Մեկ ամիս Երեւան քաղաքի պատմության թանգարանում հնարավոր է բացահայտել «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքները». ցուցադրվում են 19-20-րդ դարասկզբի ասեղնագործ հանդերձանք եւ եզակի ներքնազգեստներ՝ շուրջ 500 տարբերվող եւ յուրահատուկ նմուշ: Դասական երաժշտության հնչյունների ներքո եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ ցուցադրության բացումը:
Երեւանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Օրբելյանը Bravo.am-ին պատմել է, որ տարեսկզբին 2025-ի ծրագրերը կազմելիս որոշել են կանանց տոների շրջանակում առաջին անգամ ներկայացնել իրենց ֆոնդում պահվող բացառիկ ցուցանմուշները:
«Մեր կողմից համարձակ քայլ էր, քանի որ մինչ այս չէինք ցուցադրել ներքնազգեստ, սեղմիրաններ, կորսետներ ու վարտիքներ: Բոլորն էլ նրբագեղ ասեղնագործ աշխատանքներ են եւ տարիների ընթացքում թանգարանին են փոխանցվել տարբեր ժառանգների կողմից: Այստեղ ունենք Մուշի, Վանի, Այնթափի, Կարսի ասեղնագործության դպրոցներին պատկանող յուրահատուկ նմուշներ, որոնք հիմա էլ արդիական են ու մերօրյա շատ վարպետներ կրկնօրինակում են այդ զարդանախշերը»,- ասել է նա:
Խոստովանում է, որ թանգարանի ողջ անձնակազմն է նվիրված աշխատել, որպեսզի 1,5 ամսում հասցնեն կազմակերպել ցուցադրությունը, իսկ ահա գրավիչ խորագիրն ինքն է երկար մտածել ու գտել: Հավաքածուն իսկապես շատ գաղտնիքներ է պարունակում, քանի որ երկու դար առաջ ապրող կանայք իրենց զգեստապահարանն ու արդուզարդի պարագաները խնամքով թաքցնում էին: Հավաքածուն համալրել են ու ավելի ճոխ դարձրել տարբեր աքսեսուարներով՝ արծաթե գոտիներով, քունքակախիկներով, օծանելիքով, հին ու գեղեցիկ կահույքով եւ սպասքով:
Թանգարանի առաջին հարկում էլ ցուցադրված են նամակներ, բացիկներ, մարգարտե ապարանջան, լուսանկարների ալբոմներ, ինչպես նաեւ գործում է ֆոտոանկյուն: Ցանկացողները կարող են ընտրել 19-20-րդ դարերի ժամանակաշրջանին հատուկ որեւէ հագուստ ու լուսանկարվել։
Պարզվում է, ցուցադրությունը ոչ միայն այցելուների համար է շատ գաղտնիքներ պարունակում, այլ իրականացնելու ընթացքում թանգարանի աշխատողներն էլ են իրենց համար նոր բացահայտումներ արել:
«Իմացա, որ շալվարատիպ վարտիքները երիտասարդ աղջիկները կրել են մինչեւ ամուսնանալը: Ցուցադրությունը մեզ համար էլ ինքնակրթվելու նոր առիթ հանդիսացավ. պետք է նախ ինքներս ամեն ինչի մասին մանրամասն իմանանք, որ հանրությանն էլ կարողանանք ներկայացնել։ Բոլորս էլ տարբեր ցուցադրությունների ենք գնում ու հիանում ձեւավորմամբ եւ գեղեցկությամբ, բայց այդ ամենի հետին պլանում երկար ու մանրամասն աշխատանք է տարվում»,-ավելացրել է տնօրենի պաշտոնակատարը:
Ցուցադրությունը նվիրում են թանգարանի բոլոր կին աշխատակիցներին, Երեւանի բնակիչներին ու քաղաք այցելած զբոսաշրջիկներին: Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանն ուրախ է, որ վերջապես իրենց բացառիկ ցուցանմուշները հանրությանը ներկայացնելու առիթ է ընձեռվել, ու դրանց մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել:
«Մեր թանգարանն ասեղնագործության եւ գործվածքների բավական մեծ հավաքածու ունի, որոնք տարբեր երկրներից հայ կանանց ձեռքի աշխատանքներ են: Դրանք տասնամյակների ընթացքում նվիրատվությունների շնորհիվ են ձեռք բերվել, եւ այս անգամ նախապատվությունը ներքնազգեստներին ենք տվել, որ մի քիչ էլ ինտրիգ հաղորդենք ցուցադրությանը»,- նշել է նա:
Հավաքածուի իսկական զարդն արարատյան դպրոցին պատկանող գոտիով ու գոգնոցով հարսանեկան զգեստն է՝ ստեղծված մետաղաթելով ու ձեռքի նուրբ աշխատանքով:
Թեեւ թանգարանում 18-րդ դարի ասեղնագործության նմուշներ էլ ունեն, սակայն Ամիրջանյանի խոսքով՝ ցուցադրության համար ոչ բոլորն են ընտրել նաեւ տարածքի փոքր լինելու պատճառով: Ներկայացված ներքնազգեստների եւ զգեստների քանակը 200-ի է հասնում, իսկ ընդհանուր ցուցահանդեսինը՝ 500-ի:
«Հիմնականում հայ կնոջ նրբագեղությունն ու ճաշակն ենք ցույց տալիս, ու թե ինչպես է ավանդական տարազից անցում կատարվում դեպի եվրոպականը՝ բայց պահպանելով ազգայինը, ինչը շատ կարեւոր է։ Դա առաջին հերթին արտահայտվում է ասեղնագործության մեջ: Ուրախ եմ, որ ցուցահանդեսը համընկավ կանանց միամսյակի հետ, ինչի առիթով շնորհավորում եմ ու ցանկանում, որ հատկապես երիտասարդները տեսնեն, թե մեր մայրերն ու տատիկներն այս հագուստներն ինչպես են կրել: Նորահարսերի շատ գեղեցիկ հագուստներ ունենք, որոնք ժամանակակից կանայք ու աղջիկներն էլ սիրով կկրեն»,- ավելացրել է նա:
Ամիրջանյանը պատմել է տարիներ առաջ Սիրիայում սկսված պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված բարեկամների բերած մասունքների մասին. «Նրանք կնունքի շապիկներ են նվիրել, որոնք այսօր եւս ցուցադրված են: Այս նմուշների պես շատերը Հալեպում են մնացել եւ ոչնչացվել, իսկ այդ մի քանիսը մենք կարողացել ենք փրկել»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագեպե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: