Ամեն երկիր ունի իր հեռուստատեսային «Փրայմ թայմը», իսկ ահա հայկական թատրոնում այն հայտնվել է Հակոբ Ղազանչյանի բեմադրության շնորհիվ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում նվագախմբի ուղեկցությամբ, ազդեցիկ կատարումներով ու տպավորիչ պարային համարներով մյուզիքլի պրեմիերան էր։
Բեմադրիչն ու դերասաններն ընկղմվել էին հեռուստատեսային հաղորդման հետնաբեմում ու ցույց էին տալիս այնտեղ տիրող ինտրիգները, սիրային հարաբերությունները, անձնական շահերն ու անարդար պայքարը։
Ուշադրության կենտրոնում ազգային երաժշտական տաղանդներ ու լավագույն ձայներ փնտրող «Փրայմ թայմ» հաղորդումն է, որի հայտարարած մրցույթին ներկայանում են ամենահզոր ձայները։ Կոնսերվատորիայի տնօրենի դուստր Ժեննին ու Աննան կամ գավառից եկած աղջիկը, ինչպես նրան անվանում են բոլորը, պետք է վիճարկեն հաղթանակը։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. հաղորդավար Եվան, որը սեփական շահերն ու սիրային կապերն ունի կոմպոզիտոր Արմանի հետ, խանդում է Աննային ու ամեն ինչ անում, որ հաղթանակը տրվի իր ծանոթի դուստր Ժեննիին։
Աննան էլ իր աջակիցներն ունի: Մասնակիցների ոճով զբաղվող Գեւորգը նրան անշահախնդիր կերպով է փորձում օգնել, բայց ալիքի տնօրեն Կարենն այլ նպատակներ ունի. ցանկանում է Աննային դարձնել «Փրայմ թայմի» նոր հաղորդավարն ու հետը պայմանագիր կնքել՝ տնօրինելով նրա հետագա երաժշտական գործունեությունը:
Ամեն ինչ կարող էր շատ հեշտ ու պարզ վերջաբան ունենալ, եթե Աննան միամիտ ու պարզունակ աղջիկ լիներ, բացի այդ էլ, իսկապես սիրում է երաժշտությունը: Արդյո՞ք նա պատրաստ կլինի ամեն ինչ «գրողի ծոցն ուղարկել», թե տուրք կտա փողին ու կհամաձայնի գայթակղիչ առաջարկին։ Ինչպես ներկայացման մեջ է ինտրիգը պահպանվում մինչեւ վերջ, այնպես էլ ընթերցողն այդ մասին կիմանա «Փրայմ թայմը» դիտելուց հետո։
Ներկայացման ավարտից հետո բեմ բարձրացավ բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն ու շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար։
«Թույլ տվեք եւս մեկ անգամ խոսել նախագծի մասին։ Այն իրականացվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի եւ Մոսկվայի Մյուզիքլի թատրոնի համատեղ ջանքերով։ Դահլիճում են գտնվում թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը եւ թատրոնի տնօրեն Ալեքսանդր Նովիկովը»,- հայտնեց նա ու հյուրերին հրավիրեց բեմ։
Ղազանչյանը ներկայացրեց բեմադրական խմբի անդամներին, որպեսզի բոլորը տեսնեն, թե ում ջանքերի շնորհիվ է «Փրայմ թայմը» կայացել։ Նրանք են նվագախմբի դիրիժոր Կարեն Լավչյանը, զգեստների նկարիչ Տատյանա Պոպեսկուն (Մոլդովա), զգեստների նկարիչ Աննա Նինուան (Վրաստան), խմբավար Շուշան Հովհաննիսյանը, ռեժիսորի օգնական Գեւորգ Դավթյանը, նա նաեւ ոճաբանի դերում էր, բալետմեյստեր Արինա Արարատյանը եւ պրոյեկցիայի անիմացիայի հեղինակ Մարիամ Մուրադյանը:
«Դահլիճում է գտնվում ու հատուկ մեր պրեմիերայի համար ժամանել է մերօրյա թատրոնի համաշխարհային ամենահայտնի դեմքերից մեկը՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան»,- ընդգծեց նա։
Ապա Ղազանչյանը խոսքը տրամադրեց իրենց նոր ներկայացման իրական մեղավորներին՝ ռուսական թատրոնի ներկայացուցիչներին։ Շվիդկոյը միանգամից խոստովանեց, որ իրենք ոչ մի առնչություն չունեն բեմադրության հետ. «Արդեն 35 րոպե է Մոսկվայում ընթանում է մեր «Փրայմ թայմը», որը Հակոբը դիտել ու հավանել է՝ որոշելով ստեղծել հայկական տարբերակը: Դա էլ բավական չէ, հրավիրել է Ռոբերտ Ստուրուային ու մյուսներին եւ այսպիսի մեծ առիթ ստեղծել։ Մեզ համար մեծ հուզմունք է ժամանել ձեր պրեմիերային ու տեսնել, թե ինչպես եք այս պատմությունը յուրովի փոխակերպել։ Մենք պարզ ժողովուրդ են, եթե մեզ մոտ Գնդիկ Բոքոնիկը սկսում է գլորվել, գիտենք, թե ինչպես է շարունակելու ճանապարհը, ձեզ մոտ նա լրիվ այլ կերպ է ընթանում։ Ու դա հիանալի է, որովհետեւ միանման մշակույթ չի լինում, ու ամեն տեղ այն տարբեր է»։
Շվիդկոյն ընդգծեց, որ Հակոբ Ղազանչյանը միջազգային մեծ նախագծերի վարպետ է ու նրա բեմադրություններում 8 ազգի ներկայացուցիչներ են խաղացել: Նրա խոսքով՝ այս նախագծի դեպքում ամեն ինչ ավելի համեստ է՝ ներգրավված են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Մոլդովան ու Կանադան. «Շնորհակալ եմ, որ ձեզ դիտելու հնարավորություն ստացանք: Հիանալի դերասաններ ունեք, արտակարգ երգչախումբ, պարային խումբ ու նվագախումբ: Էլ չեմ ասում, թե որքան լավն են Հակոբն ու Կարոն: Շնորհակալություն այս աշխատանքի համար»:
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը եւ Հակոբ Ղազանչյանը հյուրերին դուդուկ եւ երկու թատրոնների բարեկամությունը խորհրդանշող կտավ նվիրեցին։
«Մենք էլ «Փրայմ Թայմի» պատկերով արծաթե նվեր ենք պատրաստել, բայց այն թաքցրել ենք ձեր աշխատասենյակում, որպեսզի ցույց չտանք, թե ինչքան արծաթ ենք բերել մեզ հետ»,- կատակով ավելացրեց Շվիդկոյը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: