Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում այս գիշեր տեղի է ունեցել նորաձեւության ոլորտի տարվա կարեւոր իրադարձություններից մեկը՝ Met Gala-ն: Այս անգամ միջոցառման թեման սեւամորթ դենդիների (պճնված անձ) ոճն էր: Երեկոյի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է այդ ոճը փոխվել տարիների ընթացքում, եւ այն ուսումնասիրել երաժշտության, կինոյի եւ մշակույթի միջոցով:
Աստղային հյուրերի հանդերձները պետք է արտացոլեին «Կարված է ինձ համար» կարգախոսը, եւ մի քանիսն այդ հանձնարարությունը հիանալի կերպով են կատարել:
Աննա Վինտուրի հետ այս տարվա համանախագահներն էին դերասան Քոլման Դոմինգոն, ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը, ռեփեր A$AP Rocky-ն ու երգիչ Ֆարել Ուիլյամսը:
Քանի որ ցուցադրությունը նվիրված էր տղամարդկանց նորաձեւությանը, իսկ հյուրերի մեծ մասը կանայք են, ապա նրանք դասական կոստյումի տարատեսակ տարբերակներով էին: Դրանցով էին Քենդալ Ջենները, Հայլի Բիբերը, Մադոննան, Սուկի Ուոթերհաուսը, Զենդեյան:
Երեկոյի ամենահիշվող պահերից մեկը Ռիհաննայի հայտնվելն էր. իր սովորության համաձայն՝ նա ժամանեց միջոցառումը սկսվելուց 4 ժամ անց, երբ անգամ կարմիր գորգի պաշտոնական հեռարձակումն էր ավարտվել: Երգչուհին Met Gala-ն ընտրեց՝ հաստատելու իր երրորդ հղիության մասին լուրերը: Բավական կլորացած փորը Ռիհաննան ընդգծել էր Մարկ Ջեյքոբսի հեղինակած զգեստով:
Հյուրերն ամենաշատը հղում էին կատարել պարուհի եւ երգչուհի Ժոզեֆին Բեյքերին. նրա ոսկյա զգեստը գրեթե նույնությամբ Ջիջի Հադիդի համար վերստեղծել էր Միչուա Պրադան: Լեգենդար Բեյքերի կերպարը ոգեշնչել էր նաեւ Դուա Լիպային:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ գտնվել էին մարդիկ, որոնք անտեսել էին երեկոյի թեման ու միայն «Կարված է ինձ համար» դրես-կոդին էին հետեւել: Նրանց թվում էին Քիմ Քարդաշյանը, Նիկոլ Քիդմանը, Մայլի Սայրուսը, Լանա Դել Ռեյնը, Պամելա Անդերսոնը, Շակիրան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: