×


Իսպանացի հանրահայտ սոպրանո Այնոա Արտետան համերգ կտա Երեւանում

Այնոա Արտետան առաջին անգամ կներկայանա երեւանյան հանդիսատեսին: Իսպանացի հանրահայտ սոպրանոյի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ:

Երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը:


Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով եւ համակրելի արտաքինով երգչուհի է: Նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին եւ ստիպում կլանված հետեւել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Մեծ եւ աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում եւ համերգասրահներում:

Գլխավոր դերերով հանդես է եկել «Տրավիատա», «Բոհեմ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Մադամ Բաթերֆլայ», «Ադրիանա Լեկուվրեր», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Եվգենի Օնեգին» օպերաներում: Համագործակցել է մեծանուն դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Նիկոլա Լուիզոտտիի, Ջանանդրեա Դոզեդայի, Սըր Նեւիլ Մերիների, Քրիստոֆեր Հոգվուդի, Վասիլի Պետրենկոյի, Պաբլո Գոնսալեսի, Վիկտոր Պաբլո Պերեսի եւ ուրիշների հետ:


Արժանանալով հեղինակավոր մրցանակների, մի առիթով նա ասել է. «Ավելի ճիշտ կլիներ, որ ինձ արժանացնեին Փյունիկ մրցանակի, քանի որ ոչ ոք այսքան չի ընկել եւ վեր հառնել, որքան ես՝ այս տարիների ընթացքում: Վստահ եմ, որ միշտ այդպես է լինելու. ես պայքարող տեսակ եմ»:

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW