×


«Այս ելույթը զեկույց է Հայրենիքին»․ Արման Հովհաննիսյանի մենահամերգը՝ 17 տարի անց

Սիրառատ երեկո, այնպիսին, ինչպիսինն են նրա երգերը։ 17 տարի ընդմիջումից հետո Մարզահամերգային համալիրի բեմում ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն է։ Bravo.am-ին հաջողվել է կարճ զրույց ունենալ երգչի հետ համերգից առաջ։ Խոստովանում է՝ հայաստանյան հանդիսատեսի առջև ելույթ ունենալը կրկնապատկում է պատասխանատվությունը։

«Յուրահատուկ հանդիսատեսի շնորհիվ  ես 17 տարի անց գտնվում եմ նույն դահլիճում։ Միայն հպարտության ու երախտագիտության զգացում  ունեմ։  Հույզերս,  զգացմուքներս բառերով անհնար է նկարագրել։ 17 տարի,17 ժամ, թե հավերժ՝ ժողովուրդն է որոշում արտիստի բեմական կյանքի լինելիությունը։ Իսկ այս պարագայում ուղղակի անգնահատելի է այն սերը, որ տալիս է ինձ իմ հանդիսատեսը»,– ասում է երգիչը։


Ամենակարևոր  երաժշտական սնունդը երգիչը ստանում է Հայրենիքից։

«Հայրենիքից ես սնվում դու՝ երաժշտությունը, ստեղծագործելը էներգետիկան, ամեն ինչ ստանում ես Հայրենիքից»,- ասում է Արման  Հովհաննիսյանն ու համերգային ծրագիրը բացում Գուսան Շահենի «Սարեր կաղաչեմ» երգով։

Շուրջ 3 ժամ կենդանի հնչողությամբ համերգի ընթացքում հնչեցին արտիստի հին ու նոր երգերը։ Համերգը հարուստ էր նաև դուետներով։ Արման Հովհաննիսյանի հետ բեմն իրենց կատարումներով կիսեցին Սարոն, Ավրաամ Ռուսոն, Ձախ Հարութը, Արմենչիկը, Նորոն և Սարինա Կռոսը։ Սակայն առավել պատասխանատու դուետը թերևս իր ուսուցչի՝  ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ էր։


«Երբեք չեմ մոռանա իմ  երաժշտական արմատը»,- հայտարարեց երգիչն  իր հավերժ ուսուցչին բեմ հրավիրելով։ Եվ հենց այս համերգի համար էլ նրանք կատարեցին Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը։

«Երջանիկ եմ, որ իմ Արմանը հասել է նման հաջողությունների։ Արմանի այսօրվա ելույթը զեկույց է  Մայր Հայրենիքին»,– ասաց Ռուբեն Մաթևոսյանը ու հիշեցրեց, որ դեռեւս 2020–ին Լաս–Վեգասի փառքի ճեմուղում գրվեց իր աշակերտի անունը շատ հայտնի մարդկանց կողքին, որոնցից մեկը  Ջենիֆեր Լոպեսն էր։

Դեռ 17 տարի առաջ Արման Հովհաննիսյանի համերգը վարում էր Նազենի Հովհաննիսյանը, որն այս անգամ դահլիճում հանդիսատեսի դերում էր։ Սակայն երգիչն առաձնահատուկ անդրադրաձավ Նազենիին, վերջինս էլ վստահեցրեց, որ այս տարիները Արման Հովհաննիսյանին  դարձրել են ամենաթանկ ու որակյալ խմիչքի նման լավ ու ազնիվ։


Ավետ Բարսեղյանը, որը համերգը համ վարում էր, համ էլ որպես հանդիսատես ժամանակ առ ժամանակ վայելում, նշեց, որ Արմանի բոլոր ընկերները բոլոր ասպարեզներից եկել են այստեղ, որպեսզի լինեն իրենց ընկերոջ կողքին։ Բոլորին հորդորեց երգչին ուղարկել դրական էներգիա, իսկ մնացածն արդեն  կփոխանցեն արտիստը և Հայաստանի լավագույն երաժշտախմբերից «Կարեն-Սևակ»  բենդը։

Համերգի ռեժիսոր Արթուր Մանուկյանը հիշում է, որ 17 տարի առաջ նա որպես հանդիսատես էր ներկա, իսկ հիմա արդեն ներկայանում է որպես ռեժիսոր։ Նրա խոսքով, մոսկովյան համերգը որոշակի փոփոխությունների են ենթարկել, բայց հիմնական կորիզը մնացել է։

«Արմանի երգացանկում լրացումներ պետք չի անել, քանի որ նա ունի շատ խիտ էներգիա։ Իր պարագոյում ուղղակի պետք է կազմակերպել  ճիշտ ու գրագետ՝ երաժիշտների հետ հանդես գալ։ Ոչ մի ավելորդ բան արված չի։ Ինձ համար Արմանն այն արտիստներից է, ում պետք չի բեմադրել, որ ինքը վերևից իջնի, պարողները նրան օգնեն և այլն։ Ինքն իր երգով ու էներգետիկայով «վերցնում է» հանդիսատեսին»։   


Համերգը  հուզիչ պահերից  անմասն չմնաց։ Ընկերները Արմանի  կյանքում առանձնահատուկ տեղ ու դեր ունեն։ Իսկ երկնային կյանքին հրաժեշտ տված ընկերներն՝ առավել ևս։ «Իմ ընկեր» զուգերգը չէր կարող  չհնչել։ Արա Մարտիրոսյանի ձայնը լսելի եղավ էկրանից, իսկ Արմանինը՝ բեմից։

Երգի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը նշեց՝ Արմանն այն արտիստն է, որ գիտի կյանքի, ընկերոջ ու ճանապարհի գինը։ Իսկ այս լեփ–լեցուն դահլիճն էլ խոսում է այն մեծ սիրո մասին, որ տալիս է նրան ժողովուրդը։  

Տեքստը՝ Արմինե Գևորգյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW