×


Միասնականություն եւ հզոր էներգիա. «Կարին»-ի պարի բաց դասերը՝ ոգեշնչման մեծ աղբյուր

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է կազմակերպել «Մեր պարերը եւ մենք» հայկական պարի ամենամսյա բաց դասերը՝ համախմբելով ազգային մշակույթը գնահատող մարդկանց։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական մշակույթի տարածող Գագիկ Գինոսյանի անժամանակ մահվանից հետո նրա գործը շարունակում է դուստրը՝ Անի Գինոսյանը՝ պահպանելով եւ տարածելով հայկական ավանդական պարերի ավանդույթները։

«Մեր պարերը եւ մենք» հերթական բաց դասը նվիրված էր ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին. «Կարին» խումբը զորավարի հիշատակին հանդես եկավ «Մշո խըռ» եւ «Յարխուշտա» ռազմապարերով՝ խորհրդանշելով նրա հերոսական պայքարը եւ մարտական ոգին։


Խմբի ղեկավար Անի Գինոսյանն ասաց, որ «Մեր պարերը եւ մենք» նախագիծը սկիզբ է առել 2005 թվականի դեկտեմբերին՝ «Նարեկացի» արվեստի միությունում, եւ այս տարվա դեկտեմբերին կնշի 20-ամյակը։

«Այս տարիների ընթացքում միջոցառումը մի քանի անգամ ընդհատվել է պատերազմի եւ համավարակի պատճառով, սակայն մենք միշտ վերադարձել ենք, որպեսզի շարունակենք մեր գործը»,- ընդգծեց նա։

Անի Գինոսյանը


Ձմռան ամիսներին ազգային պարերի բաց դասերը կազմակերպվում են ՆԱՄ-ում, իսկ 2011 թվականից սկսած՝ ամռան ամիսներին միջոցառումը տեղափոխվում է Կասկադ՝ վերածվելով մեծ տոնախմբության։ Անի Գինոսյանը հավելեց, որ ակտիվորեն աշխատում են Գագիկ Գինոսյանի կիսատ թողած ծրագրերը շարունակելու եւ նորերը կյանքի կոչելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ «Կարին» գիտական կենտրոնը շարունակում է իր գործունեությունը, հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Ազգային երգ ու պար» առարկան, Զինված ուժերում շարունակվում է ռազմապարերի ծրագիրը, գործում է Ազգագրության թատրոնը, իրականացվում է «Ինքնության ճանապարհ» նախաձեռնությունը, որի շրջանակում կազմակերպվում են գաղափարական ճամբարներ, ինչպես նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում «Կարին» նվագախումբը, որը շուտով պատրաստվում է թողարկել ալբոմ եւ տեսահոլովակ։

«Կարին» ավանդական երգի եւ պարի խմբի պարուսույց Մխիթար Դարմոնցն իր աշխատանքն անում է մեծ սիրով։ Բաց դասերի ընթացքում նա այցելուներին սովորեցնում է ավանդական հայկական պարեր, որոնք ներառում են ռազմական, ծիսական, աշխատանքի, ճանապարհի եւ առօրյա պարեր։


«Ազգային պարերի հիմնական գաղափարը «Մենք»-ի հավաքական եւ միասնական կերպարն է։ Ուս ուսի տված պարերը, երբ կողքիդ կանգնած հայրենակցիդ հետ կատարում ես նույն շարժումը, ստեղծում են ներքին հոգեվիճակ՝ պայքարի եւ համախմբվածության համար»,- ասաց նա։

Դարմոնցը հավելեց, որ ավանդական պարերը վերականգնում են ազգային ինքնության արժեքները, խթանում միասնականությունը եւ ձեւավորում անսասան ազգ, որը կրում է նույն արժեհամակարգը։

«Խորհրդային տարիներից ի վեր մեր պարերը ներկայացվել են բեմերում, սակայն «Կարին» խմբի առաքելություններից մեկն այն է, որ դրանք բեմից իջնեն ու դառնան հասանելի բոլորին»,- եզրափակեց պարուսույցը։


Աննա Ջոթյանը 2021 թվականի հունվարից հաճախում է պարի դասերին։ Նա աշխատում է չբացակայել, որովհետեւ դասերը նրան տեղափոխում են շատ ներդաշնակ տարածք, որտեղ գաղափարակիցների հետ շուրջպար կազմելը շատ է ջերմացնում իրեն։

«Ես հավատում եմ, որ շուրջպարի ժամանակ այն շրջանները, որոնք մարդիկ կազմում են, կենտրոնում մեծ էներգիա է կուտակվում, որը փոխանցվելով շատ մեծ ուժ է տալիս նրանց»,- ասաց նա։


Բաց դասերի ընթացքում ամեն պարից առաջ Անի Գինոսյանը ներկայացնում է դրա պատմությունը, որպեսզի ներկաներն ավելի խորը ճանաչեն ավանդական պարերի մշակութային եւ պատմական արժեքը: Բացի այդ, ըստ ավանդույթի, ամեն բաց դասի վերջում նոր մի քանի անդամ ստանում է խրախուսական նվերներ՝ գիրք, սկավառակ եւ այլն, որոնք ավելի են ոգեւորում կրկին մասնակցել դասերին:

Հաջորդ բաց դասը տեղի կունենա մարտի 28-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում։

Հեղինակներ՝ Հռիփսիմե Ավչյան, Ալվարդ Շահնազարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW