Ընտանեկան ամենատարբեր իրավիճակներ, հարեւանություն՝ լի կոնֆլիկտներով ու համեմատություններով, սեր ու նոր կարգավիճակ գլխավոր հերոսներից ոմանց համար․ ապրիլի վերջից «Արմենիա»-ի եթերում կցուցադրվի «Բոլոլա 4»-ը: Այս օրերին ընթանում են նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնցից մեկին էլ ներկա է եղել BRAVO.am-ը:
Նախագծի պրոդյուսեր եւ խիստ ու ավանդապաշտ հոր դերում հանդես եկող Արմեն Պետրոսյանը նշել է՝ դիտողների դրական արձագանքներն են ոգեւորել շարունակել նախագիծը:
«Սիթքոմը հեռուստատեսային, նաեւ յութուբյան բարձր վարկանիշ ունի: Համարում եմ՝ կերպարները պետք է լինեն կյանքից եւ մարդկանց ծանոթ՝ ավելի գրոտեսկային գույներով: Հավաքական է նաեւ իմ մարմնավորած ոստիկանի կերպարը, որն անցել է թոշակի: Հայրս ոստիկան էր, բայց նրան չեմ կրկնօրինակում. նա այս խստության մարդ չէր, բայց հավաքել եմ տարբեր մարդկանց բնավորությունները, որոնց հետ երբեւէ առնչվել եմ»,- ասել է Մենչը։
Չորրորդ եթերաշրջանում նոր ընտանիք է հայտնվելու. Գարիկ Սեփխանյանի կերպարը գնդապետ է, ով դեռ թոշակի չի անցել եւ Արմեն Պետրոսյանի կերպարը նախանձով է վերաբերվում նրան։ Սեփխանյանի կերպարի կնոջ դերում Նանո Քալաշյանն է, որի հետ էլ սկսում է հակամարտել դերասանուհի Զառա Սահակյանի մարմնավորած կերպարը:
«Շատ թիթիզ կնոջ դերում եմ՝ գնդապետի կին, ով սիրում է գումար ծախսել, գնումներ կատարել։ Իմ խաղացած ակտիվ կերպարները ինչ-ոչ չափով նաեւ իմ իսկական բնավորությանն են համապատասխանում: Մեծ պատասխանատվությամբ եմ մասնակցում նկարահանումներին»,- ասել է Նանո Քալաշյանը:
Արդեն սիրված ամուսնական Ռոզա եւ Սաքո զույգը խորամանկություններով կներկայանա նաեւ «Բոլոլա 4»-ում: Դերերում Ագնեսա Շահնազարյանը եւ Արտյոմ Կարապետյանն են։ Նրանք վաճառել են իրենց բնակարանը եւ մնացել առանց տան, կրկին շարունակում են խառնաշփոթ ստեղծել մյուսների կյանքում:
Այս եթերաշրջանում Մենչի կերպարը պապիկի դերում է, իսկ նոր կարգավիճակը նրան տվել են Մագա Հարությունյանի եւ Նորայր Եղյանի կերպարները։ Նախորդ եթերաշրջաններում երկար պայքարելով իրենց սիրո համար՝ արդեն համերաշխ են եւ փորձում են զբաղվել երեխայի դաստիարակությամբ:
Դերասան Աղաս Մանուկյանի խոսքով՝ իր կերպարն էլ այս անգամ հայտնվում է անելանելի իրավիճակում, որի մասին որոշեց չպատմել։ Սակայն խոստովանեց, որ թիմում ամենաշատը Մենչին է սիրում, եւ դա չվախեցավ անել Մագա Հարությունյանի ձեռքում հայտնված ռեկվիզիտային ատրճանակի սպառնալիքի տակ:): Դերասանական կազմը խոստովանել է, որ նկարահանումներն անցնում են ջերմ մթնոլորտում, իսկ, դե, ծիծաղն անպակաս է:
Սիթքոմում շարունակվում են նկարահանվել նաեւ Անի Արզումանյանը եւ Աննա Խաչիկյանը։ Սցենարի հեղինակը Ռաֆայել Ջալալյանն է, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: