Արեւիկ Գեւորգյանի «Սիրելիս, արի» կոչին արձագանքել էին պոեզիայի սիրահարներն ու յուրահատուկ էսթետիկ, պոետիկ երեկոյի մասնակից դարձել։ Իր հուզիչ տեսանյութերով հետեւորդների մեծ բանակ ունեցող դերասանուհին այս անգամ որոշել էր նոր ձեւաչափով հանդիպել նրանց հետ ու դա արել էր իրեն հատուկ նուրբ ճաշակով եւ արվեստի շնչով:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նկուղային հարկում խորհրդավոր լույս ու մթնոլորտ էր տիրում, իսկ հյուրերին աթոռներին սպիտակ վարդեր ու դրանց վրա «Սիրելիս, արի» գրությամբ ժապավեններ էին սպասում։ Դերասանուհին ու նրա թիմը հաշվարկել էին բոլոր մանրուքները՝ չէին մոռացել ծաղիկների կողքին դրված երեկոյի ծրագրում նշել բոլոր ստեղծագործությունների հեղինակների անուններն ու բացիկի վրա սիրահար զույգի նկարի ներքեւում գրել. «Իմ ու քո սիրտը շատ-շատ հին ընկերներ են»: Դրա մյուս կողմում անընթեռնելի ձեռագրով անդադար կրկնվող նույն բառերն էին, որոնք Էմմա Հաուքի՝ հոգեբուժարանում գրած նամակից էին՝ ուղղված իր ամուսնուն, որում մեկ արտահայտություն է կրկնվում. «Սիրելիս, արի»։
BRAVO.am-ի հետ զրույցում Գեւորգյանը պատմել է միջոցառման մտահղացման ու այն կյանքի կոչելու մասին։
«Եթե քո բախտը բերի ու դու սիրահարվես խելագարի նման, կորցնես ունեցած-չունեցածդ, եղած-չեղածդ, գլուխդ, կորցնես քեզ, հիշիր, որ դա այն լավագույնն էր, ինչը կարող էր պատահել կյանքումդ, ու կարեւոր չէ, թե դա ինչով կավարտվի՝ սիրո՞վ, հիասթափությա՞մբ, բաժանությա՞մբ, թե՞ ամուսնությամբ: Սա այն միակ դեպքն է, որ ժամանակը կապ չունի ու հրաշալի է անկախ ժամանակից…»:
«Ճիշտն ասած՝ ավելի շատ մտածում էի մարդկանց ապրումների մասին, որովհետեւ ուզում էի պոեզիայի ձանձրալի ու պաթետիկ շեմն անցնել ու ոսկե միջինը գտնել: Երեկոն համեմել էի երաժշտությամբ ու կադրերով, դրանց շնորհիվ նաեւ իմ հոգեվիճակներն էին փոխվում։
Ցուցադրված կադրերում փորձել եմ իմ աշխարհը տեղավորել ու մարդկանց տեղափոխել այդտեղ: Ինչպես իմ ինստագրամյան էջ մտնելիս են խոստովանում, որ հանգստանում են, ուզում էի՝ նույնն էլ հիմա լիներ: Իմ մասնակցությամբ տեսանյութեր հատուկ չեմ ցուցադրել, որպեսզի չխանգարեի, ու ամեն մարդ այդ անծանոթ տղայի ու աղջկա մեջ իրեն գտնի: Շատ սիրուն կադրեր կան, որոնցով հետագայում շարքը լրացնելու եմ»:
«Քեզ մոտ եմ եկել, որովհետեւ նորից գնալու տեղ չունեմ: Եկել եմ, որովհետեւ ինձ այնտեղ էլ չպահեցին... Քեզ մոտ եմ եկել, որովհետեւ նորից գնալու տեղ չունեմ... Քեզ մոտ եմ եկել, որ խեղճանամ ծնկներիդ վրա, մազերս փռեմ ոտքերիդ տակ ու մի լավ լացեմ: Եկել եմ՝ լինեմ անկեղծ, չշպարված ու շատ ձանձրալի... Եկել եմ՝ մնամ»:
«Նման ձեւաչափով հանդիպելու միտքն օրինաչափ առաջացավ. տարիներ շարունակ այս ամենի մեջ լինելով՝ ուզում էի եղած սահմաններից ազատվել ու դրանք ավելի մեծացնել։ Քանի որ ինտրովերտ եմ, վիրտուալ աշխարհն ինձ շատ է դուր գալիս, բայց ուզեցի մարդկանց հետ նաեւ կենդանի շփում ունենալ:
Փորձեցի ընտրել բոլոր այն ստեղծագործությունները, որոնցից ներսումս արձագանք էի ստանում: Չկա մի գործ, որ իմ միջով չի անցել, եթե դրանք լիարժեք չապրեմ, ինձնից մինչեւ հանդիսատես ձգվող կարմիր թելը չէր լինի: Կարեւոր էր, որ ինքս ինձ չխաբեմ ու ընտրեմ այն ստեղծագործությունները, որոնք իսկապես ուզում եմ կարդալ ու լսելի դարձնել:
Չէի ուզում արհեստական ու ձանձրալի որեւէ բան լիներ, նպատակս էր գունավոր ու գեղեցիկ երեկո ստանալ: Փորձել եմ բացիկներից ու ծաղիկներից սկսած՝ ամեն մի մանրուքի ուշադրություն դարձնել: Քանի որ խորագիրը «Սիրելիս, արի» է, ուզում էի մարդկանց հրավիրելուց բացի, ծաղիկ նվիրել ու ասել. «Շնորհակալ եմ, որ եկար»։ Դերերն ու տեղերը փոխվում են, ու ես եմ ծաղիկներ տալիս եւ ցանկանում, որ ներկաները հնարավորինս խաղաղված գնան»։
«Արի գնանք հեռու, շատ հեռու, հայրիկ: Այնտեղ, ուր բոլորը երջանիկ են ու... ողջ: Այնտեղ, ուր անգամ մահը երբեք մեզ չի բաժանի… Այնտեղ, ուր ես կարող եմ ողջ հոգով փուլ գալ ու լաց լինել, այնտեղ, ուր դու ես աշխարհում իմ սիրած վերջին տղամարդը...»:
«Ամենակարեւորն ինձ հասկացված եմ զգում, հարստություն է, երբ ընկալելի ես ու մարդիկ կողքիդ են: Զգում եմ այդ ներքին շատ ամուր կապն ու դրա շնորհիվ լիարժեք եմ դառնում:
Այսօր շատ հուզված ու լարված էի, չհասցրի անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց լռության պահեր կային, որոնք ավելի շատ էին հնչում՝ երբեմն լսում էի հուզվելու ու լացի ձայներ: Հավատում եմ խոսքի ուժին եւ համոզված եմ, որ բանաստեղծությունն ու գրականությունն առհասարակ թերապեւտիկ ազդեցություն ունեն եւ օգնում են խաղաղվել, հարցեր ունենալ, պատասխաններ ստանալ կամ չստանալ։ Երբեմն հարց ունենալը քո ներսում ավելի լի վիճակ է ստեղծում, քան պատասխան ստանալը»։
«Ըստ վիճակագրության, տեսնես, քանի՞ մարդ է մնում, երբ նրանց ասում են՝ թող գնա, քանի մարդ չի թողնում մինչեւ վերջ խոսել ու համբուրում է...»:
«Նախատեսել եմ, որ այս նախագիծը երկարաժամկետ լինի, սա իր առաջին ծնունդն էր, ուզում եմ՝ այն ապրի ու շնչի, ես էլ՝ իրենով ապրեմ: Դեռ նոր ժամկետների մասին հստակ խոսել չեմ կարող, շատ կարեւոր էր նախադեպն ունենալ եւ դրանից հետո հասկանալ՝ ինչ քայլերով առաջ գնալ:
Փորձել եմ այնպես անել, որ ծրագիրը հնարավորինս հագեցած ու լեցուն լինի, գուցե, հետագայում այն խտացնեմ ու փոփոխություններ անեմ, որպեսզի երկրորդ անգամ դիտելու եկած մարդիկ էլ նոր բան բացահայտեն։
Որոշակի թեմաների բաժանումը պատահական է ստացվել, բայց բոլոր լսողներն էլ նշել են՝ ասես ֆիլմ դիտեն. աղջիկը նախ սիրահարվում, է հետո բաժանվում, կարոտում, տանջվում: Դա մտածված չեմ արել, ուղղակի փորձել եմ իրար կապել ցավից մինչեւ Աստված ընկած ճանապարհը»։
«Հայր մեր, եթե ինձ հիշում ես, մի անգամ հանդիպել ենք էն ամենասկզբում: Ես 50 սմ հասակ ունեի, 3 կիլոգրամից մի քիչ ավել քաշ․․․ Հիշեցի՞ր, բարձր կանչում էի քեզ՝ լացելու պես, եկար էդ պահին, ասացիր՝ ամեն ինչ լավ է լինելու, ու ես խաղաղվեցի: Արդեն քանի տասնամյակ էդպես խաղաղ եմ: Խնդրում եմ քեզ, բոլորին, ում կտեսնես 50 սմ կամ մի քիչ ավել կամ պակաս, նույնն ասա, որ խաղաղվեն, որ աշխարհը խաղաղվի…»:
«Պատահական չէ, որ միջոցառումն ավարտվեց Լիլիթ Բլեյանի «Հայր մեր» ստեղծագործությամբ: Այն ինձ համար զրույց է Աստծո հետ, ու ցանկանում եմ, որ այդ զրույցը բոլորն ունենան, որովհետեւ միայն Աստծուն գտնելով կարող ես ինքդ քեզ գտնել։ Իմ կարծիքով՝ դա ամենաճիշտ աղոթքն է, ու բնավ էլ պետք չի աղոթելու համար եկեղեցիներ գնալ. գլուխը բարձին դնելուց առաջ բոլորն էլ ազատ րոպեներ են ունենում:
Ինձ համար կարեւոր էր, որ մարդն այստեղից լիացած ու ինքն իր հետ խաղաղ դուրս գա: Արտաքին աշխարհը մեզ անընդհատ դեպի դուրս է տանում ու այն պահերին, որ պիտի ներս գնանք, սկսում ենք ինքներս մեզ չհավատալ ու չվստահել: Իսկ ես շատ եմ ուզում, որ ամեն մարդ լսի իր սրտի ձայնն ու ինքն իրեն վստահի։ Դա միակ ճանապարհն է, որի շնորհիվ ավելի քիչ կսայթաքենք: Ուզում եմ, որ բոլորի հավատարիմ ճանապարհը սերը լինի»:
Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: