×


Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը

Իրադարձություններ, որոնք կատարվում են ոչ ավելի, ոչ պակաս՝ դժոխքում։ Ու այդ դժոխքում հայտնվելու ցանկություն են հայտնում հայերը: Սատանան ամեն պատճառ բերում է, համոզում է նրանց, որ Հայաստանից լավ տեղ չկա. ինչպե՞ս կարելի է «ապագա», «խաղաղության պայմանագիր» ու «հրաշալի ասֆալտ» ունեցող երկիրը թողնել ու գալ դժոխք: Դեպքերը զարգանում են Կամերային թատրոնում. Արա Երնջակյանի «Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն» պիեսը վերաբեմադրել է Արշո Հարությունյանը:


Պարզվում է՝ դժոխքում գտնվողների եւ երկրի վրա ապրող մարդկանց կյանքում շատ ընդհանրություններ կան: Սատանային մարմնավորում է Սենիկ Բարսեղյանը: Ասում է՝ 30 տարի առաջ գրված պիեսը արդիական է, զարմանում է դրամատուրգիայի ֆենոմենի վրա։ Սատանայի իր կերպարն, իհարկե, նախորդից տարբերվում է, բայց խոստովանում է՝ շատ բան է սովորել առաջին դերակատար, լուսահոգի Գեորգի Ամիրաղյանից:

«Նոր էի ընդունվել թատրոն: Այդ ժամանակ աշխատակազմի ղեկավարի դերում էի, իսկ հիմա մարմնավորում եմ սատանայի հավաքական կերպարը: Ներկայացումը հոռետեսական կատակերգություն է, գործողությունները տեղի են ունենում դժոխքում, որտեղ հայտնվել են տարբեր մասնագիտություններ ունեցող հայեր: Այն պատմում է մեր իրականության մասին, հայի տեսակի ու բնավորության մասին: Յուրաքանչյուրը կգտնի իրեն այստեղ»,- նշել է դերասանը:


Դժոխքի պոետ Ավետ Զոհրաբյանը դարձյալ հավաքական կերպար է, որն ունենում այն բոլոր ապրումները, ինչ բոլոր պոետները. «Որքան էլ զարմանալի ու անհեթեթ թվա, այս դժոխքում էլ կա սեր, փող, արվեստ, բազմաշերտ հարաբերություններ, կռիվ ու բաժանում»։


Վիկտորյա Սահակյանը դժոխքի լրագրողն է, որը սիրահարվում է սատանային, ու իրադարձությունները զարգանում են շատ հետաքրքիր կերպով. «Իհարկե, այս ներկայացման մեջ բոլոր կերպարներն են տարօրինակ, քանի որ նրանք, հայտնվելով դժոխքում, շարունակում են ապրել այն կյանքով, որով ապրել են մինչ այդ։ Անգամ այնտեղ խելքները գլուխները չեն հավաքում։ Շատ չեմ ուզում տարանջատել իրականությունը մեր դժոխքից, քանի որ գործընթացները զարգանում են այնպես, ինչպես հիմա։ Կերպարիս տարօրինակությունն այն է, որ սիրահարվում է սատանային, իհարկե, շատ կանայք կսիրահարվեին այդպիսի սատանայի, եւ հատկապես լրագրողը»: Կեսկատակ ընդհատում եմ. «Լրագրողը տեղով սատանա է»: Վիկտորյան էլ հումորով շարունակում է. «Եթե դա Ձեզ չի նեղացնի՝ այո, կա նման բան: Իսկ իրականում այս ներկայացումը մտածելու տեղիք է տալիս»։


Գործող կարեւորագույն անձանցից են ոչ միայն դժոխքի ղեկավարը, որը ինչ-որ չափով երգիծական կերպար է, այլեւ աշխարհի հնագույն մասնագիտությունն ունեցող կանայք՝ մարմնավաճառները: Նրանցից մեկին մարմնավորում է Էվա Խաչատրյանը։

«Ինձնից ինչ որ մասնիկ կա կերպարում՝ ճշմարտությունը բարձրաձայնող, անարդարության դեմ կռիվ տվող։ Իսկ այս մարմնավաճառի կերպարում կա չափից ավելի ճշմարտություն, քան՝ մեր թվացյալ աշխարհում։ Բարի, ազնիվ մարդկանց դիմակների տակ լրիվ հակառակ պատկերն է։ Այս ներկայացման մեջ տեսնելու ենք մեր իրականությունը, բացասական շերտերը՝ վախկոտությունը, պայքարի ուղին չբեռնելը»,- ասել է դերասանուհին:


Էվա Խաչատրյանի խոսքով՝ ներկայացման ավարտին Երնջակյանը, ինչպես իր բոլոր գործերում, տալիս է այդ ամենից դուրս գալու բանալին։

Ռեժիսոր Արշո Հարությունյանը շեշտում է՝ Արա Երնջակյանի թեմաները ցավեցնելու աստիճան արդիական են. «Փշաքաղվելու աստիճան մեր կյանքի ու իրականության մասին է՝ անկախության տարեգրությունից մինչ մեր օրեր։ Երնջակյանն իր պիեսներում գուշակություններ է արել։ Այս հոռետեսական կատակերգությունում դժոխքը համեմատվում է Հայաստանի հետ, բայց դժոխքի ու մեր օրերի մեջ շատ ընդհանրություններ կան»:


Ռեժիսորը նկատում է՝ երբ ժամանակին խաղում էին այս ներկայացումը, այդքան ուշադրություն չէին դարձնում հնչող մտքերին. «Նույնիսկ մի անգամ ասել եմ՝ «Մի գրեք, էլի: Ինչ գրում եք՝ կատարվում է»։ Մենք ներկայացման ամբողջ ընթացում ծիծաղում ենք մեր մենթալիտետի, մտածելակերպի, մեր ազգային տեսակի ու բովանդակության վրա: Ավարտը սառը ցնցուղի է նմանվում։ Հանդիսատեսն այս ներկայացումից ստանալու է իր չափաբաժին տխրությունը, ցավը, հաճույքը, սերը»:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW