×


«Ձայնս արձագանքում է, էներգիան յուրահատուկ է». Պարգը երգել է Երեւանի մետրոյի կայարանում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում Հայաստանի պատվիրակ Պարգը (Պարգեւ Վարդանյան) «Երաժշտական մետրո» նախագծի շրջանակում երեկ ելույթ է ունեցել Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։ Համերգից առաջ նա անկեղծացել է՝ անսովոր ու հետաքրքիր է նման վայրում հանդես գալը:

«Մետրոյի միջավայրը շատ ուրիշ է, ձայնս արձագանքում է, յուրահատուկ էներգիա եմ զգում։ Տրամադրությունս շատ լավ է, մարդիկ էլ իրենց դրական էներգիայով եկել են, եւ ուզում եմ նրանց ուրախացնել»,- նշել է երգիչը։


Արդեն ծանոթ ու սիրված երգերը, հատկապես եվրատեսիլյան «Survivor»-ը լսելուց ու ձայնակցելուց հետո հավաքվածները լուսանկարվեցին Պարգի հետ եւ իրենց բարի մաղթանքները հղեցին Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսին սպասվելիք ելույթներից առաջ։

Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանի խոսքով՝ նման համերգով հանդես գալու որոշման շարժառիթը Պարգի մարդամոտ եւ շփվող բնավորությունն է․ «Նա մարդկանցից էներեգիա է վերցնում: Վստահ ենք՝ այսօր այստեղ ստացած լավ էներգիան իր հետ կտանի եվրատեսիլյան բեմ»։


Պարգի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները հիմա շատ թեժ են, արդեն մեկ-մեկ հոգնածություն է զգում. «Բայց քանի որ նոր օրակարգով եմ ապրում՝ նորմալ քնել, լավ սնվել, միշտ դրական հույզեր ունենալ ու չլարվել, օգնում է հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Ներկայանալու եմ բոլորովին այլ բեմադրությամբ եւ ելույթիս ժամանակ օգտագործելու եմ իմ ուժերի առավելագույնը»։


«Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիա Ալոյանի խոսքով՝ Երեւանի մետրոպոլիտենի հետ համատեղ իրականացվող «Երաժշտական մետրո» նախագիծն այս համերգով կավարտվի. մինչ այս ունեցել են 16 համերգ՝ տարբեր արտիստների եւ խմբերի մասնակցությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW