×


Վարշամ Գեւորգյանն ու Լիլյա Մուկուչյանը` լավագույն դերասան եւ դերասանուհի. «Արտավազդ 2025»-ի հաղթողները

Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակի առթիվ այս տարի 24-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվել է Կապանում:

Մրցանակների քանակով հերթական անգամ առաջատարը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն է, որն արժանացել է 6 «Արտավազդ»-ի: Լավագույն դերասանը Վարշամ Գեւորգյանն («...իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո) է, իսկ լավագույն երիտասարդ դերասանուհին՝ Միլենա Ղազարյանը («Լակոտը», Թագուհի): Լավագույն ներկայացումը, մանկական ու երիտասարդական ներկայացումները «Լակոտը», «Բարկանո՞ւմ ես»-ն ու «Մարդը ափի մեջ»-ն են, բոլորի բեմադրիչն էլ Նարինե Գրիգորյանն է, առաջին աշխատանքի դեպքում համահեղինակը Անդրանիկ Միքայելյանն է: Լավագույն երաժշտության հեղինակը վերջին երկու ներկայացման համար գրել է Արմեն Շահինյանը: Լավագույն թատերախոսականն էլ Անի Հարությունյանի «Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումն» է:

Մրցանակների քանակով առաջատարին քիչ է զիջում Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը: Լիլյա Մուկուչյանը («Սպանդի աստվածը», Վերոնիկա Վալլոն) լավագույն դերասանուհին է: «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացման համար լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սուրեն Շահվերդյանը, Թեհմինե Խաչատրյանը երկրորդ պլանի լավագույն կին դերակատարն է` նույն ներկայացման Ելիզավետա Ալեքսանդրովնայի դերի համար, իսկ Աշոտ Թադեւոսյանը՝ լավագույն սցենոգրաֆիայի հեղինակը:


Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն («Ռնգեղջյուր», Ժան) է:

Լավագույն երիտասարդ դերասանն էլ` Արման Մաթեւոսյանը («Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը», Չարլի, «Արմմոնո»):

Ռուզան Խաչատրյանը («Արեւի մարդիկ», Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն) լավագույն երիտասարդ բեմադրիչն է: Լավագույն պլաստիկական ներկայացումը Մնջախաղի թատրոնից Ինա Հախնազարյանի «Ուրվականների սոնատն» է, իսկ Լավագույն
կամերային ներկայացումը՝ «Բաբելոն» թատրոնից Զառա Անտոնյանի «Է»-ն:

Զգեստների լավագույն նկարիչը Քնքուշ Մալխասյանն («Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի») է, լավագույն լուսային նկարիչը՝ Արա Գասպարյանը («Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»):

Հատուկ «Արտավազդ»-ներ են ստացել Արմեն Քուշկյանը («Սասունցի Դավիթ»),  Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնի «Խանում» ներկայացումը, Արինա Արարատյանը («Խավարի առաքյալները»), Ներսես Մարկոսյանը («Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով»):

Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու եւ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը հիմնադրելու համար Տիգրան Աթայանն արժանացել է «Մեծ Արտավազդ»-ի, իսկ թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար պարգեւատրվել են նույն թատրոնի դերասաններ Արտավազդ Գրիգորյանն ու Նատալյա Բաղդասարյանը:
 
Պատրաստեց` Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Համազգային եւ Ստանիսլավսկու թատրոնների

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW