×


«Օրրանը» 25 տարեկան է. «փոքրերի ու մեծերի ապահով տունը» նշել է հոբելյանը

Ընտանեկան ջերմ ու խորհրդանշական սեղանի շուրջ համախմբելով ընկերներին եւ նվիրատուներին՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն տոնել է հիմնադրման 25-ամյակը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահը մի քանի ժամով դարձել էր հյուրընկալ տուն բոլոր հյուրերի, բարեկամների ու կազմակերպության անդամների համար։ Բեմում ու դահլիճում ներկա մարդիկ՝ մեծից փոքր, եկել էին միմյանց շնորհակալություն ասելու եւ խոստանալու, որ «Օրրանն» իր գործունեությունը շարունակելու է դեռ շատ 25 տարիներ։

«Հնում, երբ Հայաստանում նոր տուն էին կառուցում, շաղ էին տալիս ցորենի հատիկները, որպեսզի տունը միշտ առատ հաց ունենար։ Ես եւ Րաֆֆին ցանեցինք այդ հատիկները 25 տարի առաջ, բայց դուք էիք, որ ջրեցիք այդ ծիլերը, եւ այսօր մենք ունենք առատ «Օրրան»։ Այսօր մեր երախտագիտության օրն է ձեզ»,- դիմելով ներկաներին՝ ասել է «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։


Համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելել է. «Արմենուհու նախաձեռնող, դինամիկ ղեկավարության ներքո «Օրրանն» իր կամավորներով, ուսուցիչներով, բարերարներով եւ սաներով սովորեցրել է՝ կարելի է սիրով, հոգատարությամբ կերտել այնպիսի սերունդ, որն արժանապատիվ ներկա եւ ապագա կունենա Հայաստանում՝ ստեղծելով հավասար հնարավորություններ յուրաքանչյուրի համար»։

Անցնող 25 տարիներին «Օրրան» բարեգործական ՀԿ-ն աջակցություն է տրամադրել սոցիալապես անապահով ու խոցելի երեխաներին եւ միայնակ ծերերին՝ աղքատության եւ մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրան»-ի երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա եւ 60 տարեց օգտվում է սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:


BRAVO.am-ի հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանն անկեղծացել է՝ հպարտանում է իրենց աշխատանքով, քանի որ 2000 թվականից ի վեր կարողացել են 30 հազարից ավելի անհատի օգնել Արցախից, Լիբանանից, Սիրիայից եւ մեծ մասամբ Հայաստանից․ «Իսկապես հուզիչ պահ է այսօր, որովհետեւ հրավիրված են այն մարդիկ, ովքեր 25 տարվա մեջ ինչ-որ ձեւով առնչվել են «Օրրան»-ին, օգնել են կամ օգնություն ստացել։ Ուրեմն՝ նշում ենք այս տոնը մեր կազմակերպության ընտանիքով ու բարեկամներով. այստեղ ոչ ոք հյուր չէ, բոլորը մեր ընկերներն են»։

Հարցին, թե որն է համարում «Օրրան»-ի գլխավոր ձեռքբերումը, տիկին Արմինեն նկատեց՝ եթե յուրաքանչյուր մարդու ճակատագիր կարողանում են փոխել, դա ինքնին մեծ նվաճում է․ «Բայց նաեւ կարծում եմ՝ մենք դարձել ենք օրինակելի կազմակերպություն, որն աշխատում է թափանցիկ, պատասխանատու, եւ դա նույնպես մեծ ձեռքբերում եմ համարում։ Ես ուզում եմ օրինակ ծառայել բարեգործական այլ կազմակերպությունների համար, թե ինչպես պետք է աշխատել, որպեսզի 25 եւ ավելի տարվա կյանք ունենաս»։


Միջոցառման ընթացքում պատվո մրցանակներով են պարգեւատրվել «Օրրան»-ի երկու հենասյուները՝ այն նվիրատուները, որոնք մեծ ներդրում են ունեցել կազմակերպության կայացման ու շարունակականության գործում՝ գործարարներ Գրիգոր Գրիգորյանը եւ Ռալֆ Յիրիկյանը։

«Պիտի մտովի հետ գնամ 1983 թվական եւ հիշեմ, երբ իմ լուսահոգի տատիկն ինձ մի օր ասաց՝ «Գրիգոր, ինչպես գիտես, ես կորցրել եմ իմ հարազատներին Ցեղասպանության ժամանակ, եւ դու, երբ սկսես գումար վաստակել, չմոռանաս Հայաստանի երեխաներին ու ծերերին»։ Ինձ համար այդ խոսքերը բախտորոշ եղան, ես երբեք չմոռացա ու ամբողջ կյանքում առաջնորդվեցի այդ խորհրդով»,- իր ելույթում պատմել է Գրիգոր Գրիգորյանը։


Ռալֆ Յիրիկյանն էլ հիշել է իր անցած ճանապարհը «Օրրան»-ի հետ եւ բոլոր այն ջերմ պահերը, որոնք իրեն ուրախություն ու հպարտություն են պարգեւել որպես աջակից ու ընկեր նման մեծ ու բարի գործի․ «Անկասկած, «Օրրանը» տոնելու է նաեւ 50-ամյակը եւ շարունակելու է ճանապարհը։ Երանի Հայաստանն ունենա «Օրրան»-ի նման մի քանի կազմակերպություն. ես ավելի քան վստահ եմ, որ մեր հասարակությունում երեխաների դաստիարակությունը լրիվ ուրիշ հարթակի վրա կլինի»։


Տոնական միջոցառումը շարունակվել է շնորհակալությունների ու զրույցների մեծ շարքով, եւ ամբողջ ընթացքը համեմվել է «Օրրան»-ի սաների ելույթներով, երգերով ու նվագակցություններով։ Օրվա ընթացքում ցուցադրվել է նաեւ վավերագրական կարճամետրաժ չորս ֆիլմ կազմակերպության երիտասարդ ու տարեց անդամների հաջողության պատմությունների մասին, որոնց կյանքը փոխվել է «Օրրան» հաճախելուց ի վեր։ Բոլորի երազանքը մեկն էր՝ «Օրրանը» շարունակի ապահով տուն լինել թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, եւ ուրախալի պատմություններն ավելի հաճախ լսելի լինեն։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW