Բելգիական աշխարհահռչակ Hooverphonic խումբը պատրաստվում է երեւանյան բացառիկ երկու համերգին. այսօր նրանք «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
«Նոր երկրում առաջին անգամ համերգ տալը նման է առաջին ժամադրության, երբ դու հուսով ես, որ ամեն ինչ լավ կանցնի, բայց անհանգիստ ես, քանի որ չգիտես՝ ինչ անակնկալներ կարող են լինել»,- ասում է Hooverphonic-ի համահիմնադիր, երգահան, բաս-կիթառահար Ալեքս Կալյերը:
Մինչ Հայաստան այցելելը երաժիշտը լսել էր հայկական Ֆիլհարմոնիկի մասին, բայց չգիտեր, որ նվագախումբը 100-ամյա պատմություն ունի. «Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հուսով ենք, որ դրական էներգիա կփոխանցենք հայ հանդիսատեսին եւ միասին հրաշալի երեկո կվայելենք»։
Hooverphonic-ը Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքի սիրելի խմբերից է, եւ երբ տեղեկացավ, որ նրանք ելույթ են ունենալու Երեւանում, կապ հաստատեց ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետ, որպեսզի համերգներին դեսպանությունը նույնպես իր մասնակցությունը բերի:
«Խումբը հայտնի է ոչ միայն Բելգիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Նրանց երաժշտությունը միանգամայն այլ տրամադրություն ու լիցքեր է հաղորդում»,- նշել է Էրիկ դե Մույնքը:
Իհարկե, լեգենդար խմբի համերգն առանց աջակիցների չէր կարող տեղի ունենալ։ ԱրարատԲանկն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս համերգի շրջանակում միավորել են ջանքերը լսողության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու նպատակով. համերգին ուղղված ֆինանսական միջոցների մի մասը հատկացվելու է Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում կրթական պայմանները բարելավելուն:
Իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100-ամյակի հոբելյանական համերգաշրջանի ընթացքում խոստանում է՝ բացի դասական համերգներից, կլինեն նաեւ նմանօրինակ համագործակցություններ:
Լուսանկարը՝ facebook.com/armphilharmonic
«Պլանավորվում է համերգասրահի տեխնիկական լուրջ վերազինում, ինչը կհեշտացնի այսպիսի համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի լսարանի ընդլայնմանը»,- ասել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։
Այսօր երեկոյան Hooverphonic խումբը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Սեդրիկ Մուրատի, իսկ մայիսի 8-ին բեմում կլինի միայն բենդը:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: