Լույս է տեսել արձակագիր Հովիկ Աֆյանի 7-րդ գիրքը՝ բավական հետաքրքիր անվանումով «Խոզի տարի»-ն, որի շնորհանդեսը մարդաշատ էր ու բացահայտումներով լի։
Նախ ստեղծագործության եւ իր ընկերոջ մասին պատմեց գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Պարզվեց՝ միջոցառման համար հատուկ են ընտրել «Զանգակ» գրատունը. «Վստահ եմ՝ Աբովյան փողոցով Հովիկն այսուհետ կճեմի առնվազն իբրեւ շատ ճանաչված մարդ։ Վերջապես լույս է տեսել նրա առաջին լիարժեք վեպը։ Աֆյանի առաջին գրքերը՝ «Միս ուտողները» եւ «Չաստվածաշունչը», պատմվածքների ժողովածուներ են, հետո կտրուկ անցում կատարեց դեպի վիպագրություն. նրան մեծ համբավ բերեց ու հիմա էլ աշխարհում տարածվում է «Կարմիրը»։ Բայց այն, ինչպես եւ «Ժողովրդի հայրերը, «Քաղցր կյանքն» ու մանավանդ իր շատ սիրելի «Ծովից ծովը» պատմությունների շարք են»։
Իսկ ահա «Խոզի տարի»-ն, գրականագետի խոսքով, կառուցված է դասական եւ ժամանակակից տպագրության ամենակարեւոր սկզբունքներով, ընդգրկումները չափազանց խոր են եւ ներառում են բնավորություններ, կենսագրություններ, գաղափարներ եւ վերականգնում պատմական շատ կարեւոր ժամանակաշրջանի պատկերը։
«Ամեն ճշմարիտ գրողի խնդիրներից է, վերլուծեով իր ժամանակը, հասկանալ, թե նախընթաց ժամանակն ինչ է տվել իր օրերին, գտնել որոշ երեւույթների պատճառահետեւանքային կապերը։ Այս առումով «Խոզի տարի»-ն չափազանց լայն ընդգրկում ունի, եւ Հովիկը հույսը չի դրել միայն սեփական գրողական երեւակայության եւ ընդհանրացումների վրա։ Սա նրա առաջին գիրքն է, որտեղ խորապես աշխատել է բազմաթիվ դետալների վրա եւ ուսումնասիրել պատմական ժամանակաշրջանը»,- ընդգծեց Նիկողոսյանը:
Աֆյանը 1983 թվականից սկսած՝ ընտրել է Արեւելյան օրացույցով խոզի համարվող տարիներն ու ներկայացրել դրանց ընթացքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններն եւ ազդեցությունն արդեն մեր ժամանակներում։ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ 1983, 1995, 2007, 2019 թվականները հաջորդել կամ նախորդել են շատ կարեւոր տարեթվերի, կամ էլ հենց իրենք են կարեւոր եղել մեր ժողովրդի եւ պատմության համար. բախտորոշ իրադարձություններ են կատարվել, որոնց ժամանակին մեծ ուշադրություն չենք դարձրել։ Մի կարեւոր գաղտնիք էլ բացեց, որ գրքի վերնագիրն ամենաշատը կապ ունի Գոճի մականունով հերոսի հետ։
««Խոզի տարի»-ն ամեն դեպքում քաղաքական վեպ է, որում բարձր հատկանիշներից զատ Հովիկը նաեւ սիրուն մեջբերումներ է ապահովել, որոնք դուք սիրում եք ֆեյսբուքյան ստատուսներ դարձնել, ինչպես վարվել եք նրա նախորդ գրքերի դեպքում։ Այդ լավ ձեւակերպումները կպեղեն ձեր հոգին, ու կմտածեք, թե նա ինչքան լավ է ճանաչում մարդուն, բայց նախ եւ առաջ ինքն իրեն է ճանաչում։ Այս գիրքը նրա գրողական ավելի մեծ հասունության, վարպետության եւ իր անցած ճանապահը փորձառությամբ գնահատելու արգասիքն է»,- նշեց գրականագետը:
Հովիկ Աֆյանը շնորհակալություն հայտնեց իր ընթերցողներին ու ընկերներին՝ շնորհանդեսին ներկա լինելու համար, ապա ներողություն խնդրեց վերնագրի համար, քանի որ ոչ բոլորն են խոզն ասոցացնում գեղեցկության, գրականության, տարվա եղանակների եւ առավել եւս՝ սիրո հետ։
Գիքրը գրելու գաղափարը նրա մտքում առաջացել է 3-4 տարի առաջ՝ «Հանրապետություններից երրորդը» վեպի եւ Աֆյանի սիրելի «Պետրոսը» պատմվածքի հեղինակ Նորայր Սարգսյանի հարցազրույցներից մեկը լսելու ընթացքում. «Այդ զրույցում Նորայրը, որն 90-ականների ծնունդ է, հատուկ ճշտել եմ, մի քանի անգամ ասաց այսպիսի նախադասություն, որ մեխվեց հիշողությանս մեջ. «Ես ինձ ինչ հիշում եմ, մեր երկիրը կործանվում է»։ Առաջինը հասկանալն էր, թե Նորոն որ թվի տղա է։ Ախր ես էլ 80-ականներին եմ ծնվել, ու մեր ժամանակ էլ այդպես էր, ապա խոսեցի 60-70-ականների սերնդի՝ մեր ծնողների ու ավելի ավագների հետ, եւ իրենք էլ նույն բանը հաստատեցին։ Տարօրինակ մի զգացողություն առաջացավ, թե այս երկիրրն ինչքա՞ն վիթխարի է տարածքով կամ ուժով, որ կործանվում է, բայց չի կործանվում, եւ որոշեցի գրել այդ մասին»։
Նախ ասոցիացիաներ եւ մտքեր առաջացան, որոնք գրողը «չամիչներ» է անվանում, եւ դրանից առաջինները կապված էին խոզի հետ։ Դրա համար էլ փորձեց խոզի տարի համարվող իր ծննդյան 1983-ից սկսել ու հասկանալ, թե այդ տարեթվին կարեւոր ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Պարզեց, որ հենց 1983-ին է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունը, որտեղ ծնվել ու անգամ հասցրել է հոկտեմբերիկ լինել Աֆյանը, անվանել «Չարիքի կայսրություն»։ Գրողին հենց դա էլ պետք էր իր վեպը սկսելու համար։
Բայց բովանդակությունից առաջ կառուցվածքն էր պատկերացնում ու գիտեր, որ վեպում արտահայտելու է տարվա բոլոր եղանակները՝ այն սկսվում է հունվարին եւ ավարտվում դեկտեմբերին, ինչը բնավ էլ հոռետեսական վերջաբան չէ։
Թեեւ Աֆյանը չի սիրում «գլխավոր հերոս» բառակապակցությունը, բայց իր գքում դրանից զերծ մնալ չկարողացավ։ Նրա գլխավոր հերոսը ծնվում է 1983-ի հունվարին, գարնանը նրան տեսնում ենք արդեն 12 տարեկանում, ամռանը 24 տարեկան է, աշնանը՝ 36, եւ նորից ձմռանը՝ 48։
«Այդ գլուխն այսպես եմ սկսել. «Չգիտեմ, թե ինչու եմ սա գրում, որովհետեւ ես ինչ գիտեմ, թե 2031 թվականին ինչ է լինելու»։ Այնպես որ, եթե գիրքը կարդաք ու ձմեռը բաց թողնեք, ես երջանիկ կլինեմ։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ սա քաղաքական վեպ է, ավելի ճիշտ, եթե կարծում եք՝ քաղաքական է, ես դեմ չեմ»։
Աֆյանը խոստովանեց, որ առաջին անգամ գրողից բացի, նաեւ մի քիչ լրագրող է եղել, բացի այն, որ աշխատում է խմբագրությունում եւ ծանոթ է լրատվամիջոցի աշխատանքին, այդ մասին նաեւ գրքում է ներկայացրել ու նաեւ մամուլից մեջբերումներ արել։
«Անպայման ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերոջս՝ Ծովինար Բարխուդարյանին, որն այստեղ է։ Նրան անվանում եմ Արցախի պատերազմի եւ խաղաղության ականատես, նա Արցախից եկավ ու սկսեց «Ականատես» շարքը, որից գրքում որոշ հատվածների կհանդիպեք։ Դրանց դիտմամբ ձեռք չեմ տվել, բայց մի բան եմ փոխել՝ Ծովիանրի բաբոյի նկուղում պահածոները 1991 թվականով էին տարեգրվում, ես 1995 եմ դարձրել, որ համապատասխանեն խոզի տարվան»։
Մյուս կարեւոր բացահայտումն այն էր, որ գիրքը նվիրված է Արքմենիկ Նիկողոսյանին։ «Խոզի տարվա» խմբագիրն ինքն էլ գիրքը կարդալիս փորձել է հասկանալ, թե ինչու է այն իրեն ձոնված, երբ այն «ոտքից գլուխ քաղաքական է», սակայն չի կարողացել։ Նա էլ բոլորիս պես հուզված սպասում էր Աֆյանի բացատրությանը. «Գիրքը գրելիս ինձ համար մի շատ լուրջ մարտահրավեր սահմանեցի՝ պետք է կարողանամ մեր երկրի տասնամյակների պատմությունը ներկայացնել ու հայհոյանք չտալ։ Եթե այս գրքում քֆուր գտնեք... չեք գտնի։ Հիմա ի՞նչ կապ ունի դա Արքոյի հետ։ Ես ինձ ինչ հիշում եմ, Արքոն գրականություն է անում»։
«Շոյվեցի, բայց ես այլ մտավախություն ունեի, որ դիտմամբ ես արել։ Քանի որ վեպը քաղաքական է, ու եթե նրա պատճառով որեւէ մեկին գյուլլեն, ես լինեմ»,- կատակով հավելեց Արքմենիկ Նիկողոսյանը։
Ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում էր, թե գրքի շապիկին պատկերված շրթունքները կամ համբույրն ինչ կապ ունեն խոզի տարվա հետ, եւ հնչեցին տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ։
«Շապիկին կարմիր շրթներկ է, նախ որովհետեւ Ծովինար Բարխուդարյանն այստեղ է։ Եթե սխալվում եմ, ուրեմն՝ այս գիրքն էլ է սխալ: Խոզը մի հետաքրքիր յուրահատկություն կամ նույնիսկ տարօրինակություն ունի, գոնե առայժմ միակ կենդանին է, որի սիրտը փոխպատվաստում են մարդուն։ Մի քիչ գրքի մասին էլ պատմեցի, բայց ոչինչ»,- ասաց Հովիկ Աֆյանը։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: