Էմին Թորոսյանն այսօրվանից Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը չէ. տեղեկանում ենք թատրոնի տարածած հաղորդագրությունից:
«Այսօրվանից՝ մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երեւանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում»,- նշել է Էմին Թորոսյանը:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանից ստացած որոշմանը՝ նա հայտնել է, որ այս պահին առավել կարեւորում է շնորհակալություն հայտնել աջակիցներին. «Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության եւ դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության եւ նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու»:
Էմին Թորոսյանը շեշտել է, որ հարազատ թատրոնի բոլոր աշխատակիցների հետ համատեղ 7-ամյա գործունեության ընթացքում միասին ստեղծել ու բեմ են բարձրացրել նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ. «Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջին հերթին կարեւորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: