×


«Ամուսնուս առողջ մոտեցումներն ամեն ինչ իր տեղը գցեցին»․ Արուսիկ Մկրտչյան

Մանկության ու երիտասարդության տարիների դժվարությունները, փորձությունները խոչընդոտ չեն հանդիսացել, որ հավատա փոփոխություններին ու ձգտի ներդաշնակությանը, սեր նվիրելուն ու ստանալուն։ Արուսիկ Մկրտչյանը (դիջեյ Վակցինա) հյուրընկալվել է Հերմինե Ստեփանյանի «HerMine Dialog» հաղորդմանն ու անկեղծ խոսել անպտղությունը հաղթահարելու, երեխաների, ամուսնության իր լավ ու վատ փորձառությունների, ծնողների հետ հարաբերությունների մասին։

«Բժշկական սխալի հետեւանք էր անպտղությունը»

25 տարեկան էի, անպտղություն ախտորոշեցին։ Հասել էի այդ կետին, որովհետեւ այսպես ասած՝ բժշկական փորձարկումներ էին վրաս արել։ Այնքան երկար տեւողությամբ էի ընդունել հորմոնալ հաբերը, որ դա հանգեցրել էր անդառնալի հետեւանքների՝ բժշկական սխալի հետեւանքով։ Դե, սկզբում չէի ընդունում, մերժում էի, չէի պատկերացնում բացարձակ, որ ինձ հետ կարող էր այդպիսի բան լինել։

Սկսել էի դեղերն ընդունել 19 տարեկանից։ Այդ խնդիրը մինչեւ հիմա էլ կա մեր բժշկական ոլորտում, որ հորմոնալ դեղերն առանց երկար-բարակ մտածելու նշանակում են բոլորին։ 25 տարեկանում ունեցա ոտքի երակի թրոմբ, որը, սովորաբար, 50 տարեկանից բարձր մարդիկ են ունենում: Վեց ամիս ես վախենում էի, որ կմահանամ, որովհետեւ ստենտավորման գումար չունեի, բացի այդ էլ՝ պիտի մնայի հիվանդանոցում ու չաշխատեի ողջ ընթացքում։ Իսկ ես դրա հնարավորությունը չունեի, որովհետեւ 17 տարեկանից աշխատում եմ։ Դա քմահաճույք չէր, դա ինձ ապահովելու եւ ծնողներիս օգնելու միակ միջոցն էր։ Ի վերջո, ստորագրեցի մի թուղթ, որով հրաժարվում էի բժշկի նշանակած բուժումից։


«Երկու տարի ժամանակ ունեի վերականգնվելու եւ հղիանալու»

Այդ դեղերի ազդեցությամբ դադարել էր իմ ձվարանների ֆունկցիան, եւ ոչ մի ելք չկար բուժման։ Բժիշկս ասաց՝ «Ստիպված ես դադարել հաբեր ընդունել, եւ եթե բնությունը քեզ հնարավորություն տա ինքնավերականգնման, ապա ամեն ինչ լավ կլինի»։ Եթե երկու տարվա ընթացքում ես չկարողանայի ինքս ինձ վերականգնել ու հղիանալ, ապա հետո էլ չէր ստացվի ոչինչ։ Տարբեր թեյեր էի օգտագործում, բուժական մերսումների էի գնում, փորձում էի դրական տրամադրվել ու չմտածել այդ մասին, չկենտրոնանալ։ Իհարկե, լինում էին նաեւ հուսահատության պահեր։ Եվ ես շա՜տ ուրախ եմ, որ իմ այդ չարչարանքներից հետո ստացվեց հղիանալ։ Իմ առաջին երեխային պայմանավորվածությամբ եմ ունեցել, որ ինձ պետք է մայրանալ ամեն գնով։

«Ծայրաստիճան հուսահատության մեջ էինք ապրում»

Մանկության տարիները շատ դժվար են եղել, ու դա ինձ համար ամենածանր թեման է։ Այդ տարիներին մենք ծայրաստիճան հուսահատության մեջ էինք ապրում։ Օրեր կային, որ սնունդ չունեինք... Վերջին շրջանում իրենց շնորհակալ եմ դարձել, ընդունել եմ եւ էլ չեմ փորձում պայքարել՝ ինչ-որ բան փոխելու նրանց կյանքում։ Դա իրենց ընտրությունն է, չեն ուզում՝ որեւէ բան դեպի լավը փոխվի։ Ես ցավում եմ դրա համար իրականում։ Բայց գուցե իրենց համար այդպես ավելի լավ է:

Առաջին ամուսնության ծանր փորձը

Մանկության տարիների այդ վատ հանգամանքներից, ինչպես նաեւ ծնողների վերաբերմունքից ելնելով՝ շատ ցածր ինքնագնահատական ունեի։ Սովորաբար, նման աղջիկները հետագայում հայտնվում են բավական լուրջ խնդիրների առաջ իրենց ամուսնական կյանքում, կուլ են տալիս տարիներ շարունակ տեւող նվաստացումները, որոնք, կարծում եմ, նորմալ մանկություն ունեցած մարդը երբեք չէր տանի, չէր դիմանա։ Մտածում են՝ միգուցե իրենց ուրիշը չուզի, հասարակությունը բա ի՞նչ կասի եւ այլն։ Խնդիրներից ազատվելու առաջին քայլն այն ընդունելն է. նախ՝ կինը պետք է հասկանա, որ չպետք է հանդուրժի որեւէ տեսակի բռնություն, չմեղադրի ինքն իրեն: Հեշտ է հոգեբանական խորհրդատվությունների միջոցով ինքնդ քեզ ճանաչել, բայց հիմա նույնիսկ արհեստական բանականությունն անվճար օգնում է այդ հարցում: Կարեւոր է չվախենալ մի տեղից սկսել կծիկը բացել, այլապես ամբողջ կյանքում կմնաս դժոխքում եւ դժբախտ:

Ջերմ ընտանեկան կյանքը՝ երկրորդ ամուսնու եւ երեխաների հետ

Հովհաննեսի համար ընդհանրապես ոչ մի բան էական չէր, ասաց՝ «Ինձ հետաքրքիր է մեր կյանքը՝ այս պահից սկսած: Մինչ այս ինչո՞ւ է այդպես ստացվել, իմ գործը չէ. քննարկելու, առավել եւս քննադատելու կամ պիտակավորելու հարց չունեմ»։ Ամենաառողջ հոգեվիճակն է տղամարդու, երբ նա չի քչփորում կնոջ անցյալը կամ փորձում ցավացնելու, մանիպուլացնելու առիթներ գտնել: Նրա ադեկվատության համար անսահման շնորհակալ եմ իրեն այդպիսին դաստիարակողներին: Բոլորն էլ շրջապատում կարող են ընդունել տղամարդու ընտրությունը, եթե նա հստակ է իր դիրքորոշման մեջ։ Ամուսնուս առողջ մոտեցումներն առհասարակ կյանքի հանդեպ, իմ երեխաների ու իմ նկատմամբ ամեն ինչ իր տեղը գցեցին։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW