«Ժիրո-Իվան» 16 մասից բաղկացած սիթքոմում իրադարձությունները ծավալվում են եղբայրների ռեստորանում, որոնք հեռուստադիտողին հայտնի են «Արմենիա»-ի մեկ այլ՝ «Սյուրպրիզ» նախագծից: Գործողությունների կիզակետում Ժիրոն եւ Իվանն են, բայց նրանց շուրջ նոր դեմքեր ու անհասկանալի իրավիճակներ են։
Նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանի խոսքով՝ եղբայրների կերպարները առանձնահատուկ էին սիրվել. «Հաջող դուետ են: Սիթքոմը ոչ թե համատեղ բիզնեսի, այլ այն մասին է, թե ովքեր են իրենց կյանքում հայտնվում՝ դրական եւ բացասական կերպարներ: Կարծում եմ՝ ծիծաղելի է ստացվել: Երեւի, երկրորդ եթերաշրջան էլ կունենա, եւ նրանց էությունն ավելի խոր ցույց կտանք: Նույնիսկ մտքեր կան անդրադառնալ նրանց մանկությանը»:
Ավագ եղբոր դերակատարը Լեռնո Հարությունյանն է. «Կրկին դիմանում եմ Ժիրոյի պարսավանքներին եւ անդաստիարակություններին, բայց որքան դիմանում եմ, կրկնակի սիրում եմ եղբորս: Առաջարկը փոքր-ինչ անհանգստացրեց. արդեն հաջողություն գրանցած կերպարներ էին, կործանման վտանգը շատ մեծ էր, եւ այդպես վախենալով մտել եմ նկարահանման հրապարակ, բայց երկրորդ օրը մխիթարվել եմ, որ հնարավոր է՝ նորից հաջողենք»։
Վաչե Երիցյանը չի կարծում, որ իր մարմնավորած կրտսեր եղբոր կերպարն անսովոր պահվածք ունի, թեեւ նրա քայլերի արդյուքնում մեծ եղբայրն արդեն կաթվածահար է լինում. «Ժիրոն պարզապես այսպիսին է եւ կարող է մտածել, որ բոլորն են տարօրինակ, ոչ թե ինքը: Նախորդ սիթքոմի կերպարները փոփոխության գրեթե չեն ենթարկվել եւ հիմա իրենց կյանքը շարունակում են այլ տարածության մեջ։ Մինչ այս քիչ էի աշխատել հեռուստատեսային միջավայրում եւ սովորեցի, թե ինչպես են ստեղծվում բազմասերիանոց սիթքոմները, ինչն ինձ համար հաջողություն եմ համարում»:
Երիցյանը նաեւ խոստովանել է, որ նկարահանումներից դուրս մարդիկ, իհարկե, զգում են իր եւ այս կերպարի տարբերությունները:):
Սիթքոմում հանդես են գալիս Սաթի Ջանիբեկյանը, Աննա Մանուչարյանը, Նինա Տիտանյանը, Լեւոն Սարգսյանը, Արտավազդ Առաքելյանը եւ այլք:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Արմենիա»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: