×


Երեք տղամարդու խճճված կյանքն ու կարման. «Շունչը» նոր ներկայացում ունի

Բժիշկ, ավազակ, հարուստի որդի՝ ինչը կարող է կապել այս երեք հոգուն, մի՞թե նրանց կարման կարող է նույնը լինել։ «Շունչ» թատրոնը երեկ ներկայացրել է իր նոր՝ «Կարմա» հոգեբանական դրաման:

Երեք տղամարդ փակված են մի սենյակում, որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը, արդարությունն ու վրեժը միահյուսվում են՝ դարձնելով իրավիճակն ավելի բարդ եւ անորոշ։ Պիեսը գրել է Էդգար Կոստանդյանը, բեմադրել է Շուշան Ղազարյանը:


«Այս աշխատանքն իր գույնով տարբերվում է մեր մյուս ներկայացումներից։ Բոլորս պատասխան ենք տալու մեր լավ կամ վատ արարքների համար՝ սա է կարմայի գաղափարը: Ներկայացման մեջ կան կարեւոր հուշումներ, որոնք կօգնեն մեր հասարակությանը վերանայել իրենց կյանքը, ծանրութեթեւ անել սեփական քայլերը»,- նշել է «Շունչ» թատրոնի տնօրեն, դերասան Սամվել Դանիելյանը։


Անսպասելի ընթացքով ներկայացումը պտտվում է խորհրդավոր աղջկա ու կարմայի շուրջ։ Մյուս դերակատարներն են Սաշ Սուքիասյանը եւ Սեր Մովսիսյանը։ Վերջինս հարուստի շփացած տղա է, ով ունի առողջական խնդիր եւ իր սեփական ողբերգությունը։


«Կերպարս մանկատանն է մեծացել, որից հետո իրեն որդեգրել են: Եվ այդ բարդույթներով ամբողջ կյանքն ապրել է։ Իր նոր ընտանիքը տվել է գումար, բայց ամենակարեւորը՝ սեր չի տվել։ Նա էլ իր սերը չի կարողանում ապրել... Իմ ամենաբարդ կերպարներից է»,- ասել է «Շունչ» թատրոնի պրոդյուսեր, դերասան Սեր Մովսիսյանը։


Ստեղծագործական թիմը նշում է՝ ամենակարեւոր գաղափարը, որը դրվել է ներկայացման մեջ, ապաշխարելն է, քանի դեռ կա հնարավորություն։ Դերասան Սաշ Սուքիասյանի համար «Կարմա»-ում հավաքական միտքն է ավելի էական, քան իր առանձին կերպարը․ «Հանցագործ է, որն աստիճանաբար սկսում է վերլուծել իր վարքը եւ եզրահանգումներ անել»։


Նոր ներկայացումն իր ուրույն տեղն ունի Արվին Քոչարյանի համար․ այս անգամ նա ոչ միայն պաստառի դիզայներն է, այլեւ պաշտոնական սաունդթրեքի հեղինակը. «Դեռ պիեսը պատրաստ չէր, հանդիպեցինք, պատմեցին, ինձ հարազատ թեմա էր՝ մարդու հոգեկան խաղերը, ապրումները, եւ առաջարկեցի բնական հույզերով պաստառ ստանալ։ Երբ խոսում էինք երաժշտությունից, Սերն ասաց՝ կուզեր, որ ագռավ լինի բեմում, իսկ իմ տեսահոլովակներից մեկում այն կար։ Պատմեցի երգերից մասին, լսեցին «Միստիկուս» նախագծից Hazel Green եւ The Forgotten Queen երգերը, որոշեցինք օգտագործել, ու ամբողջությամբ ադապտացրի ներկայացման համար»։

Ներկայացման կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է, իսկ բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է։


Ռեժիսոր Շուշան Ղազարյանի երրորդ համագործակցությունն է «Շունչ»-ի հետ. մինչ այս բեմադրել է «Պատերազմի ցեցը» եւ «Խառնաշթոփ» ներկայացումները։ Նրա խոսքով՝ հետաքրքիր ավանդույթ ունեն․ «Գաղափարը ծնվում է, թեման որոշում ենք, քննարկում, հետո դիմում դրամատուրգին, այս անգամ՝ Էդգար Կոստանդյանին, որին եւս թեման շատ դուր եկավ եւ հետաքրքրեց»։


Էդգար Կոստանդյանը նշել է, որ «Կարմա»-ն այն քիչ գործերից է, որ վերնագրից են սկսել. «Այդպես ավելի բարդ է։ Առաջ դրամատուրգը գրում էր, հետո վերցնում ու բեմադրում էին, իսկ հիմա ասում են՝ իրենց հարկավոր է սա։ Նրանք առաջարկեցին, ու չափազանց հեշտ գրեցի, քանի որ Շուշանի եւ մյուսների հետ լավ հասկացանք իրար։ Այս մարդիկ ապրում են թատրոնով ու այս ամենով՝ գիշեր ու ցերեկ»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW