15 տարի առաջ հեռուստատեսային նախագծերից մեկի ժամանակ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը երգիչ Վարդան Բադալյանին առաջարկում է էստրադային ժանրից անցում կատարել ժողովրդական երգեցողությանը։ Եվ այդ խոսքը Բադալյանի համար բեկումնային է դառնում։ Արդեն 15 տարի նա համագործակցում է Ազգային նվագարանների նվագախմբի հետ՝ մաքրամաքուր հայ երաժշտությունը տարածելով աշխարհի շատ երկրներում։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 7-ին տեղի ունեցավ Վարդան Բադալյանի մենահամերգը՝ Ազգային նվագարանների նվագախմբի հետ համատեղ: Այն նվիրված էր Մայրություն ու գեղեցկության տոնին։
«Հաճելի լարվածություն է: Համոզված եմ՝ մի քանի կատարումից հետո անցնելու է»,- մինչ բեմ բարձրանալն ասաց երգիչը։ Նա պատմեց, որ նվագախմբի հետ վաղուց է համագործակցում. արտերկրում միասին շատ են հանդես եկել, բայց մեր երկրում առաջին մենահամերգն է: Խոստովանեց՝ եթե Նորայր Դավթյանի հետ հանդիպումը չլիներ, հնարավոր է՝ ժողովրդական երգչի կոչմանը չհավակներ։
«Որոշել էինք Արցախում մենահամերգ ունենալ դեռ 2016-ին, բայց Ապրիլյան պատերազմի պատճառով չեղարկվեց, հետո չէր ստացվում... Այս անգամ հունվարից սկսեցինք փորձերը։ Համերգին ներկայացնելու ենք ստեղծագործություններ՝ Սայաթ-Նովայից մինչեւ Խաչատուր Ավետիսյան»,- նշեց Վարդան Բադալյանը:
Նորայր Դավթյանը, խոսելով իրենց համագործակցության մասին, ասաց՝ Վարդան Բադալյանն այնքան ճիշտ է երգում. «Բացարձակ չի աղավաղում մեղեդային որեւէ գիծ: Շարունակում է Ռուբեն Մաթեւոսյանի, Հովհաննես Բադալյանի ուղեգիծը: Իհարկե, երիտասարդական ոգով ու վստահությամբ»։
Նորայր Դավթյանը դեմ չէ հին երգերը նորովի ներկայացնելուն, բայց նկատում է՝ հաճախ այն դառնում է ինքնանպատակ. «Փոխում են տեմպը, զգացողությունը, երբեմն՝ մեղեդային գիծը, ինչն ընդունելի չէ: Կարելի է փոխել գործիքավորումը, մշակման ձեւը, բայց այն պետք է համոզիչ լինի»։
Համերգի ընթացքում հնչեցին նաեւ զուգերգեր եւ տրիոներ ժողովրդական երգիչներ Արսեն Գրիգորյանի եւ Մավր Մկրտչյանի հետ։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր երգիչներին, երբ հնչեցին Հայաստանի եւ Արցախի հորովելները։
Վարդան Բադալյանի կինն ու երեխաները
Ի դեպ, հանդիսատեսի շարքում էր երգչի մեկուկես տարեկան աղջնակը՝ Սաթենը, որը մինչեւ համերգի ավարտը «դիմացավ» ու մեծահասակներին հավասար ծափահարում էր հայրիկին յուրաքանչյուր ելույթից հետո։
«Այն օրը գրկումս էր, ու հեռուստացույցով իմ կատարումներ էին ցույց տալիս, մեկ էլ ասում է՝ «Պապ՜ա»: Պտտվեց, էլի տեսավ ինձ, կրկնեց՝ «Պապ՜ա»: Ու խեղճ երեխան չէր հասկանում՝ ինչպես եմ միաժամանակ երկու վայրում», - մեզ հետ զրույցում պատմեց Վարդան Բադալյանը:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: