Երգիչ Էրիկ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգի կապակցությամբ: Նրա խոսքով՝ կատարումը տարիներ շարունակ անօրինական կերպով ձեւափոխել, աղավաղել ու աշխարհի տարբեր երկրներում տարատեսակ լեզուներով երգել են առանց թույլտվության:
«Ես լռել եմ, բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ ռուսական «Ռոսիա 1» պետական ալիքով «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոու»-ի եթերում արդեն երկրորդ անգամ իմ երգը հնչեց առանց որեւէ թույլտվության ու աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ցավալի եւ ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ: Երաժշտությունը Երեւանում գրել եմ 2018 թվականին, իսկ բառերը Գրիգոր Կյոկչյանինն են»,- հայտնել է երգիչը:
Կարապետյանը շեշտել է, որ խնդրին իրավական ընթացք է տվել եւ օրենքի սահմաններում պայքարելու է իր հեղինակային իրավունքների համար: Նա շեշտել է, որ ցանկացած ստեղծագործություն առանց հեղինակի թույլտվության օգտագործելն ու փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է:
«Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները: Բայց նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր, տեսնելով այս ամենը, արձագանքում են եւ իրենց աջակցությունը հայտնում ինձ»,- ավելացրել է երգիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: