×


«ProFood Armenia 2025»-ը՝ մեծ ցուցահանդեսով, մրցույթներով, միջազգային հյուրերով ու շոու-ծրագրերով

Նոր ու բազմակողմանի հարթակ՝ Հայաստանում ռեստորանային, հյուրանոցային եւ զբոսաշրջության ոլորտների զարգացման, գաստրոնոմիկ համայնքի միավորման համար։ Ապրիլի 25-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ProFood Armenia 2025» եռօրյա միջազգային ցուցահանդեսը՝ «Հայաստանի հյուրընկալության ապագան» խորագրով։ Միջոցառումը միավորել է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի գործարարների, արտադրողների եւ անհատ մասնագետների, որոնք տարբեր տաղավարներում ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները։


Ցուցահանդեսը մեծապես գրավել է ինչպես հետաքրքրված այցելուներին, այնպես էլ գործարար համայնքին՝ այդպիսով դառնալով B2B հարթակ նոր բիզնես կապերի, համագործակցությունների համար։

Նախագծի հեղինակ, «ProReCa» ընկերության հիմնադիր տնօրեն Սյուզաննա Միքայելյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ միտք է եղել ստեղծել մի ծրագիր, որի շրջանակում փորձի փոխանակման հնարավորություն կլինի տեղացի եւ արտասահմանցի մասնագետների, ընկերությունների միջեւ։ Գաղափարով կիսվել է «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանի հետ, եւ համատեղ ուժերով կազմակերպել են ցուցահանդեսային հատվածը։ «ProFood Armenia»-ն, սակայն, եւս երեք անկյուն ունի։ Մի առանձին անկյուն է նախատեսված շեֆ-խոհարարների մրցույթի համար (top table), մյուս կողմում պանելային քննարկումներ ու վարպետաց դասեր են անցկացվում, իսկ դրսի հատվածում երաժշտական ու ժամանցայի շոու-ծրագրեր են, եթե, իհարկե, անձրեւը չի խանգարում դրանց բնականոն ընթացքին։


«Սա կարեւոր հարթակ կարող է դառնալ ինչպես կայացած գործարարների, հյուրընկալության ոլորտում բիզնես-գործունեություն իրականացնողների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների եւ ոլորտով հետաքրքրվող անձանց համար։ Մեր գլխավոր նպատակն է, որ մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալ ոլորտի միտումներին եւ ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ՝ բիզնեսի հետագա զարգացման համար»,- ասել է Սյուզաննա Միքայելյանը։


«Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն էլ նշել է՝ թեեւ ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու երկարամյա փորձ ունեն, բայց իրենց համար նույնպես սա նոր ու հետաքրքիր հնարավորություն է եղել՝ ավելի ընդլայնված ու բազմաոլորտ նախագծում ներգրավվելու․«Մեզ համար էլ սա նոր շուկայի բացահայտում էր։ Եվ հատկանշական է, որ այստեղ հրաշալի միջավայր է ստեղծված գործարար կապերի ձեւավորման համար։ Շատ տաղավարներ հատուկ այնպես են ձեւավորված, որ ներգրավեն հենց բիզնես գործընկերների, ոչ միայն միջոցառմանը եկած այցելուներին»։


«ProFood Armenia 2025»-ի հատուկ հյուրերի թվում են միջազգային ճանաչում ունեցող խոհարարներ եւ ռեստորատորներ՝ Ակմալ Անուար (Դուբայ, Սինգապուր), Խոսե Կառլոս Սիեռա (Մեխիկո, Դուբայ), Նիկոլ Մրադ (Դուբայ), Օմար Սարտավի (Լիբանան), Սերժ Մանուել Ղազարյան (Սաուդյան Արաբիա), Սումայա Օբայդ (Դուբայ), Վադադ Զարզուր (Դուբայ), Լեյլա Ֆաթալլահ (Դուբայ), Միկա Ուեդա (Դուբայ), Սեբուհ Յաքուբյան (Կանադա), Ալեսանդրո Միկելի (Իտալիա) եւ այլք:


Նախագծի հեղինակները հույս հայտնեցին, որ այն խթան կհանդիսանա ՀոՌեԿա ոլորտի զարգացման համար, կնպաստի Հայաստանի տնտեսության, զբոսաշրջության եւ հարակից այլ ոլորտների աճին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW