×


Hooverphonic-ի երեւանյան համերգները՝ երաժշտական վայելք

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում Երեւանում ելույթ ունեցավ բելգիական աշխարհահռչակ Hooverphonic խումբը: Երկու օր նրանք երաժշտական տոն պարգեւեցին հայաստանյան հանդիսատեսին:

Նախ «Արամ Խաչատրյան» համերգասրահում էին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սեդրիկ Մուրատը, հաջորդ օրն արդեն բեմը միայն իրենցն էր: Հնչեցին «Mad About You» հիթն ու սիրված մյուս երգերը՝ ներկաներին անհավանական հույզեր պարգեւելով:


Մինչ Հայաստան այցելելը Hooverphonic-ի համահիմնադիր, երգահան, բաս-կիթառահար Ալեքս Կալյերը լսել էր հայկական Ֆիլհարմոնիկի մասին, բայց չգիտեր, որ նվագախումբը 100-ամյա պատմություն ունի. «Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հուսով ենք, որ դրական էներգիա կփոխանցենք հայ հանդիսատեսին եւ միասին հրաշալի երեկո կվայելենք»։


«Hooverphonic-ը խումբը Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքի սիրելի խմբերից է: Նա բեմից ողջունեց հանդիսատեսին. «Սա հիանալի հնարավորություն է Բելգիայի եւ Հայաստանի միջեւ երաժշտական կամուրջ կառուցելու համար։ Hooverphonic-ի «Eden» երգը տարիներ շարունակ հնչում է իմ գլխում»։


Ալեքս Կալյերն ասում է՝ չեն կարող տեղավորվել ժանրային որեւէ շրջանակում, եւ չեն էլ ուզում. «Մենք հայտնաբերում էինք 60-ականների փսիխոդելիան եւ գրում Ջեյմս Բոնդից ոգեշնչված երաժշտություն։ Եթե հարցնեք՝ ինչպիսի երաժշտություն ենք նվագում, պատասխան չեմ ունենա: Ռոք չէ, ջազ չէ։ Պարզապես երաժշտություն է։ Մենք չենք հավատում լեյբլներին»։


Հայ կատարողների շարքում, որոնց բելգիացի երաժիշտը հիշում է, Շառլ Ազնավուրն է. «Նրա ձայնում հայկական ոգի կար, նույնիսկ երբ ֆրանսերեն էր երգում: Ինչպես ասում են՝ երբեք մի թերագնահատեք ձեր արմատների ուժը»։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW