Երեւանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Անվանումը պատահական չի ընտրվել. խազերը հայ միջնադարյան նոտաներն են, որոնք ժամանակին ուսումնասիրել է մեծն Կոմիտասը: Ու մինչ բաղձալի արձանիկները կհասնեին հասցեատերերին, կարմիր գորգով անցնող արտիստները խոսել են երաժշտական այս իրադարձության մասին:
Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամ Արաքսյա Մուշեղյանն ասում է. «Խազերը մեր հիմքն են, իսկ մենք աշխարհին հետաքրքիր ենք միայն այն երաժշտությամբ, որը հիմք ունի։ Այսօր շատ բարդ է մրցել համաշխարհային թրենդների հետ, եթե ներկայացրածդ անհատական ու յուրօրինակ չէ»։ Նա համոզված է՝ ժամանակը հասունացել էր, որպեսզի ոլորտի շատ մասնագետներ, մտահոգված լինելով արվեստի, մշակույթի ճակատագրով, զարգացմամբ, ցանկացան անել մի միջոցառում, որն ասպարեզում դրական փոփոխություններ կբերի, եւ այս մրցանակաբաշխությամբ ճանապարհ կհարթեն տաղանդավոր երաժիշտների համար:
«Խազեր» փառատոնը հայկական երաժշտարվեստը միջազգային չափանիշներին կմոտեցնի՝ կարծում է Հայկական երաժշտարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ Ավետ Բարսեղյանը. ««Խազերը» թողնելու է լավ խազ։ Ես եւ Արփի Գաբրիելյանը հետնաբեմի մեր սենյակում խունկ ենք վառել, որ չար աչքերից հեռու մնանք»,- ասում է նա, իսկ Արփին հավելում՝ այս պահին «Խազերը» խնկի հոտն ունի։
Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ, թերեւս, առաջին անգամ է, որ միջոցառումը կազմակերպելու համար աշխատել է մի քանի բեմադրիչ։ Այս անգամ Հրաչ Քեշիշյանին միացել էին Արթուր Մանուկյանը եւ Նաիրե Ստեփանյանը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ու սատարեցին ակադեմիային։ Շնորհակալ եմ նաեւ թերահավատներին, ովքեր չէին հավատում ակադեմիայի կայացմանը, ինչը մոտիվացիա է տալիս։ Ակադեմիան շատ անելիք ունի, ու սա առաջին քայլն էր»,- ասել է մրցանակաբաշխության ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
Արդեն բեմից Ավետ Բարսեղյանը հայտարարեց, որ խազը միայն նոտա չէ, այլ նաեւ աղոթք է. «Ովքե՞ր են առաջին խազակիրները եւ ո՞ւմ կենսագրության մեջ տեղ կզբաղեցնի խորհրդանշանական «Խազ» արձանիկը, որի հեղինակը՝ քանդակագործ Նուռը, կխազի նրանց անունները հայկական երաժշտության պատմության մեջ»։
Իսկ նրանք 17-ն էին։ «Լավագույն ազգային երգ» անվակարգում առաջադրված էր «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ «Լիկիլի»-ով։ Այս երգի մշակման եւ ձայնագրման աշխատանքները մեկնարկել էին դեռ Գագիկ Գինոսյանի կենդանության օրոք, բայց թողարկվեց ավելի ուշ։ «Մրցանակաբաշխությունն այնքանով է կարեւոր, որ մեր աշխատանքը նման ձեւաչափով առաջին անգամ է Հայաստանում այսպիսի ուշադրության արժանանում»,- ասում է Գագիկ Գինոսյանի դուստր Ծովինար Գինոսյանը։
Մանե Գրիգորյանն էլ նկատում է, որ «Երաժշտական լավագույն նախագիծ» անվանակարգում առաջադրվել են շատերը, ու «Կոմիտաս»-ի՝ հավակնորդների ցանկում լինելն արդեն մեծ պատիվ է. «Երգի պետական թատրոնի անձնակազմը տարիներ շարունակ փորձել է պահպանել հորս «Կոմիտաս» երաժշտական նախագիծը, իսկ նախորդ տարի էլ այն ներկայացվեց նորովի»։
«Տարվա հայտնություն» անվանակարգում առաջադրված Անահիտ Հակոբյանը երեկոյին ներկայացել էր շղարշով պատված հագուստով՝ ասելով, որ որոշել է համահունչ լինել իր անվանկից աստվածուհու կերպարին:
Երեք ընկեր առաջադրվել էին նույն՝ «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում. Արամեն, Արամ Mp3-ը եւ Էրիկն ասում էին՝ ով էլ հաղթի, ուրախանալու են միմյանց համար։ Արամ Mp3-ը պարտավորված է, մոտիվացված է ու հանդիսատեսի ծափերից բացի, կարծում է, պակաս կարեւոր չէ գնահատականի արժանանալը, հատկապես հայրենական մրցանակաբաշխություններից. «Քանի որ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է հայրենիքով»։
Արամեի համար էլ կարեւորը մասնակցություն էր. «Բոլորս ընկերներ ենք: Ամենայն անկեղծությամբ, այսօր ոչ թե մրցակցության օր է, այլ բոլորիս հաղթանակի օրն է: Ովքեր պետք է մասնակցեն, նրանք արդեն հաղթել են»։
Տիտղոսն ու արձանիկն իր հետ տուն տարավ Էրիկը. «Ունենալով «Տարվա երգիչ» բազմաթիվ մրցանակներ՝ շատ վստահ կարող եմ ասել՝ լավ երգիչներն այս կամ այն տարվա չեն լինում։ Իմ ընկերները շատ լավ երգիչներ են, ուզում եմ, որ իրենք միշտ ստեղծագործեն, քանի որ այդ ամենը պետք է բոլորիս»։
«Զարթուցիչի զանգից մինչ գիշերային լոգանք լսել ենք նրանց երգերը»,- ասաց Ավետ Բարսեղյանն ու հայտարարեց «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգը։ «Լավագույն երգչուհու տիտողսը միայն կատարողականության մասին չէ, այլ հասցնելու ու աշխատելու, որպես կին՝ կարծրատիպերը կոտրելու, այս բարդ աշխարհում անընդհատ գեղեցիկը տեսնելու ու մարդանց համար միշտ հեքիաթ ստեղծելու մասին է։ Հայկական մշակույթը հարուստ է տաղանդավոր եւ ուժեղ կանանցով: Սերնդեսերունդ մեզ է փոխանցվել նրանց վառած ճրագը, որը մենք փորձում ենք փոխանցել մեր հաջորդ սերունդներին»,- նշեց երգչուհի Սիրուշոն ու հանձնեց մրցանակը Սոնա Ռուբենյանին։
Սոնա Ռուբենյանը մինչ մրցանակ ստանալն ասել էր, որ եկել է պարզապես օրը վայելելու։ Հետո արդեն հերթը շնորհակալություներինն էր՝ ընտանիքին, ամուսնուն, աղջկան, Աստծուն, առաջադրված թեկնածուներին. «Ես մարդ եմ, ով շատ սիրում է երգել, ուժ է ստանում հայրենքից ու հողից ու հանդիսատեսից։ Ձեր սերն անգին է, իմ հանդիսատես»։
Հատուկ մրցանակը ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյանինն էր: «Երգելու եմ մինչեւ կյանքիս վերջը»,- բեմից հայտարարել է Ռուբեն Մաթեւոսյանը։
«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, որը նաեւ «Գրեմմի»-ն անցկացնող ամերիկյան Ձայնագրման ակադեմիայի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է:
«Խազեր» մրցանակաբաշխության 17 անվանակարգերն ու մրցանակակիրների ամբողջական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.
«Լավագույն երգիչ»՝ Էրիկ Կարապետյան
«Լավագույն երգչուհի»՝ Սոնա Ռուբենյան
«Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ»՝ «Երեւի», Արամ Mp3
«Լավագույն կոմպոզիտոր»՝ Անդրանիկ Բերբերյան
«Լավագույն գործիքավորում», «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում»՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտ, Ավետիս Բերբերյան
«Լավագույն հեղինակ-կատարող», «Տարվա հայտնություն» ՝ yellowheart.
«Լավագույն խումբ-նախագիծ»՝ LA Project
«Լավագույն երաժշտական նախագիծ եւ բեմադրություն»՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝ բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ «Նեմրա»
«Լավագույն հիփ-հոփ եւ R&B արտիստ կամ խումբ»՝ D’Litte
«Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ»՝ Yerevan Calling
«Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա», Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ եւ «Ռեինկարնացիա»
«Լավագույն դասական երգիչ»՝ Լիպարիտ Ավետիսյան
«Լավագույն քավր»` «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի», Մարտին Ուլիխանյան
Հատուկ մրցանակ՝ Ռուբեն Մաթեւոսյան:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: