ռոզի Ավետիսովան
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Կուզեի պրոֆեսիոնալ ձիավարություն սովորել:
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Վախեցել եմ օդապարիկով թռչել, բայց հաստատ մի օր կանեմ (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:
- Բարեբախտաբար, ոչինչ չի պակասում:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Ամենաշատը շնորհակալ եմ հենց կյանքի համար:
- Ի՞նչ կար 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք հասցրել կյանքի կոչել:
- Պարտադիրների ցանկից էր «Կամելիազարդ տիկինը» ներկայացումը, որը միշտ ցանկացել եմ իրականացնել՝ ի հիշատակ վարպետիս՝ Վահե Շահվերդյանի:
Ռոզի Ավետիսովան՝ Մարգարիտ Գոթյեի կերպարում («Կամելիազարդ տիկինը»)
- Ինչի՞ շնորհիվ ամենաշատը կհիշվի 2024 թվականը:
- Ծննդյանս օրն Իտալիայում եմ նշել եւ դա, իհարկե, մոռանալ չի լինի (ծիծաղում է,-հեղ.):
- 2025-ի համար մաղթանք՝ ինքներդ Ձեզ ու բոլորիս:
- Աշխարհաքաղաքական ինչ փոթորիկներ եւ թոհուբոհեր էլ լինեն, երբեք չկորցնենք մեր ինքնությունը: Քիչ նախանձենք ու շատ սիրենք իրար:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից, BRAVO.am-ի, «Թատրոն տանիքում»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: