BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվարի ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Իվետա Մուկուչյան ՝ 74 հիշատակում,
• Ավետ Բարսեղյան ՝ 69 հիշատակում,
• Էրիկ Կարապետյան ՝ 63 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Փետրվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Իվետա Մուկուչյանն է: Սիրո տոներին ընդառաջ երգչուհին նոր աշխատանք ներկայացրեց՝ «Սիրում եմ» տեսահոլովակը, որի երգի հիմքում Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» ստեղծագործությունն է:
Նախորդ ամիս մեծ էկրան բարձրացավ «Բարի օր 2» կատակերգությունը, որում Մուկուչյանը եւս նկարահանվել է:
Երգչուհին անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին եւ նշել, որ իր համար իսկական արտիստ է Սիմոնը: Լրատվամիջոցներում տարածվել է նաեւ Իվետա Մուկուչյանի՝ Զանզիբար կղզում անցկացրած հանգստի լուսանկարներն ու տեսանյութերը:
Ավետ Բարսեղյանը երկրորդ հորիզոնականում է: Փետրվարին Newmag հրատարակչությունը ներկայացրեց Ավետ Բարսեղյանի առաջին՝ «Հայելիս» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնի շրջանակում:
Ավետ Բարսեղյանը խոստովանել է՝ բոլոր ընկերների ներդրման շնորհիվ է ստեղծվել գիրքը. «Վերնագիրը միասին ենք որոշել։ Ու այն տպագրվեց իրենց ճնշման ներքո: Գիտե՞ք՝ ես չեմ սիրում տպված գիրք. ինձ համար ձեռագիրն ավելի կարեւոր է։ Իսկ այս ծնունդն իսկապես շատ կարեւոր էր, հավատս մինչ օրս չի գալիս, որ տպված վիճակում կա: Նայեք հայելուս մեջ ու տեսք ձեզ։ Այս գրքում կան մարդկային բոլոր հույզերը՝ վախից ատելություն, ատելությունից սեր։ Ու մարդիկ իրենց համար հաստատ մի բան կգտնեն»։
«Հայելիս» գրքի շնորհանդեսին
Գրքի տոնին ընդառաջ Բարսեղյանը եւ Արամ Ավետիսը ftNFT ֆիջիթալ սփեյսում գրել եւ ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։
Երրորդ հորիզոնականում Էրիկ Կարապետյանն է: Փետրվարին երգիչն ահազանգեց, որ Մալախովի հաղորդմանն իր երգը ներկայացվել է որպես ադրբեջանական, եւ պատրաստվում է պայքարել իր իրավունքների համար:
«Ես լռել եմ, բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ ռուսական «Ռոսիա 1» պետական ալիքով «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոու»-ի եթերում արդեն երկրորդ անգամ իմ երգը հնչեց առանց որեւէ թույլտվության ու աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ցավալի եւ ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ: Երաժշտությունը Երեւանում գրել եմ 2018 թվականին, իսկ բառերը Գրիգոր Կյոկչյանինն են»,- հայտնել է երգիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: