×


«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը երեկ իրականացրել է «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» խորագրով բարեգործական համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով ռոք ժանրի լեգենդար մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։

Համերգային ծրագրում ներառված էր 16 ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի եւ էլեկտրական կիթառի համար։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սիմֆոնիկ մեկնաբանությամբ ներկայացվեցին The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down եւ այլ խմբերի հանրահայտ կատարումները։ Դիրիժորը Հարություն Արզումանյանն էր, մենակատարը՝ կիթառահար Վարդան Գաբոյանը։


Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համար բարեգործություն անելը դարձել է ապրելակերպ։ Ասում է՝ այն բումերանգի էֆեկտ ունի. «Յուրաքանչյուր բարի գործ, որքան էլ փոքր թվա, անսահման զորություն ունի։ Այն աջակցությունը, որ ցուցաբերում ենք առողջական մարտահրավերների առաջ կանգնած երեխային ու նրա ընտանիքին, փոխում է ոչ միայն նրանց կյանքը, այլեւ դրականորեն ազդում մեր ամբողջ հասարակության վրա։ Դա բարության բումերանգ է, որ տարածվում է՝ լույսով լցնելով մեր շուրջը եւ վերադառնալով մեզ»։


Խոստովանում է՝ երբ 4 տարի առաջ ստեղծվեց հիմնադրամը, չէր կարող պատկերացնել, որ այն այսքան զանգվածային է դառնալու: Այս տարիների ընթացքում ստացել են 70 հազար հանգանակություն եւ կարողացել են օգնել ավելի քան 3000 երեխայի՝ նրանց բուժմանն ու կարեւոր այլ ծրագրերի իրագործմանն ուղղելով ավելի քան 1.5 միլիարդ դրամ:

«Մենք ամեն օր ականատես ենք լինում ձեր բարության հրաշքին, ձեր շնորհիվ կարողանում ենք լինել առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կողքին։ Երեխաները, որոնց առողջացնում ենք, վաղը կարող են լինել լավ բժիշկներ ու բժշկեն բոլորին։ Հենց սա է մեր միասնության ուժը»,- նշում է Արմեն Մարտիրոսյանը։


Իսկ հիմնադրամի ու Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը սկսվել է 2023-ին։ Հիմնադրամի շահառուներից Գաբիի մոտ հայտնաբերվեց կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր շտապ վիրահատություն եւ դեղորայք, որը Հայաստանում հասանելի չէր։ Հիմնադրամը դրամահավաք կազմակերպեց։ Երկու օրում հավաքվեց 115 մլն դրամ։ Այժմ Գաբին բուժվում է ԱՄՆ առաջատար կլինիկաներից մեկում։ Նրա վիճակը կայուն է, բայց ապաքինման երկար ճանապարհ ունի անցնելու։ Հենց Գաբիի պատմությունն էլ հիմք հանդիսացավ հիմնադրամի ու նվագախմբի համագործակցությանը։


Եվ բարեգործական այս համերգը նվագախմբի հետ առաջինն էր, բայց Արմեն Մարտիրոսյանը համոզված է՝ շարունակական կդառնա, քանի որ հրաշալի համագործակցություն է ձեւավորվել։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասում է՝ նվագախմբի եւ անձամբ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար չափազանց կարեւոր են բարեգործական նախագծերը՝ հատկապես, երբ դրանք միտված են երեխաների առողջությանը. «Մեծ սիրով միացանք այս նախաձեռնությանը եւ ուրախ ենք, որ մեր սիրված ծրագրերից մեկի բոլոր տոմսերը սպառվեցին՝ ծառայելով իր նպատակին»։


Կազմակերպիչների խոսքով՝ երեկվա համերգն աննախադեպ ցուցանիշ է գրանցել. առատաձեռն հովանավորների ու հանդիսատեսի շնորհիվ հանգանակվել է շուրջ 45 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW