×


«Ռաս ալ-Խայմայում կայացած միջոցառումը չցուցահանդես էր. այսպես հայրենիք չեն ներկայացնում». Նուռ

Նկարիչ, դիզայներ և քանդակագործ Արման Նուռը 13 նկարիչների հետ միասին վերջերս է վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ հրավիրված էին ներկայացնելու ժամանակակից հայ կերպարվեստը: Նկարիչները, որոնք առավելագույնս պատրաստվել էին Ռաս ալ-Խայմայում արդեն տեղի ունեցած Made by Armenians խորագրով ցուցահանդեսին, բախվել են բառի բոլոր իմաստներով դատարկության: Նրանց գնահատմամբ, առաջին հերթին այս վերաբերմունքը երկրի, արվեստի և հետո նոր արդեն արտիստի նկատմամբ անթույլատրելի ու անօրինական է: Նկարիչների խոսքով, սա պարզապես «չցուցահանդես» էր: Այս մասին զրուցել ենք Արման Նուռի և նկարիչ, կոնցեպտուալիստ Սերո Սողոմոնյանի հետ, ով նույնպես այդ խմբում էր:

Արման Նուռ.

«Կազմակերպիչները` Անի Մանուկյանը քրոջ հետ, եկան իմ արվեստանոց և առաջարկեցին մասնակցել ցուցահանդեսին: Նրանք բավականին ճոխ ներկայացրին սպասվելիք ցուցահանդեսը, ինչից հետո ես համաձայնեցի, ինձ հետ էլ՝ ինձ վստահելով, համաձայնեցին նաև 13 նկարիչներ: Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո ի հայտ եկան էլեմենտար թղթաբանական անկազմակերպ իրավիճակներ, որոնց հաջորդեցին հյուրատան հետ կապված խնդիրներ, որից հետո էլ՝ արդեն պահանջ` նկարների չափսերը, ֆորմատը փոխելու, ինչին դժվարությամբ, բայց համաձայնվեցինք:


Երեք գիշեր անքուն լուսացրել եմ, որպեսզի ունենամ փոքր չափսի նկարներ, քանի որ բոլոր նկարներս այժմ Միացյալ Նահանգներում են ցուցադրվում: Երբ հասա Աբու Դաբի, ըստ պայմանավորվածության, պետք է տրանսֆեր լիներ, որն ինձ կտեղափոխեր հյուրանոց (որը, պարզվեց, ներկայացվածի լրիվ հակապատկերն էր` հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններով): Տրանսֆերն այդպես էլ չժամանեց, և ինքս, 4 ժամ օդանավակայանում անիմաստ սպասելուց հետո, իմ միջոցներով հասա հյուրատուն: Ժամանումից երկու օր անց արդեն պիտի լիներ ցուցադրության առաջին օրը, որը նույնպես չեղարկվեց, քանի որ մեր 54 գործերը, որոնք պետք է կախեինք, տեսակավորեինք, դեռ մեզ չէին հասել: Բացման առաջին օրը անցավ պարզապես դատարկ պատերով: Եվ ոչ միայն մեր նկարներն էին բացակայում, այլև հովանավորների ապրանքները: Բառիս բուն իմաստով դատարկություն էր և ուրիշ ոչինչ: Մեր նկարները ժամանում են միայն երրորդ` եզրափակիչ օրը, և մենք, արագ ինքնակազմակերպվելով, կախում ենք գործերը, իսկ ցուցադրության համար ունենում ընդամենը 3 ժամ: Պայմանագրի մեջ, սակայն, ամեն ինչ այլ կերպ էր նշված. 3 օր ցուցադրություն, 3 օր արտ փերֆորմանս... Մենք մեծ ու յուրահատուկ ցուցադրություն էինք նախագծել, տարբեր էսքիզներ ու 3D մոդելներ արել:

Այս ամենի մեջ ամենավատն այն է, որ կազմակերպիչները համարում են, որ իրենք ստացված ցուցահանդես են արել` մեզ անվանելով անշնորհակալ ու մի բան էլ «զվյոզդը տարած»: Այս ամենի ֆոնին հակառակ մի բլոգում ցուցադրված են ռակուրսային հնարքով այնպիսի կադրեր, որ թվում է, թե ներկաներն անթիվ են եղել ու ընդհանուր էքսպոն ակտիվ է ընթացել: Մենք, սակայն, ունենք իսկական կադրեր, որոնցում դատարկություն է և ուրիշ ոչինչ»:

Սերո Սողոմոնյան.

«Մենք բավականին ուսումնասիրել ենք ստեղծված իրավիճակը և հասկացել, որ արաբական կողմը կատարել է իր պարտավորությունների մեծ մասը: Նրանք նույնիսկ հրավիրել էին պակիստանցի մենեջերի, ով պետք է տեխնիկապես կազմակերպեր ամբողջ պրոցեսը, և նա, ի դեպ, ժամանել էր Լոնդոնից: Իսկ մեր` հայկական կողմը, պարզվեց, նույնիսկ չէր վճարել այդ մենեջերին: Մեկ ուրիշ բան ասեմ. Արման Նուռի հետ միասին համագործակցում էինք «Yev by Gregorian» գինեգործների հետ, և միայն ցուցահանդեսի բացումից 3 ժամ առաջ է մեզ հասել պրոդուկտը, որը ևս պիտի ցուցադրվեր:


Տեխնիկական մասով ոչ մի պատասխանատու չկար, որպեսզի այդ գինիները դասավորեին համապատասխան տեղերում` ցուցադրության:

Այդ հինգ մետր բարձրության տաղավարը հավաքեցինք մենք` նկարիչներս, և վերոնշյալ կազմակերպության հիմնադիրը: Մեզ տվել էին ընդամենը մի պատ, և մենք պետք է իմպրովիզ անեինք` ինչպես ստեղծենք որակյալ ցուցադրության տաղավար:

Պայմանագրում կետ կար, ըստ որի պետք է անպայման Էմիրություններում կազմակերպվեր հանդիպում այնտեղի գործարարների հետ, որպեսզի մեր երկրի արտադրողները սպառում ունենային: Ընդամենը մի հանդիպում է լինում ազգությամբ հնդիկ գործարարի հետ, ով զուտ իր բրենդն է ներկայացնում, և համագործակցության համար առաջարկում այնպիսի աստղաբաշխական գումարներ, որ ոչ մի բիզնեսմեն չի համաձայնվում: Իսկ մեր պայմանագրի մասով կոնկրետ երկու կետ կա, որ չի կատարվել: Առաջինն արդեն Նուռն ասաց. մեր գործերը մեզ են հասել չափազանց ուշ: Եվ երկրորդը` մեր նախատեսած փերֆորմանսի համար մեզ պետք է տրամադրեին նյութեր, իսկ մենք ստացել ենք դրանց ընդամենը 20-30 տոկոսը»:


Սերոն և Նուռը խոսեցին նաև մեծագույն խնդրի մասին, ասելով. «Խնդիրը միայն մեր` արվեստագետներիս հանդեպ վերաբերմունքը չէր, ավելի առանցքայինն այստեղ պետություն ներկայացնելու հարցն էր: Նման կերպ հայրենիք չեն ներկայացնում»:

«Ես իմ արվեստով ամբողջ աշխարհով 40 տարի է ինչ ցուցադրվում եմ, բայց նման խայտառակություն դեռ չեմ տեսել: Ինձ երբեք այսքան նսեմացված ու մանրացրած չեմ զգացել, որքան հիմա: Ամբողջ կյանքս իմ կարիերան կառուցել եմ երկիրս պատշաճ ներկայացնելով»,- եզրափակեց Նուռը:

Ալբինա Բուջատյան
Լուսանկարները՝ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW